Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Հոդված-3» ակումբում անդրադարձավ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծին, որը դժգոհությունների տեղիք է տվել: Նա նշեց, որ երկու օրենքների՝ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին, միավորումը այդքան էլ ճիշտ չէ. «Առաջին հայացքից թվում է, թե դրանք կապված են իրար հետ, բայց գոնե Հայաստանում, որպեսզի հետազոտականության գաղափարը լիարժեք ներդրվի բուհերում, պետք է նորմալ ֆինանսավորվեն համալսարանները:
Շաբաթական 16-20 ժամ դաս պարապող դասախոսի համար շատ դժվար է գիտությամբ զբաղվելը: Իհարկե, կարող է մի քանի հոդված գրել՝ լրավճար ստանալու համար, բայց լուրջ գիտությամբ զբաղվելու համար պետք է դասախոսին նորմալ ծանրաբեռնվածություն տալ: Էլ չեմ խոսում, որ դասախոսը մի կոնֆերանսի մասնակցելու համար պետք է մտածի, թե իր 16 ժամը ով է փոխարինելու, փոխհատուցման մեխանիզմներն էլ չկան: Դրա համար կարծում եմ, որ վաղ է այդ օրենքների միավորումը: Նույն տրամաբանությամբ կարելի է հանրակրթության ու բարձրագույն կրթության օրենքները միավորել, որպեսզի կրթության ամբողջականություն ապահովենք»:
Սերոբ Խաչատրյանի խոսքով. «Այն ինչ տեղի է ունենում այժմ, հիշեցնում է 2017-18 թթ՝ նույն օրենքի հետ տեղի ունեցած զարգացումները: Այն ժամանակ էլ վերջին պահին, երբ օրենքը մտավ կառավարություն, հանկարծ պարզվեց, որ ԵՊՀ-ն ստանում է հատուկ կարգավիճակ: Հիմա էլ ԱԺ-ից իմացանք, որ ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ: Եվ դա արվում էր, որպեսզի ռեկտորի, հոգաբարձուների խորհրդի հարցը լուծվեր: Նույն տրամաբանությամբ այստեղ եւս տեսնում եմ, որ իմաստը այն է, որ ոչ թե ԵՊՀ-ին բարձր կարգավիճակ տրվի, այլ ռեկտորի հետ կապված ինչ-որ խնդիր կա եւ փորձ է արվում առանձին կարգավորումով լուծել հարցը:
Ինքս էլ, լինելով ԵՊՀ դասախոս, ճիշտն ասած չեմ հասկանում օրենքով համալսարանին որեւէ կարգավիճակ տալու իմաստը, որովհետեւ ժամանակակից աշխարհում ամեն համալսարան ինքը պետք է նվաճի իր վարկանիշը, անունը, եւ պետք չէ օրենքով կարգավորել: 2018 թ. մյուս փոփոխությունն էլ եղավ այն, որ վերջին պահին պարզ դարձավ, որ ամեն դեպքում բուհերի խորհուրդներում կարող ենք ունենալ մեկ-երկու քաղաքական գործիչներ: Այս անգամ էլ պարզ դարձավ, որ հոգաբարձուների խորհրդում կառավարությունն ունենում է 50+1 ձայն, որովհետեւ մինչեւ դա քննարկվում էր 50/50 տարբերակը, սակայն նախարարությունը փորձեց բուհերից ձայն խլել այն իմաստով, որ արդեն բուհի կողմից ոչ միայն պետք է առաջադրվեն դասախոսներ եւ ուսանողներ, այլեւ համագործակցող կազմակերպության ներկայացուցիչներ: Այսինքն` այդ ձեւով փորձեցին բուհերի 50 տոկոսը մի քիչ պակասացնել, երեւի դա էլ չհերիքեց, հիմա ավելի ակնհայտ գնացին 50+1-ին»:
Կարդացեք նաև
Կրթության փորձագետը հետեւյալ կարծիքին է. «Երբ իշխանությունները օրենք են գրում, իրենք պետք է երկու բան հաշվի առնեն. առաջին, որ իշխանությունը վատն է, եւ երկրորդ, որ իրենք միշտ չէ, որ լինելու են իշխանության: Օրինակ` նախկին իշխանությունները բողոքում են դատական համակարգից, բայց եթե ժամանակին մտածեին, որ հավերժ չեն լինելու իշխանության եւ կարող է մի օր էլ իրենք հայտնվեն դատարանում, գուցե ունենայինք ավելի լավ դատական համակարգ:
Նույնը կուսակցականացումն էր, որ նախկինում կար: Հիմա նույն ձեւով այս իշխանությունն էլ պետք է մտածի, որ վաղը ինքն էլ է ընդդիմություն դառնալու, եւ եթե իրենցից մեկն ուզենա ռեկտոր դառնալ, եթե անգամ ամբողջ բուհն իրենց երկրպագի, այդ չորս ձայնը չի հերիքելու: Որպես նախկին իշխանություն ամեն ինչ արվելու է, որ իրենք չընտրվեն»:
Կրթության փորձագետի ձեւակերպմամբ. «Քանի որ իշխանությունը այժմ մտածում է, որ իրենք լավն են ու արդար, ապա 5 ձայն ունենալու դեպքում բուհերը կունենան լավ ռեկտորներ: Ընդունենք, որ լավն են, իսկ եթե վաղը գա մի իշխանություն ու գտնի 5 մարդ, բերի՝ դնի խորհրդում ու չգիտեմ ում էլ դնի ռեկտոր, ի՞նչ է լինելու: Էլի համակարգը դառնալու է կուսակցականացված»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ