Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես անցնում եմ Գեւորգ Պետրոսյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմը, պետք է լրջորեն մտածել այդ մասին». Արարատ Միրզոյան

Փետրվար 11,2021 12:47

ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի նախագիծն է քննարկվում, որով առաջարկվում է վիրավորանքի եւ զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնել՝ վիրավորանքի համար սահմանելով 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն: Կառավարությունն առաջարկում է 2 եւ 3 մլն դրամ սահմանել ու հաշվի առնել մարդու սոցիալականն վիճակը, գույքային դրությունը եւ այլն:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ չի ընդունում այդ տարբերակումը, որ եթե աղքատ է, ուրեմն պիտի քիչ փոխհատուցում տա. «Եթե աղքատը մեկին ասում է՝ «անբարոյականի վաստակ», միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ «ավանակի զուգընկեր», մի հատ էլ շատ հարուստ մարդ ասում է՝ «հայրենիքի դավաճան ես դու», այսինքն, հիմա ասում եք՝ կարեւոր չի, թե ինչ է վիրավորել, վիրավորողի սոցիալական դրությունով պայմանավորված սանկցիա պետք է կիրառել: Սա ի՞նչ տրամաբանություն է: Դուք օրենքի նախագիծ եք բերում, անհարմար չե՞ք զգում այս ամեն ինչի համար»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ընդհանրապես կողմ է, որ վիրավորանքը եւ զրպարտությունը քրեականացվի. «Օրինակ, այն օրը մի երկոտանի ինձ նամակ է գրել՝ «սաղ զոհերի մեղավորը դու ես»: Հիմա ես սրան որ տանեմ դատի տամ, դատարաններն եմ ընկնելու տարիներով: 3-4 տարի դատարաններով պիտի ֆռռա, որ Պետրոսյանը Գեւորգը Արցախի զոհերի մեղավորն է»:

Պատգամավորը առաջարկեց նորից հետ գնա նախկին կարգավորմանը ու քրեականացնել, որ վիրավորանքի ու զրպարտության համար արդարացի պատժի արժանանան:

Իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը Պետրոսյանին հիշեցրեց, որ նամակագրության համար չի կարող դիմել դատարան, վիրավորանքը, ըստ դատական նախադեպերի, պետք է լինի հրապարակային:

Արուսյակ Ջուլհակյանը նույնպես առաջարկեց մտածել զրպարտության, վիրավորանքի համար քրեականացման տարբերակի մասին՝ նշելով, որ հիմա մեր երկրում այլ իրողություն է, բացի այդ, ԵՄ 28 երկրներից 25-ում վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված է:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Ես անցնում եմ պարոն Պետրոսյանի եւ տիկին Ջուլհակյանի կողմը, պետք է լրջորեն մտածել այդ մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728