Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ ծանոթ եւ անծանոթ Արա Կիրակոսյանը

Փետրվար 11,2021 13:00

«Առավոտը» շուրջ քսան տարի ներկայացնում է սփյուռքահայ արվեստագետների, որոնք առաջին անգամ են ներկայանում հայաստանցի հանդիսատեսին։

Մեր անվանի արվեստագետներից քանիցս լսել ենք, որ արտասահմանում ծնված եւ գործունեություն ծավալած, աշխարհին հայտնի, բայց մեզ այդպես էլ անծանոթ անուններ էլ կան, որոնց առջեւ դեռեւս խորհրդային տարիներից ինչ-ինչ պատճառներով փակ մնացին հայրենիքի դարպասները։ Նրանցից ոմանք, ցավոք, արդեն ապրում են երկնային կյանքով։

Լիբանանահայ օպերային տենոր Արա Կիրակոսյանը (1935-1999թթ.) այսօր կդառնար 86 տարեկան։ Անվանի արվեստագետին ներկայացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը։

«Օպերային երգիչ Արա Կիրակոսյանի անունն ինձ ծանոթ էր վաղուց, սփյուռքահայ երգիչների մասին մամուլում տպագրված հոդվածներից, տարբեր առիթներով արտասահմանում լույս տեսած համերգային ծրագրերից, բուկլետներից։ 1979-94թթ. ես աշխատում էի Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանում՝ որպես գիտական մասսայական բաժնի վարիչ։ Գործառույթներիս շրջանակում պատկառելի տեղ էր գրավում սփյուռքահայ մշակութային կյանքի արտացոլումը։ Գիտեի, որ Գոհար Գասպարյանը սիրով էր մասնակցում գրական-երաժշտական միջոցառումներին։ Հերթական ցերեկույթներից մեկին հրավիրել էի մեծանուն երգչուհուն։

Այդ օրվա բանախոսը երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանն էր, որը ներկայացնում էր Կոմիտասի երգերի՝ արտասահմանում բնակվող ու ստեղծագործող հայազգի լավագույն կատարողներին։ Երբ նա ավարտեց իր խոսքը, Գոհար Գասպարյանը դիմեց նրան՝ «Տիկին Ցիցիլիա, դուք հնչեցրիք կոմիտասյան գոհարների լավագույն կատարողների անուններ՝ Արմենակ Շահմուրադյանից մինչեւ մերօրյա մեկնաբաններին։ Սակայն այդ հարուստ անվանացանկում ես չլսեցի լիբանանահայ Արա Կիրակոսյանի անունը։ Մոռացա՞ք արդյոք, թե՞ պարզապես չեք լսել նրա անունը»։

Ցիցիլյա Բրուտյանը շփոթվեց։ Երգչուհին շարունակեց խոսքը. «Պարզ է, գուցե քիչ գիտեք նրա արվեստի մասին։ Դե լսեք։ Լիբանանյան համերգային շրջագայությունների ժամանակ ինձ հրավիրեցին հայազգի արվեստագետների մասնակցությամբ համերգի։ Ծրագիրը հարուստ էր, գերակշռում էր հայկական երգը, կատարողներն էլ՝ բավականին շնորհալի։ Բեմ հրավիրվեց երգիչ Արա Կիրակոսյանը։

Այլ ստեղծագործությունների թվում նա հնչեցրեց Կոմիտաս։ Բարեկիրթ արտաքինով, բեմական անհրաժեշտ տվյալներով օժտված արտիստը գրավեց ուշադրությունս։ Նա մեծ ներշնչանքով կատարեց Սարոյի մեներգն ու սերենադը Տիգրանյանի «Անուշ» օպերայից։ Իսկ երբ հնչեցրեց Կոմիտաս, մոտս առաջացավ մի աննկարագրելի հուզում ու երախտագիտության զգացում։ Ցանկացա ավելին իմանալ այդ երգչի մասին եւ խնդրեցի որոշ տեղեկություններ տրամադրել նրա գործունեությունից։

«Վահրամ Փափազյան» թատերախմբի, «Հայ երիտասարդաց ընկերության» երգչախմբի եւ 15 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ուժերով բեմադրված Չուխաջյանի «Զուարթ» կատակերգության ծրագրում կարդացի գլխավոր դերերգերից մեկի՝ Օհանի կերպարը մարմնավորած Արա Կիրակոսյանի անունը։ Միանգամից գլխումս միտք ծագեց. այդ դերերգը կատարողը հիանալի Սարո կմարմնավորի «Անուշում»։ Վերադարձիս, տպավորված Արա Կիրակոսյանի արվեստով, պատմեցի ամուսնուս՝ Տիգրան Լեւոնյանին եւ առաջարկեցի երգչին հրավիրել Հայաստան հյուրախաղերի։ Տիգրանը սիրով համաձայնեց ու այդ հարցով դիմեց մշակույթի նախարարություն եւ Սփյուռքի կոմիտե։ Երկու հիմնարկից էլ պատասխանեցին, որ երգիչը չի կարող գալ Երեւան, իսկ պատճառն իրենց էլ հայտնի չէ»։

Հիշում եմ, թե Գոհարը ինչ մեծ ափսոսանք էր ապրում եւ առիթի դեպքում նշում, թե Արա Կիրակոսյանն իր լավագույն Սարոներից մեկը կլիներ. «Մեծ սիրով նրա հետ Անուշ կերգեի։ Ափսոս, հազար ափսոս»։ Ինչ վերաբերում է Կոմիտասի երգերի կիրակոսյանական մեկնաբանումներին, Գոհարը գտնում էր, որ դրանք թե իրենց ելեւէջներով, թե հոգեբանությամբ բացարձակ ազատ են օտարածին շեղումներից ու խաթարումներից, եւ աշխարհիկ կյանքով ապրելու իր պահանջն ու իրավունքն են ներկայացնում։ Գոհարը պատմում էր, թե ինչպես է Արա Կիրակոսյանը, երգչուհու բառերով՝ քնում-արթնանում հայրենիքը տեսնելու ու այստեղ բեմ դուրս գալու երազանքով։

Չգիտեմ, գուցե ժամանակի հրամայականն էր պատճառը, բայց իսկապես ափսոս… Հա, մի բան էլ. փառք Աստծո, որ գոնե մեր հայրենակցի ձայնագրությունները տեղադրված են յութուբում»։

Պատրաստեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728