Սյունիքի մարզում սահմանազատումների հետեւանքով շատերը հողատարածքներ, ցանքատարածքներ եւ արոտավայրեր են կորցրել: Արդյոք կա՞ն հաշվարկներ, թե որքան են կազմել վնասներն ու ինչ է անում կառավարությունը՝ տնտեսվարողներին օգնելու համար: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն այս հարցերն ուղղեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին: Նա վստահեցրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, նախարարի բնութագրմամբ՝ շատ արդյունավետ աշխատում է եւ նախարարությունը փորձելու է այնպես անել, որ տնտեսական վնասներ չլինեն. «Իհարկե, հողեր ենք կորցրել, որտեղ նախկինում գյուղատնտեսությամբ էին զբաղվում, բայց մեր ամբողջ աշխատանքն այն է, որպեսզի չեզոքացնենք այդ վտանգները»:
Նախարարն ասաց, որ հունվարի վերջին Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի իր այցի ժամանակ հանդիպել է բազմաթիվ տնտեսվարողների հետ, նրանց բարձրացրած խնդիրների մի մասն արդեն լուծել են:
Արցախի պատերազմում կրած պարտության եւ այն մեղադրանքների մասին, թե մաս է կազմել ընդդիմադիրների նշած «դավաճան» կառավարությանը, այս հարցին էլ ի պատասխան Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ ինքն ու եղբայրները մասնակցել են պատերազմին, եղել են նաեւ Հադրութում. «Տեսել եմ այնտեղի իրավիճակը եւ հասկանում եմ, որ դա մեր ամբողջ սերնդի 30-ամյա գործողությունների հետեւանքն է: Իհարկե, կա կառավարություն, որը պատասխանատու է այն գործողությունների համար, որը տեղի է ունեցել իր կառավարման ընթացքում, բայց ես չեմ պատրաստվում որպես ՀՀ քաղաքացի իմ պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա, եւ միայն իմ աշխատանքով եմ ծրագրում շտկել իրավիճակը»:
Նա ասաց՝ եթե մենք ունենայինք ամուր բանակ եւ բնակեցված տարածքներ, այլ ոչ թե այն, ինչը եղել էր շատ վայրերում, ապա այլ արդյունքներ կգրանցեինք:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ