Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագիծը թյուրընկալումների տեղիք է տվել». հանրահավաք ի պաշտպանություն Արմեն Դարբինյանի

Փետրվար 11,2021 14:08

Հայ-Ռուսական համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքի իր էջում բաց նամակ էր հրապարակել ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով իր հանդեպ ճնշումների վերաբերյալ: Նա գրել էր, որ իրեն ստիպում են հրաժարական տալ:

Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և շրջանավարտներն անհամաձայնությունն արտահայտելով համալսարանի ռեկտորի հանդեպ «գործող վարչակազմի կողմից իրականացվող ճնշումների» վերաբերյալ՝ փետրվարի 11-ին համալսարանի առաջ հանրահավաք անցկացրին:

Բուհի գիտության գծով պրոռեկտոր, ռեկտորի պաշտոնակատար Պարգեւ Ավետիսյանը ափսոսանք հայտնեց, որ համավարակի, Արցախին ու Հայաստանին պարտադրված լայնածավալ պատերազմի պատճառով՝ ուսանողության հետ ուղիղ շփումը ժամանակավորապես խզվել էր, հնարավոր չէր անցկացնել գիտական քննարկումներ: Նա ցավակցություն հայտնեց Արցախյան երկրորդ պատերազմում որդիներ կորցրած մայրերին, ասաց, որ բոլորը պետք է իրականություն դարձնեն հերոսների երազած Հայաստանը, ապա մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելուց հետո՝ անդրադարձավ հավաքի թեմային:

«Հայաստանի ուսանողությունը, ՀՀ լավագույն ուժերը չեն կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում այս փուլում, երբ սերունդներին բազմաթիվ խնդիրներ են բաժին հասել»,-ասաց պրոռեկտորը: Նա հավելեց, որ ՀՌՀ-ն արդեն 20 տարի եղել է բարձր ակադեմիականության եւ պրոֆեսիոնալիզմի դիրքերում, եղել է ազատության արժեքների կրողը եւ միշտ հեռու մնացել քաղաքական կրքերից: Շեշտեց, որ ՀՌՀ-ը հայկական, ռուսական կրթության լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է, որը բարձր դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Պրոռեկտորն ընդգծեց, որ համալսարանի հաջողությունների եւ միջազգային հեղինակության մեջ մեծ դերակատարություն ունի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով, ոչ միայն ՀՌՀ-ի, այլեւ ընդհանրապես երկրի բոլոր համալսարանների առջեւ հսկայական խնդիրներ են ծառացել, եւ բուհերը չեն կարող անմասն մնալ այն գործընթացներից, որ ընթանում են Հայաստանում: «Մենք որպես գիտնականներ, դասախոսներ, գիտակցում ենք, որ առանց համալսարանական, ակադեմիական հանրության, առանց գիտական հարթակների գործարկման երկրի արդյունավետ զարգացումը, կառավարումը, անվտանգությունը բոլոր ձեւաչափերում անհնար է»,-ասաց պարոն Ավետիսյանը եւ կոչ արեց հաշվի առնել Հայ-ռուսական համալսարանի միջպետական կարգավիճակը:

Անդրադարձ եղավ նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծին, որը Պարգեւ Ավետիսյանի խոսքով՝ որոշակի թյուրընկալումների տեղիք է տվել համալսարանական, ակադեմիական հանրության շրջանում՝ բուհական համակարգի կառավարման մոդելի եւ այլ տեսանկյուններիցԼ «Մենք հույս ունենք, որ մեր առաջարկները, ռուսական, հայկական կրթական լավագույն փորձը եւ միջազգային ձեռքբերումները հաշվի կառնվեն եւ կներդրվեն օրենքի նախագծում»,-հույս հայտնեց նա: Պրոռեկտորը նաեւ կոչ արեց ստեղծել հայ-ռուսական համատեղ լաբորատորիաներ՝ անվտանգային հարցեր լուծելու համար:

Նա նշեց, որ պատերազմից հետո նոր խնդիրներ են առաջ եկել՝ երկրի կառավարման, հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման առումով, ասաց, որ պետք է ավելի խորացնել փոխգործակցությունը՝ այն չանվանելով զուտ ռազմավարական-դաշնակցային:

Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմինե Քյուփելյանը նշեց, որ անհանգստացած են բուհի եւ պրոֆեսոր, ռեկտոր Արմեն Դարբինյանի անվան շուրջ գործընթացներից: «ՀՌՀ-ը իր գործունեության բոլոր տարիներին առանձնացել է յուրահատուկ մթնոլորտով եւ կրթական մոդելով»,-նշեց նա՝ շեշտելով, որ այդ արժեհամակարգի հիմնադիրը Արմեն Դարբինյանն է:

«Մենք ուսանողներս խորին անհանգստություն ենք հայտնում նաեւ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծի, ինչպես նաեւ ՀՀ բուհերի կառավարման գործընթացում ուսանողների եւ ուսանողական կառույցների ներգրավվածության վերաբերյալ՝ նոր օրինագծի հետ կապված: ՀՌՀ-ը իր գործունեության բոլոր տարիներին եղել է ապաքաղաքականացված՝ խրախուսելով ակադեմիական ազատությունները: Այստեղ բոլոր որոշումներն ընդունվել են ի շահ ուսանողների, ի շահ համալսարանի, կրթության եւ գիտության զարգացման, մեր համալսարանում միշտ իշխել է ուսանողամետ քաղաքականությունը՝ հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր ուսանողի ազատությունը բացարձակ արժեք է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728