Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի քանի ընտանիք հեռացել էին Մեղրիից՝ կապված պատերազմական վիճակի հետ, բայց արդեն վերադարձել են». նորոգվում է Մեղրիի մանկապարտեզը

Փետրվար 11,2021 12:38

Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Մեղրիի շուրջ պտտվող խոսակցությունները, հնարավոր սահմանազատումները Մեղրիի տարածաշրջանում արտագաղթի խուճապ չեն առաջացնում։ Իհարկե, ըստ Մեղրիի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանի, «ժամանակավոր արտագաղթ, այնուամենայնիվ, արձանագրվել է»։

«Մասնավորապես, մի քանի ընտանիք հեռացել էին Մեղրիից՝ կապված պատերազմական վիճակի հետ, բայց արդեն վերադարձել են։ Չգիտեմ, հետոն ինչպես կլինի՝ բայց այս պահին մեր տարածաշրջանից արտագաղթ չկա»,–ասում է Արմեն Սամվելյանը։ Արտագաղթ չկա նաեւ այն պատճառով, որ մարդիկ զբաղվածության խնդիր չունեն, աշխատում են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, Մեղրիի տարածաշրջանային մաքսակետում։

Համայնքների խոշորացումից հետո (Մեղրիի համայնքի մեջ մտնում են Մեղրի եւ Ագարակ քաղաքները, ինչպես նաեւ 13 գյուղ՝ Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, ԿարՃեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն) Մեղրիի քաղաքապետարանը նախակրթարանների կառավարման գործընթացում կիրառեց Հայաստանում նախադեպը չունեցող պրակտիկա։ Մեղրիի եւ Ագարակի մանկապարտեզները դարձան հիմնական, բայց ունեն մասնաճյուղեր։

Ագարակի մանկապարտեզը

Այսպես, Մեղրիի նախակրթարանի մասնաճյուղեր են համարվում Վարդանիձորի եւ Լեհվազի մասնաճյուղերը, իսկ Ագարակինը՝ Կարճեւանի ու Շվանիձորի մասնաճյուղերը։ «Ընդհանուր առմամբ ստացվում է 6 մանկապարտեզ՝ հաստիքների խնայողությամբ։ Տնօրինություն, հաշվապահություն ունեն միայն հիմնական մանկապարտեզները, իսկ մասնաճյուղերն ունեն այն հաստիքները, որոնք անհրաժեշտ են երեխաների առօրյան ապահովելու համար»,-Aravot.аm-ի հետ զրույցում ասում է Մեղրիի համայնքի ղեկավարի տեղակալը։

Արմեն Սամվելյանի խոսքով, վարձավճարների մեջ տարբերություն չկա, ամսական վճարը 5000 դրամ է, իսկ հաճախելիությունը 500-600 երեխա։ Սաների թվի տատանումը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ․ծնողները նախընտրում են երեխաներին մանկապարտեզ չտանել։ «Խոշորացումից հետո համայնքի ավագանին որոշեց, որ բոլոր համայնքներում գործելու է միասնական վարձավճարներ բոլոր ոլորտներում»,–ասում է Արմեն Սամվելյանը։

Վերջինս ավելացրեց, որ ներկայումս Մեղրիի մանկապարտեզի շենքը նորոգվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728