Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց կենսամակարդակը վատանում է, ֆեյքերը շատանում են, տուգանքները՝ բարձրանում, ո՞րն է տրամաբանությունը». Ալեն Սիմոնյանի նախագծի քննարկումը

Փետրվար 11,2021 12:09

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու եւ զրպարտության, վիրավորանքի համար պատժաչափերը մեծացնելու: Վիրավորանքի համար առաջարկվում է պատիժ սահմանել 5 մլն դրամ, զրպարտության համար՝ 10 մլն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ալեն Սիմոնյանին հարցրեց. «Դուք ազնի՞վ եք զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում»: Սիմոնյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես միշտ ազնիվ եմ եւ կարող եմ ասել, որ շատերը, այդ թվում՝ նաեւ դուք ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե դա ես ցանկանամ»:

Սամսոնյանը արձագանքեց. «Ես ուրախ եմ ձեր վերածննդի համար»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեգնեց. «Օրը ոնց որ լավ էր սկսել»:

Կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ դատարանները կիրառում են առավելագույն դեպքում 50-150 հազար դրամի փոխհատուցման պատժաչափ, ուստի առաջարկում են, որ խոսքի ազատության եւ պատվի, արժանապատվության սահմանադրական արժեքների միջեւ համարժեքություն լինի: Ըստ նրա, վիրավորանքի համար պետք է սահմանել 2 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 3 մլն, որովհետեւ հաշվի պետք է առնել նաեւ ՀՆԱ-ի չափը:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հարցրեց՝ սա ինչքանո՞վ է իրատեսական՝ 5 մլն դրամ պատժել վիրավորանքի համար. «Հա, ասենք, զրպարտությունը դրեք 10 մլն, ես կողմ եմ, որովհետեւ զրպարտությունը անբարոյականության ամենավերջին դրսեւորումներից մեկն է: Հլը ինչ-որ տեղ վիրավորանքը կարող է լինի զայրույթի արդյունք, էմոցիայի, բայց զրպարտության համար կողմ եմ, որ ազատությունից անգամ զրկվի»: Փոխնախարարը պատասխանեց, որ 2-3 մլն-ը նորմալ է: Իսկ նրանց դեպքում, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, պետք է հաշվի առնվի գույքային դրությունը: Գեւորգ Պետրոսյանը տրամաբանություն չէր տեսնում. «Մարդկանց կենսամակարդակը վատանում է, ֆեյքերը շատանում են, տուգանքները՝ բարձրանում, ո՞րն է տրամաբանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728