Պատերազմից հետո ՀՖՀՀ ուսանողները վերադառնում են քաղաքացիական կյանք եւ շարունակում կրթությունը, համալսարանն իր գործընկերների օգնությամբ ամեն ինչ անում է այս գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար։
Արցախյան երկրորդ պատերազմին, ի թիվս այլ երիտասարդների, իրենց մասնակցությունն են ցուցաբերել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները: «Առավոտը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ:
Ի՞նչ տվեց հայկական բանակում ծառայությունը, ի՞նչ փոխվեց նրանց կյանքում: Պատասխանելով այս հարցին՝ ՀՖՀՀ ուսանողներից Դավիթ Սարգսյանը նշում է. «Պատերազմից հետո ինչպես իմ, այնպես էլ շատերի կյանքում շատ բան փոխվեց. յուրաքանչյուր հայ պատերազմը վերապրեց յուրովի. ոմանք հարգանքի արժանի ձեւով անցան այդ փորձության միջով, իսկ ոմանք էլ ուղղակի ապացուցեցին, որ հայ կոչվելու իրավունք չունեն:
Ես եւ ինձ նման շատ շատերը, որոնք այդ ամենի միջով անցան հենց ռազմաճակատում, եւ հիմա գտնվում են արդեն այստեղ, կարծում եմ՝ լցվեցին կյանքի հանդեպ նոր սիրով եւ ինչ-որ տեղ ատելությամբ, նոր կորսված հույսերով եւ դրանից է՛լ ավելի ուժեղ երազանքներին հասնելու նպատակասլացությամբ: Պատերազմից հետո կյանքը վերաիմաստավորվել է յուրաքանչյուրիս համար, եւ ես կուզեմ միայն, որ բոլոր այդ մարդիկ սիրով հաղթեն իրենց մեջ եղած ատելությունը, նպատակներով հաղթեն կորցրած երազանքներին ու շարունակեն ապրել»:
Կարդացեք նաև
Դավիթից հետաքրքրվեցինք՝ զինվորական ծառայությունից հետո համալսարան վերադառնալը եւ վերաինտեգրվելը ինչպե՞ս ստացվեց, ֆրանսիական համալսարանը ինչպե՞ս նպաստեց, որ վերադարձը ուսանողական կյանքին ավելի դյուրին լինի: «Այնտեղից հետո ուսումնական կյանքին վերադառալը շատ անիրական եւ անիմաստ էր թվում, բայց ֆրանսիական համալսարանն այնքան նրբանկատորեն մոտեցավ խնդրին եւ այնքան հոգատարությամբ էր լցված մեզնից յուրաքանչյուրի հանդեպ, որ կարողացավ մեր մեջ պահել ուսման նկատմամբ հետաքրքրվածությունը եւ օգնել այն շարունակել: Ինձ համար կազմակերպվեցին հավելյալ դասընթացներ՝ բաց թողնվածը վերականգնելու համար, որոնց շնորհիվ էլ հիմա հանձնում եմ քննություններս»,- պատասխանեց երիտասարդը:
Հարցը՝ ուսումնառությունն ավարտելուց հետո պատրաստվում է մնալ Հայաստանո՞ւմ, թե՞ փորձելու է կայանալ այլ երկրում, զարմանք առաջացրեց Դավիթի մոտ: «Ինձ չեմ պատկերացնում այլ երկրում՝ թե՛ կայանալու, թե՛ ապրելու առումով: Հեռանալու հնարավորություններ շատ եմ ունեցել, սակայն միշտ գերադասել եմ մնալ հայրենիքումս, չնայած այն բոլոր հանգամանքներին, որոնք ասես ամեն օր մեզ ստիպում են հեռանալ այստեղից»,- պատասխանեց նա:
Համալսարանի ուսանողներից Խաչատուր Պողոսյանն ասում է, որ մի քանի նախադասությամբ դժվար է ներկայացնել եւ նկարագրել այն ամենը, ինչ իրեն տվել է հայկական բանակը։ «Գլխավորը, որ պետք է նշեմ, դա, իհարկե, ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ դրանց համար պատասխանատվություն կրելու հմտությունն է, նաեւ ամենակարեւորը՝ սովորել տիրապետել զենքին եւ մարտավարական արվեստին: Այսպիսով՝ հայրենիքին պարտքը տալը պետք է լինի յուրաքանչյուր զինվորի ամենավեհ պարտականությունը։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմին, ապա պետք է ասեմ, որ այն տալիս է մի շատ կարեւոր հնարավորություն՝ վերագնահատելու կյանքի արժեքավորությունը, ժամանակը եւ այն ամենը, ինչ ընձեռվել է քեզ»։
Ինչ վերաբերում է ծառայությունից հետո քաղաքացիական կյանքին եւ ուսմանը վերադառնալուն, Խաչատուրը հավելում է. «Զինվորական ծառայությունից հետո, իհարկե, բաց թողնելով երկու տարի եւ չմասնակցելով դասերին՝ ուսումնառությունն ակնհայտորեն դժվարանում է, ինտեգրումը համալսարանական կյանքին եւ ուսումնական պրոցեսին՝ նույնպես։ Սակայն, կարծում եմ, որ դա հերթական դժվարություններից է, որ պետք է հաղթահարի յուրաքանչյուր հայ զինվոր։ Այն մասին, թե ինչպես ֆրանսիական համալսարանը նպաստեց պատերազմից հետո իմ վերաինտեգրմանը, նշեմ, որ բացի այն ֆինանսական աջակցությունից, որը համալսարանն ինձ տրամադրեց մարտական ծառայություն կատարելու համար, նաեւ հատուկ իմ եւ մյուս նոր զորացրված ուսանողների համար մշակվեցին որոշակի ծրագրեր, որպեսզի ինտեգրումը լինի ավելի դյուրին»։ Խաչատուրն ընդգծում է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելը ընձեռում է մեծ հնարավորություն շարունակել ուսումը դրսում, ինչը, իհարկե, միշտ ցանկացել է, սակայն երբեք չի մտածել մշտական բնակություն հաստատել արտերկրում։
Նվեր Նավասարդյանի խոսքով՝ հայկական բանակում ծառայությունն իրեն տվել է քաջարի մարտական ընկերներ, ավելի բարձր մարտական պատրաստվածություն եւ պարտք՝ անմահացած ընկերների նկատմամբ` իրական դարձնելու հաղթանակը: «Պատերազմը իրերի եւ երեւույթների էությունը հստակ արտացոլող հայելի է, որտեղ արտահայտվում է թե՛ մարդկության ի բնե դաժանությունը եւ թե՛ հայ զինվորի գերբնական արիութունը, անձնազոհությունը եւ նվիրումը հայրենիքին»,- ասում է երիտասարդը: Նա գոհ է, որ ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպվել են լրացուցիչ դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն` ապահովելով իրենց բարեհաջող վերաինտեգրումը: Իսկ ընդհանրապես, Նվերը պատրաստվում է ուսումնառությունը շարունակել արտերկրում, բայց ի վերջո գիտելիքները ծառայեցնելու է ի շահ հայրենիքի:
Հիշեցնենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք եւ ուսումնական գործընթաց իր զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր։ Զորացրված ուսանողների վերականգնման ծրագիրը ֆինանսավորում է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն եւ ՀԲԸՄ-ը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը եւ ՀՖՀՀ անձնակազմը գտնում են, որ պատերազմում ներգրավված երիտասարդների հերոսության համար երախտագիտությունը պետք է արտահայտվի ոչ միայն խոսքերով, այլեւ՝ կոնկրետ գործողություններով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2021