«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի համոզմամբ՝ Հայաստանին ֆինանսական միջոցներ էին անհրաժեշտ երկրի առաջ ծառացած բավականին լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար, ուստի դրական քայլ է համարում 3.8 տոկոսով 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը։
Խոսելով արտաքին պարտքի ներգրավման միջոցով ընթացիկ ծախսերի՝ աշխատավարձ, թոշակ, նպաստ բաժանելու քաղաքականության մասին, Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ, ըստ ՀՀ բյուջեի մասին օրենքի, եթե արտաքին պարտքը հատում է ՀՆԱ-ի 60 տոկոսը, այլևս թույլ չի տրվում արտաքին պարտքը ծախսել ընթացիկ ծախսերի համար, ուստի, նախևառաջ, պետք է փոխել օրենքը, որովհետև մեզ մոտ արտաքին պարտքը գերազանցում է օրենքով սահմանված չափը, սակայն այդ պարտքով իրականացվում են ընթացիկ ծախսեր, որոնք ունեն մշտական դառնալու սովորություն։
«Այո՛, կարող ես այս տարի այդ պարտքով ընթացիկ ծախսերը կատարել, բայց պետք է ներկայացնել ծրագիր, թե ի՞նչ է լինելու հաջորդ տարվա համար։ Ես հիմա նման ծրագիր չեմ տեսնում, ավելին, մենք ունենք մի բյուջե, որը չի էլ արտացոլում մեր իրականությունն առհասարակ»,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այսօր կա լրջագույն խնդիր բյուջեի վերանայման ու ցավոտ լուծումների գնալու։
«Քաղաքականության փոփոխությունը լինելու է շատ ցավոտ. ցավը կարող է հասնել ամեն ինչին. օրինակ, 2023 թվականին ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ՝ առանց աշխատունակ բնակչության թվի աճի, ուստի, եթե մենք հաշվի առնենք նաև հնարավոր միգրացիան ու այս պատերազմի հետևանքով աշխատունակ հատվածի թվի նվազումը, ապա այսօր պետք է հասարակությանը պատրաստենք, որ 2023 թվականին ունենալու ենք խնդիր, չենք կարողանալու կենսաթոշակային մակարդակն ապահովել, ուստի եկեք պայմանավորվենք, որ իմաստ ունի խոսել արդեն կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Տնտեսագետն անդրադարձավ նաև Հայաստանի ներդրումային միջավայրին ու նշեց, որ այստեղ տեսնում է լուրջ խնդիրներ։
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։