Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հայրենիքին դավաճանես, դառնում ես հավերժ թափառող

Փետրվար 11,2021 14:00
Ruben Angaladyan

Երկրորդ հանրապետությունը, Երրորդ հանրապետությունը եւ ճարպիկները

Այս տարի մենք նշելու ենք հոբելյանը Երկրորդ հանրապետության, որը կառուցվել էր կոմունիստների օրոք եւ ամբողջովին կառավարվում էր Մոսկվայի կողմից: Ատելով Երկրորդ հանրապետությունը՝ մենք մեծ բավականությամբ ոչնչացնում ենք Երրորդ հանրապետությունը: Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կիսանկախ Երկրորդ հանրապետության քաղաքական փորձն ընդունելի չէ:

Բայց ծայրաստիճան հետաքրքիր է նրա բարդ եւ, որքան էլ տարօրինակ հնչի, հաջող տնտեսական եւ մշակութային ուղին, որը հիմնված էր նորագույն գիտատեխնիկական փորձի եւ ԽՍՀՄ բարձր մշակութային շերտի վրա: Մոսկվան հասկանում էր Խորհրդային Հայաստանի ներուժը եւ զիջումների գնում տարբեր կառուցվածքներում, օրինակ՝ սփյուռքի հետ քաղաքականության մեջ, կամ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում:

Սկսենք նրանից, որ հայ ժողովրդի ազգային պետական մոդելը դարեր ի վեր կրում է փակ բնույթ: Այժմ ուշադրություն դարձնենք, թե մենք ինչպես` քաղաքական եւ պետական նկատառումներից ելնելով, ազգային պետության կառույցն ամրապնդելու համար ընտրեցինք քրիստոնեությունը, կրոն, որն այդ ժամանակ եւ ոչ մի պետության կողմից չէր փորձառվել: Հետագայում մենք որոշեցինք, որ մեզ անհրաժեշտ են մեր սեփական լեզուն եւ այբուբենը: Եվ համաշխարհային մտքից հետ չմնալու համար, մեզ աշխարհից զատող այդ «պատում» նրանք պատուհան բացեցին դեպի այս աշխարհ՝ ստեղծելով ամենամյա «Թարգմանչաց տոնը», ինչը մեզ հնարավորություն տվեց ինտենսիվորեն շփվել այլ ժողովուրդների առաջադեմ մտքի հետ: Դա փակ պետությունում շփման ճիշտ գործիք էր, բայց ակնհայտորեն անբավարար … Հայ եկեղեցին, ամենայն հավանականությամբ, երեւակայական կամ իրական վտանգ զգալով այլ քրիստոնեական եւ ոչ քրիստոնեական եկեղեցիներից եւ դավանանքներից, դրանց ինտեգրվելուց ետ կանգնեց, առանձնանալով որպես զուտ ազգային Հայ առաքելական եկեղեցի:

Հայերը քաղաքական պատմություն գրել սկսեցին սովորելով ոչ թե հռոմեացիներից, այլ հույներից, որոնց մոտ այն գրականություն էր:

Այստեղից էլ համայն հայության մեր գլխավոր դաստիարակը՝ «Հայ ժողովրդի պատմությունը», որը գրված է որպես գեղարվեստական գրականություն, եւ ոչ որպես քաղաքական վերլուծություն: Դարեր շարունակ ժողովուրդը ընտելացավ իրադարձությունների քաղաքական եւ ռազմական վերլուծության բացակայությանը, որոնք հանգեցրին ժողովրդին ձեւավորող գլխավոր ուժի կորստին: Մենք խոսում ենք տարածքի մասին, քանի որ Հայրենիքը նախեւառաջ տարածք է` ազգի դաստիարակ եւ ազգի հիշողության պահապան:

Դարեր շարունակ կորցնելով այն՝ ժողովուրդը առասպելի է վերածել Հայոց Երկրի իրողությունը: Հայրենիքի առասպելը նույնպես դարձավ գրականություն:

Ամեն ինչ ունի հիշողություն, որը չպետք է խանգարի իրականությունը տեսնելուն: Ժամանակի հետ համադրության մեջ ամեն ինչ պետք է համարժեք լինի: Հայրենիքը ամեն ինչ ներծծում է եւ պահում հողի մեջ, եւ տարածքների կորստով մենք կորցնում ենք ինքներս մեզ: Բոլոր արժեքներից ամենակարեւորը Երկիրն է, ամեն ինչ երկրորդական է դրա համեմատությամբ: Երբ նրան դավաճանես, դառնում ես հավերժ թափառող … Այս իմաստով, անառակ որդու մասին Ռեմբրանդտի ցնցող պատկերը շատ ուսանելի է: Սա թափառողի կենսագրությունն է, սա երկխոսություն-լռություն է, սա նախնիների ժամանակն ու փորձն է, սա խոսք է Հայրենիքի մասին, ուր ապրում է նրա հայրը, սա հայրական տունն է, որը կանչում է իր որդուն:

Հենց Երկրորդ հանրապետությունը հայ ազգը աշխարհին ճանաչեցրեց որպես գիտական եւ տեխնիկական ոլորտներում եւ մշակույթում ամենաառաջատարներից մեկը: Ահա մի քանի վառ օրինակներ. «Հայաստանը Ուրարտուից մինչեւ մեր օրեր» ցուցահանդես Լուվրում, միջազգային գիտաժողովներ Բյուրականում՝ Արտերկրային քաղաքակրթությունների վերաբերյալ, համաշխարհային համբավ ունեցող գիտնականների ներգրավմամբ ստեղծվեց Մերգելյանի ինստիտուտը, որն էլեկտրոնիկայի ոլորտում հաջողությամբ համագործակցում էր ԱՄՆ-ի «ABM»-ի հետ:

Այս ամենը եւ բազմաթիվ այլ բաներ աշխատում էին Խորհրդային Հայաստանի բարձր հեղինակության վրա: Երկրորդ հանրապետությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է հավասարության գաղափարը օգնել ցեղասպանության որբերին: Հատկապես այն փոքր մասին, ովքեր դարձան գիտնականների փայլուն համաստեղություն, ինչպես հումանիտար գիտություններում, այնպես էլ հիմնարար ոլորտներում: 19-րդ դարում ճշգրիտ գիտությունների, ճարտարագիտության եւ տեխնիկայի բնագավառում ականավոր գիտնականներ չենք տեսնում: Երկրորդ հանրապետությունը Հայաստան բերեց ժամանակակից գիտությունն ու մշակույթը, ժողովրդին հնարավորություն տվեց ունենալ աշխարհում մեծ հեղինակություն վայելող գիտատեխնիկական ինստիտուտների մի ամբողջ շարք:

1988-ին հայ ժողովուրդը բացահայտ պայքարի մեջ մտավ Ադրբեջանի հետ` ստալինյան բոլշեւիկների սխալները շտկելու համար, իսկ 1994-ին հաղթականորեն ավարտեց իր առաքելությունը: Անկախության երեսուն տարիների ընթացքում, ազատ եւ անկախ ժողովրդի կողմից, դեմագոգիայից եւ երկրի փլուզումից բացի, ոչինչ չի արվել: Կրկնեմ, որպեսզի դուք իմանաք, Ադրբեջանի հետ առաջին պատերազմում Երկրորդ հանրապետությունը հաղթեց, նա էլ սգաց իր երեխաների եւ թոռների մահը երկրորդ, բայց արդեն պարտված պատերազմում… Երկրորդ հանրապետությունը կարողանում էր կրթել հայրենասերների:

Խորհրդային Միության փլուզմամբ, որի կազմում էր Հայաստանը, մենք տեսանք, թե ինչպես սկսվեց փլուզվել Երկրորդ հանրապետության հսկայական հզորությունը, բայց այն նաեւ ուժ ու ռեսուրսներ ուներ 1994-ին Ադրբեջանի հետ պատերազմը հաղթականորեն ավարտելու համար: Երկրորդ հանրապետությունը բաց էր աշխարհի համար, աշխարհայացքային միտքն ավելի ազատ էր, քան ԽՍՀՄ շատ այլ հանրապետություններում: Հայաստանի ներսում տարբեր շերտերի պահպանողականների միջեւ անտեսանելի պայքարն ավարտվեց «ճարպիկների» հաղթանակով, ինչը հանգեցրեց տնտեսության լիակատար փլուզմանը: Ովքե՞ր են «ճարպիկները»: Սա հայի այն տեսակն է, որը հույսը դնում է միայն իր վրա, եւ նրանք, ովքեր հույսը դնում են իրենց վրա, չեն կարող միավորվել, բացառությամբ ազգային պատմության մահացու պահերի:

Մոտավորապես 1990 թվականից սկսած ազգի մրցունակ մասը սկսեց լքել Հայաստանը: Ըստ էության, երկրին պետք չէր առաջադեմ միտք, եւ դա ոչ միայն վիրավորական էր հասկանալը, այլեւ սարսափելի տեսնելը: Ընդհանուր առմամբ ազգի աշխարհայացքային միտքը դարձել էր պահպանողական, այստեղից` մարդկային որակների կողմնակալ գնահատումը եւ իրականության թյուրըմբռնումը: Իշխանության եկան նրանք, ովքեր ավելի քան 30 տարի տարբեր ձեւերով ոչնչացնում են երկիրը, նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել պետականությունը: Երիտասարդները՝ ի դեմս իրենց առաջնորդների, սառնասրտորեն ոչնչացնում են հենց այն ավանդույթները, որոնք լիակատար գործում են ազգի, նրա միջուկի համար:

Ընթանում է իրական հայի ոչնչացման անշրջելի գործընթաց, նրանց կողմից, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում, զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ եւ անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերջնականապես ոչնչացվի, որպես պետություն:

Այժմ ուշադրություն դարձնենք Երրորդ հանրապետության վրա: Ինչով է այն զբաղված: Բյուրոկրատական ապարատը, տեսնելով, որ Երրորդ հանրապետությունում իրապես տեր չկա, ակտիվորեն թալանում եւ վաճառում է ամեն ինչ: Սա հանգեցրեց Հայաստանում ծանր ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ բնապահպանական աղետի: Միեւնույն ժամանակ, բանակը թալանվում է, մինչդեռ թշնամին ակտիվորեն եւ բացահայտ պատրաստվում է պատերազմի: Եվ այժմ թուլացած հայկական բանակն արդեն կռվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի եւ ներգրավված պակիստանցի, սիրիացի եւ այլ ավազակների դեմ:

Երրորդ հանրապետությունը հիմնովին ոչնչացրել է ազգի միջուկը (սա մոտ 25 հազար ընտանիք է)՝ վտարելով ավելի քան մեկուկես միլիոն հայերի: Անխղճորեն ոչնչացվում է ազգի կենսաբանական ամենակարեւոր տարրը՝ գյուղացիությունը:

Հիշեք. Աստված հորինեց գյուղը, իսկ մարդը՝ քաղաքը: Նման պայմաններում գոյատեւում են միայն նրանք, ովքեր հույսը դնում են իրենց վրա: Միայն նրանք էլ գոյատեւում են հանրային արդարության մեջ վակուում ստեղծելով: Նրանք զավթել են ամբողջ իշխանությունը պետության մեջ: Պետք է ասել, որ այս տարրը առկա է ցանկացած ազգի մեջ եւ նրանում կազմում է 5-ից 10 տոկոս: Իսկ մեզանում այսօր նրանք կազմում են ազգի 45 տոկոսը: Ինչպես կարող է այդ մեծամասնությունը միավորվել … Նրանք ճարպիկ են հայ ժողովրդի բոլոր խավերի մեջ, եւ եթե այս տեսակը բավականին հաճախ հաջողությունների է հասնում Հայաստանից դուրս, ապա Հայաստանում դա աղետ է: Նրանց մեջ անհնար է սերմանել կարգ ու կանոն: Հավաքական աշխարհայացքը կանխորոշում է մարդկանց եւ հասարակության զարգացումը: Ըստ նշանավոր պատմաբան Ն. Ադոնցի՝ հայ ժողովուրդը եւ հայ հայրենիքը տարբեր հասկացություններ են: Մեր հայրենիքն ավելի հետամնաց է, քան հայ ազգը:

Հայ ազգի աշխարհայացքի ուսմունքն այսօր խորը ընկճախտի մեջ է՝ վերացման եզրին: Գրեթե բացակայում է ազգային կամքը: Օրինակ՝ Ավստրալիայից մինչեւ Միացյալ Նահանգներ ամբողջ ժողովուրդը ցանկանում է մեկ բան` վռնդել վարչապետին եւ չի կարող գլուխ հանել այս պարզ առաջադրանքից: Այսօր Հայաստանի ներսում եւ նրա սահմաններից դուրս խոշոր անհատականություններ չկան: Ոչնչացվել են ազգի բոլոր ինտելեկտուալ ուժերը: Բայց հասարակությունը եւ մարդիկ դա չեն զգում: Մենք, որպես ազգ, երբեք չենք բարձրացնում ազգային կյանքի որակի հարցը:

Բոլորը գիտեն, որ ՄԵՆՔ ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ ԵՎ ԿԼԻՆԵՆՔ՝ առանց դնելու ամենակարեւոր հարցը` ԻՆՉՊԵՍ: Այսինքն՝ ո՞րն է հայկական կյանքի որակը: Եվ նաեւ, ո՞րն է այս կյանքի գինը: Զրո. քանի որ աղավաղված ընտրությունը շարունակվում է մի քանի դար: Եվ նաեւ: Մենք սիրում ենք ամեն ինչում առաջինը լինել, եւ ես ձեզ կբերեմ Ալբերտ Էյնշտեյնի միտքը, որը տեղին է եւ մեզ համար. «ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼ, ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ»:

Անհրաժեշտ է արմատական եզրահանգումներ անել, որպեսզի ազատվենք ոչ օբյեկտիվ ընտրությունից, որը ձեւախեղում է իշխանությունը եւ ոչնչացնում ազգային կյանքի լիարժեքությունը:

Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, փիլիսոփա
հունվար, 2021, ԱՄՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728