Կառավարությունն այսօր հաստատեց լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու եւ լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու որոշումը։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացնելիս՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ ծրագիրը բավական պահանջված է, այն մեկնարկել է 2018 թվականին, եւ դրանից հետո կառավարության տարբեր որոշումներով ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, օրինակ՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարը 230 միլիոն դրամ վերին շեմը դարձել է 450 միլիոն դրամ: Կառավարությունն այսօր որոշեց՝ լիզինգով ձեռք բերվող սարքավորումների արժեքի հանրագումարի առավելագույն շեմ սահմանել 1 միլիարդ դրամը:
Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրի մեկնարկից հետո մինչեւ 2020 թվականի դեկտեմբերը հաստատվել է 201 շահառուի 293 լիզինգի հայտ՝ 8,9 միլիարդ դրամի չափով, եւ, ինչպես նախարարն ասաց, ձեռք է բերվել 750 միավոր սարքավորում, իսկ կառավարության տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ։ Ծրագիրը նաեւ գյուղատնտեսության խոշորացմանն է միտված, այսպես ասաց նախարարը, նշելով՝ այն շահագրգռելու է գյուղատնտեսներին, որպեսզի ավելի մեծ ծրագրեր ձեռնարկեն եւ բարձրացնեն իրենց արտադրողականությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ 2020 թվականին ՀՀ-ում երկու ոլորտում է աճ գրանցվել, ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է. «Եվ այս գործում, կարծում եմ, որոշակի դերակատարում ունի նաեւ այս ծրագիրը: Օրինակ՝ 2020 թվականի ընթացքում լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 միլիարդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա։ Սա բավական մեծ թիվ է Հայաստանի համար։ 2019-ին էլ մենք շատ հաջող ավարտեցինք այս ծրագիրը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ