Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և Հայաստանի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ արդյունքները։
Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ՄԱԶԾ–ն Հայաստանի համար հանդիսանում է անչափ կարևոր գործընկեր, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերը ունեն կենսական նշանակություն Հայաստանի համայնքների համար և մշտապես աչքի են ընկնում հաջողված փորձով։
Կարդացեք նաև
Նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։
Դմիրտրի Մարիյասինը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։
Մարիյասինը ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և երկրին մաղթել տնտեսական կայունություն և առաջընթաց։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն