Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն այսօր Արցախի խորհրդարանում տեղի ունեցած 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դժգոհություն հայտնեց, որ իրենց խմբակցության մի շարք առաջարկներ կառավարությունը հաշվի չի առել: Նա իրենց կարեւոր նախագծերից համարեց կորոնավիրուսի եւ այլ ինֆեկցիաների դեպքում համապարփակ օգնություն տրամադրելու եւ բուժհաստատությունում ստացիոնար բաժանմունքը լիցքաթափելու նպատակով ինֆեկցիոն հիվանդանոցը վերանորոգելու առաջարկը, որի համար կպահանջվի 100 միլիոն դրամ գումար: Սակայն, ըստ Դավիթ Գալստյանի, կառավարությունը պատասխանել է, որ առաջարկությունը կքննարկվի տարվա ընթացքում:
«Այսինքն՝ ամբողջ աշխարհն այսօր կորոնավիրուսի դեմ պայքարն առաջնահերթ է դիտում, մենք դեռ կքննարկենք՝ կտեսնենք սա առաջնահե՞րթ է, թե՞ ոչ: Որը որ անընդունելի է»:
Իրենց մեկ այլ առաջարկի մասին էլ ասաց. «Արցախում զբոսաշրջությունը զրո մակարդակի վրա է, հետագայում որոշակի ծրագրեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք տեղի երիտասարդությանը զբաղեցնենք: Այդ նպատակով առաջարկել էինք ակադեմիական թիավարում իրականացնել Սարսանգում եւ այդ նպատակով կատարել 35 միլիոն դրամի ներդրում:
Կառավարությունը պատասխանել է, որ ակադեմիական թիավարումը որպես օլիմպիական սպորտաձեւ պահանջում է ֆինանսական մեծ ներդրումներ, որ 35 միլիոն դրամն անբավարար է այդ սպորտի համար ու վերջ: Չի կարելի այսպիսի մոտեցում կառավարության կողմից, այն դեպքում, երբ խոսում ենք սոցիալական ծրագրերի ներդրման մասին»:
Կարդացեք նաև
Դավիթ Գալստյանն ասաց, որ կառավարությունն անհիմն է մերժել իրենց առաջարկները եւ որեւէ հիմնավոր բացատրություն չի տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ