Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովհաննիսյան. «Պետությունը միշտ էլ ունեցել է վերահսկողություն բուհերի վրա»

Փետրվար 11,2021 12:20

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը կրքեր է բորբոքել, մասնագետների համոզմամբ՝ այն վտանգում է բուհերի ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը: «Հոդված 3» ակումբում թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ օրենքը նոր չէ եւ նախկին իշխանության օրոք էր բերվել խորհրդարան, սակայն ժամանակին մերժվել էր զուտ մեկ-երկու դրույթի համար:

«Հիմնականում ռեկտորների տարիքը դարձավ խնդիր, որոնք կարողացան այն ժամանակ կանխարգելել օրենքի ընդունումը: Դրանից հետո օրենքը բավականին երկար քննարկումների ենթարկվեց, խորհրդարանական լսումներ եղան, մոտ 25 տարբեր փոփոխություններ արվեցին»,-նշեց նա:

Հովհաննես Հովհաննիսյանը հավելեց, որ ի թիվս այլնի՝ բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հավատարմագրման, լիցենզավորման պահանջի հետ կապված, սակայն քննարկում, թե ինչ կտա օրենքը զուտ կրթության բովանդակության տեսանկյունից, չի եղել ԱԺ քննարկման ժամանակ. «Կենտրոնացանք մեկ-երկու հարցի վրա, որոնցից մեկն էլ բուհերի կառավարման խնդիրն է»:

Նրա կարծիքով. «Օրենքն ունի բազմաթիվ դրույթներ, որոնք եթե բուհի ռեկտորները կարողանան ճիշտ կիրառել, համարձակ փոփոխություններ անել, հնարավոր է դա բերի դրական փոփոխությունների: Սրանով է պայմանավորված պետության որոշակի դերակատարությունը: Պետությունը միշտ էլ ունեցել է վերահսկողություն բուհերի վրա, բայց հեղափոխությունից հետո հստակ կարող ենք ասել, որ նույնիսկ կառավարության եւ լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամները ոչ միշտ էինք քվեարկում միաձայն, որովհետեւ չուղղորդված մարդիկ էին, ու արդյունքում երբեմն չէին ընտրվում ռեկտորները, ունենում էինք խնդիրներ մասնավորապես ԵՊՀ-ում, Շիրակի պետական համալսարանում:

Ի դեպ, խորհուրդների մեջ ներգրաված են եղել քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք դարձել են բուհի խորհուրդների նախագահներ՝ Վանաձորի, Շիրակի պետական համալսարաններում: Եվ ասել, որ իշխանությունն իր ձեռքն է վերցրել խորհուրդները, նշանակում է այդ մարդկանց վիրավորանք հասցնել»:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով. «Բուհի կառավարման ճիշտ մոդելը եռաստիճան համակարգը կլիներ: Հոգաբարձուներ, որոնց հիմնական խնդիրը բուհի համար գումարներ հայթայթելն է, ինչպես Ամերիկյան համալսարանի պարագայում, որտեղ են Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, երկրորդ աստիճանը կլիներ կառավարման խորհուրդը եւ երրորդը՝ ակադեմիական խորհուրդը: Մենք շատ լիազորության հատվածներ տեղափոխել ենք ակադեմիական խորհուրդ, եւ ակադեմիական խորհրդում ուսանողները պահպանել են 25 տոկոս մասնակցությունը»:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը համոզված է, որ այս անցումային փուլում պետությունը պետք է կարողանա որոշակի վերահսկողություն ունենալ. «Բոլոր բուհերը պետական գույք են տնօրինում եւ պետությունից ֆինանսավորվում են, պետությունը չի կարող ձեռքերը լվանալ եւ ասել, որ որեւէ կերպ մասնակցություն չի ունենում»: Նա վստահեցրեց, որ նախագծի առաջին, երկրորդ ընթերցումներից հետո ընդունելության հետ կապված՝ բուհերը լիազորություններ կմեծանան:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ ամբողջովին բացասական կարծիք չի կարելի հայտնել, որովհետեւ ծավալուն փոփոխություններ են բերվել այդ փաթեթով, սակայն, միեւնույն ժամանակ նշեց, որ որոշ սկզբունքային հարցեր հանրության լայն շրջանակներում լուրջ քննարկումների առիթ են դարձել: Ասաց նաեւ, որ օրենքի փոփոխությամբ հետաքրքրված հիմնական շահառուներն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել գործընթացից, իսկ իրենց ներկայացրած առաջարկները համապատասխան մարմիններին, կառավարությանը, ԱԺ համապատասխան հանձնաժողովին, անպատասխան են մնացել:

Աննա Կոստանյանին եւս մտահոգում են բուհի կառավարման խորհրդի կազմը եւ բուհական ինքնավարությունը խաթարող կարգավորումները, որոնք, նրա խոսքով, պայմանավորված են հայեցակարգային մոտեցումների բացակայությամբ. «Այս նախագծում եղած կարգավորումները կարելի է որակել որպես հատվածական կարգավորումներ, նաեւ գիտական կազմակերպությունների կարգավիճակի մասով խնդիր եմ տեսնում: Օրինակ պարզ չէ, թե ԳԱԱ-ի լուծարման պարագայում նրա մեջ գործող գիտական կազմակերպությունները, ինստիտուտները ինչ կարգավիճակով են հանդես գալու, ինչպես են համագործակցելու բուհերի հետ, ինչպես են լուծվելու ֆինանսավորման հարցերը»:

Բուհական ինքնավարության սկզբունքի ոտնահարման մասին խոսելիս՝ հիշեցրեց ՀՀ Սահմանադրության, Բոլոնյան սկզբունքների եւ այդ համատեքստում ստորագրված միջազգային փաստաթղթերի մասին, որոնցով մեր երկիրը երաշխավորություն է տրվել բուհական ինքնավարությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728