Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ նախանձի հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար». Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Փետրվար 11,2021 11:22

Տնտեսությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է: Տնտեսական իրավիճակն այսպես է գնահատում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը, որի հետ զրույցում մի շարք հարցերի ենք անդրադարձել: «Տնտեսությունը խորացող անկման փուլում է: Այն վատ վիճակում է, իսկ տնտեսական շարունակական անկումը բերելու է տնտեսական կոլապսի: Սա վատագույն սցենարն է, և ես տնտեսության վերաբերյալ բավականին վատ կանխատեսում ունեմ. հաշվի առնելով կառավարության ձեռնարկած քայլերը՝ տնտեսության վերականգնման նախադրյալներ չեմ տեսնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը՝ շեշտելով, որ կառավարությունը տնտեսական հակաճգնաժամային ծրագիր կա՛մ չի իրականացնում, կա՛մ պարզապես անունն է հակաճգնաժամային, բայց բովանդակային առումով նման բան չկա:

Անդրադառնալով մասնավորապես 750 միլիոն դոլարի պարտատոմսեր՝ եվրոբոնդեր թողարկելու որոշմանը՝ նա նշեց. «Երբ դեռ 2020 թ. սկզբին ավելացնում էին պարտքը, բոլորն անհանգիստ էին պարտքի մասով: Այդ ժամանակ տարբեր խողովակներով հայտարարեցի, որ պարտքից պետք չէ վախենալ, ուղղակի պարտքի ներգրավման և ծախսման ուղղությունները պետք է համադրել, և կտեսնեք՝ վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Բայց արդեն նախորդ փորձն աչքի առաջ ունենալով՝ կարծում եմ, այո՛, նոր ներգրավված պարտքն արդեն խիստ վտանգավոր է: Պետությունը եկամուտների բացակայության պայմաններում ծախսերը սպասարկելու երկու ուղղություն ունի. պետական գույքի վաճառք կամ պարտքի ներգրավում: Ըստ էության, գույքի տեսանկյունից արդեն ամեն ինչ վաճառված է, իսկ եթե գույք կա, հարց է, թե այդքան արագ գնորդ կգտնվի՞, թե՞ ոչ: Մյուս տարբերակը մնում է պարտքի ներգրավումը:

Եթե պարտքը ներգրավում ենք ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, ապա սա ռիսկային է, որովհետև այդ պարտքի վերադարձելիությունը կասկածի տակ է:

Հիմա պարտքի ներգրավում են իրականացնում, ու այդ պարտքի ներգրավման ծախսման ուղղությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա: Պարզ չէ, թե ինչ է լինելու, ուր է ուղղվելու: Եթե չեմ սխալվում, միակ պաշտոնական արձագանքն ԱԺ-ում արված «եթե պարտք չներգրավենք, ընթացիկ ծախսերն ինչպե՞ս սպասարկենք» հարցադրումն է: Եթե պարտքը ներգրավել են այդ տրամաբանությամբ, այսինքն, ընթացիկ ծախսը սպասարկելու համար, ապա մենք խոր խնդրի մեջ ենք: Չեմ նախանձի հաջորդ կառավարություններին, որոնք անգամ մեծ ցանկության դեպքում շատ լուրջ դժվարություններ կունենան այս անդունդից տնտեսությունը փրկելու համար»:

Ներդրող-պետություն-ներդրող հարաբերությունները մոտավորապես այսպիսին են. եթե միշտ սուտ, կեղծիք, ապատեղեկատվություն ու անկանխատեսելի վարքագիծ կա, տվյալ անձանց հետ որևէ մեկը հույս չի կապելու. կարճ ասած՝ այս կառավարությունն ու ներդրումներն իրարից խիստ հեռու են: Այս կառավարությունը տնտեսությունը դեպի անդունդ է տանում: Եթե ժամանակին ասում էինք՝ տնտեսությունն անդունդի եզրին է, ապա տնտեսությունն արդեն անդունդի եզրից իջել ու գլորվում է: Իրավիճակի դեմը շատ շուտ պետք է առնել, պետք է արգելակել:

Բայց ասել, որ կառավարության փոփոխությունը բավարար է, ճիշտ չէ: Կառավարության փոփոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Հաջորդ կառավարությունը պետք է ցույց տա, որ ունակ է լսելու, աշխատելու ու բարելավելու ներդրումային միջավայրը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728