Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախում բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները կրակային պատրաստում կանցնեն. Արցախի 2021 թ. բյուջեում 30 միլիոն դրամ է ավելացվել

Փետրվար 11,2021 17:01

Արցախի խորհրդարանն այսօր վերսկսեց պետական բյուջեի մասին օրենքի քննարկումը: Այն ներկայացրեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա ասաց, որ Արցախի պետական բյուջեում 750 միլիոն դրամով ավելացվել են քաղաքացիական պաշտպանության ծախսերը՝ դառնալով 1 միլիարդ դրամ: 10 միլիոն դրամով էլ ավելացել են տնտեսական զարգացման ծրագրի՝ այդ թվում այլընտրանքային էներգիայի ծրագրի ծախսերը:

Պետական նախարարն ասաց, որ 200 միլիոն դրամով կրճատվել են պատվիրակությունների ընդունելություններ բաժնի ծախսերը: Փոխարենն ավելացում են արել կրթության բաժնում. բարձր դասարանների աշակերտների եւ ուսանողների կրակային պատրաստում ծախսային ծրագրով նախատեսվել է 30 միլիոն դրամ:

20 միլիոն դրամով ավելացել են սոցիալական պաշտպանություն բաժնի սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրում ծախսային ծրագրի գումարները՝ քաղաքացիներին հոգեբանական ծառայության մատուցման համար: Նախատեսված 10 միլիոնի փոխարեն այժմ հատկացված է 30 միլիոն դրամ:

Պետական մարմինների տրանսպորտային ծախսերը մոտ 30 տոկոսով կրճատվել են: Ընդհանուր առմամբ կրճատված ծախսը կազմել է 150 միլիոն դրամ:

Գրիգորի Մարտիրոսյանի ներկայացմամբ, բյուջեի եկամտի հատվածում 2 միլիարդ 400 միլիոն դրամով ավելացվել է պաշտոնական դրամաշնորհներ ծրագիրը: Նախարարն ասաց, որ ծրագիրը ենթադրում է եկամտահարկի վերադարձ՝ ռեզիդենտ հանդիսացող ընկերությունների համար: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի հանրապետության կառավարության հետ, որն էլ ֆինանսավորելու է ծրագիրը՝ Արցախի կառավարությանը տրամադրված պաշտոնական դրամաշնորհի տեսքով: 2021 թվականի բյուջեում ամենախոշոր ավելացումը եղել է առողջապահության ոլորտի ծախսային մասով: Առողջապահության գումարներն ավելացվել են 3 միլիարդ 887 միլիոն դրամով՝ կազմելով 12 միլիարդ 537 միլիոն դրամ:

Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով, հունվարի 1-ից ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել եւ անվճար բուժօգնության տեսակներն ավելացել են: Գումարների ավելացումը նաեւ պայմանավորված է պատերազմական գործողություների հետեւանքով վերականգնողական օգնության ծառայություն մատուցելու անհրաժեշտությամբ:

400 միլիոն դրամով ավելացել են գյուղատնտեսական ծրագրերի ծախսերը, ինչը, ըստ պետական նախարարի, նպատակ ունի խթանել անասնապահական զարգացման ծրագրերը: Գումարները նաեւ կուղղվեն գյուղոլորտում նորարարության ու ձեռներեցության, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագրերին:

Նախարարի խոսքով, Արցախի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտն ավելացվել է 5 միլիարդ 90 միլիոն դրամով:

Բյուջեի վերաբերյալ Արցախի խորհրդարանի պատգամավորների ելույթները՝ քիչ անց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728