Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում կրքերը լարված են, դասադուլն ու գործադուլը շարունակվում են: Փետրվարի 11-ին աշակերտները կրկին դպրոց էին եկել, բայց ոչ թե սովորելու, այլ նոր նշանակված տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ բողոքելու: Աշակերտները շարունակում են վանկարկել «հեռացիր»՝ ուղղված նորանշանակ տնօրենին, նաեւ վանկարկում նախկին տնօրեն Բաբայանի ազգանունը:
Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը կրկին ուղիղ միացմամբ ներկայացրեց իրավիճակը:
Նույն օրը նաեւ տեղի ունեցավ ուսուցիչների ճեպազրույցը, որով արձագանքում էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:
Կարդացեք նաև
«Մենք բոլորս մեկ մարդու պես պատրաստ ենք կիրակի օրերին էլ լինել դպրոցում, շարունակել դասապրոցեսը, վերականգնել այն ամենը, ինչ բաց է թողնվել»,-ասաց Հայկ Փայտյանը՝ խնդիրը լուծելու պայմանով: Նրա խոսքով նախարարը պետք է հանդիպի ուսուցիչների հետ, մինչդեռ նպատակահարմար է գտել անպատասխան թողնել 25-ից ավելի ուսուցիչների դիմումը. «Եվ այդ մարդն ասում է, որ ամենաբարձր պաշտոնը ուսուցիչն է»:
Ճեպազրույցում Հայկ Փայտյանը նշեց, որ ծնողների եւ աշակերտների ստորագրությամբ գրություն էին հանձել նախարարին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել անմիջական շահառուների կարծիքը, հանդիպում է եղել նաեւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ
Ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանը նշեց, որ ինքը երեք ուսուցչի եւ մեկ ծնողի հետ հանդիպել է փոխնախարարի հետ: Ընդգծեց, որ ոստիկաններն էլ կարող են փաստել, թե ինչ կազմակերպված են եղել իրենց բողոքի գործողությունները դպրոցում, երբեք չեն խախտել հասարակական կարգը:
Փոխտնօրենի խոսքով, Ժաննա Անդրեասյանի հետ նորմալ մթնոլորտում է զրույցն ընթացել, նա խոստացել էր հարկ եղած դեպքում իր մոտ հրավիրել երկու հավակնորդներին, նաեւ խոստացել է կոլեկտիվի կարծիքը փոխանցել նախարարին: Արմեն Ավագյանը վստահեցնում է, որ մինչեւ փետրվարի 2-ը, ներառյալ` դպրոցում կրթական գործընթացը բնականոն հունով է ընթացել:
Հայկ Փայտյանն էլ ասում է, որ մանկխորհրդի նիստով էին միաձայն որոշել օրինական գործադուլի դիմել, որովհետեւ նրա ձեւակերպմամբ, եղել է բարոյահոգեբանական խաթարված միջավայր, չեն արձագանքել իրենց դիմումներին. «Այժմ կոլեկտիվը պատրաստ է անժամկետ գործադուլ անել, քանի դեռ հարցը չի լուծվել, որովհետեւ 26 ուսուցչի դիմում անպատասխան է թողնվել»:
Ուսուցիչներից Արմինե Սմբատյանի ասելով, նախարարի հնչեցրած կարծիքն իրենց գործողությունների մասին վիրավորական էր. «Մենք մտավորականներ ենք եւ կարծում ենք՝ մեր բարձրացրած ձայնը, խնդրանքը պետք է պատշաճ վերաբերմունքի արժանանա: Իսկ նորանշանակ տնօրենի վարքագիծը վայե՞լ է տնօրենին եւ ուսուցչին, ամեն ինչ ուղիղ եթերով տեսնում եք»:
Հիշեցնենք, որ դպրոցում տնօրենի ընտրություններին մասնակցած գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու այլ դպրոցում աշխատած Քարմիլե Առաքելյանը դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ հավաքել էին 4-ական ձայն։ Քանի որ այդ պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը ԿԳՄՍ նախարարին է վերապահված, նա էլ հավանությունը տվել է Քարմիլե Առաքելյանի թեկնածությանը։ Դա հարուցել էր կոլեկտիվի դժգոհությունը:
Ի դեպ, ՄԻՊ-ը վարույթ է նախաձեռնել դպրոցում ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Կփորձենք ներկայացնել նաեւ մյուս կողմի տեսակետը: