Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էրդողանն ու Ալիեւը չեն պատրաստվում երկարատեւ խաղաղության

Փետրվար 11,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Թուրքերը շարունակում են «կրթել» ադրբեջանցիներին

Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական դաշինքը հետպատերազմյան իրավիճակում բոլորովին փորձ էլ չի անում ցույց տալու, որ պատրաստվում է երկարատեւ խաղաղության: Տպավորություն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին պատրաստվում են նոր ռազմական գործողությունների՝ թուրքերը շարունակում են «կրթել» ադրբեջանցիներին…

Օրերս տեղեկություն ստացվեց այն մասին, որ թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող «Բայքար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուք Բայրաքթարը, որը Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է, իրենց ԱԹՍ-ների ուսումնական կենտրոնում Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ անձնակազմին է հանձնել ԱԹՍ-ների ղեկավարման հավաստագրեր: Այս մասին Բայրաքթարը տեսանյութի միջոցով հայտնել էր իր սոցիալական կայքերում` ցուցադրելով այդ պահին ընթացող հավաստագրերի հանձնման պահը:
Եվս մեկ ապացույց այն բանի, որ ադրբեջանցի զինվորականները ստացել են իրենց հավաստագրերը, այսինքն, սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից ներգրավված «Բայրաքթար» ԱԹՍ-ները ղեկավարվել են թուրք մասնագետների կողմից:

Փետրվարի 5-ին թելեգրամի իր ալիքում տեղադրած տեսանյութում Բայրաքթարը մասնավորապես գրել էր. «Ադրբեջանի ԶՈՒ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:

Օրերս նաեւ հայտնի դարձավ, որ Թուրքիան շուտով կսկսի Akinci անօդաչու թռչող սարքերի մասսայական արտադրությունը, հայտարարել է նույն Սելջուկ Բայրաքթարը: CNN TՖrk-ի ուղիղ եթերում Բայրաքթարն ասել է, որ ընկերությունը շուտով կսկսի անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը, որոնք, ինչպես սպասվում է, որ այս տարի կհամալրեն Թուրքիայի զինված ուժերը:

Առաջադեմ դրոնի երկրորդ նախատիպը փորձարկվել է 6096 մետր բարձրության վրա օգոստոսի 20-ին: Դրոնը կարող է թռնել 24 ժամ, թեւերի բացվածքը 20 մետր է, բեռնունակությունը` 1350 կգ: Akinci-ն հագեցած է տեղական ակտիվ էլեկտրոնային սկանավորվող ալեհավաքով (AESA) եւ GՓkdoan եւ Bozdoan օդ-օդ հրթիռներով, ինչպես նաեւ կարող է տեղական արտադրության զինամթերքի մի քանի տեսակ արձակել: Akinci-ով զինանոցի համալրման, ինչպես նաեւ դրա մասսայական արտադրության մասին լուրերին մանրազնին հետեւում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում` տեղական արտադրության այլ անօդաչու թռչող սարքերի ապացուցված հաջողության շնորհիվ, ինչպիսին է Bayraktar TB2-ը: Այս անօդաչուն համաշխարհային համբավ ձեռք բերեց Սիրիայում, Լիբիայում եւ Ղարաբաղում թուրքական ագրեսիայից հետո, ինչը ճանապարհ բացեց Baykar-ի հետ արտահանման գործարքների քանակի ավելացման համար:

Անցյալ ամսվա վերջերին հայտնի դարձավ նաեւ, որ թուրքական Lapis Havacilik ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacilik»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաեւ ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։

Ընկերության տնօրեն Օսման Սեւգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։ Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։ Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։

Այսինքն, արցախյան վերջին պատերազմում «փորձարկելով» ԱԹՍ-ները, Թուրքիան զարկ է տվել դրանց արտադրման, բնականաբար, դրանք վաճառելու գրավիչ գործարքներ կնքելու գործընթացին, եւ հարեւան երկրների նկատմամբ մշտապես առավելությունն ընդգծելու նպատակով: Պատահական չէր, որ արցախյան վերջին պատերազմից հետո մի շարք երկրներ սկսեցին հետաքրքրվել թուրքական ԱԹՍ-ներով:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի թաքցնում ղարաբաղյան հակամարտությունում իր հետաքրքրությունները՝ պատերազմից հետո: Դեռ պատերազմից մի քանի ամիս առաջ իրեն հայտարարելով որպես ղարաբաղյան հակամարտության կողմ՝ այսօր էլ պաշտոնական Անկարան երկկողմ հարաբերություններում այլ երկրների հետ թեժ է պահում այդ թեման: Էրդողանը, կարծես, ստանձնել է Ալիեւի փոխարեն ղարաբաղյան կողմի ակտիվ դերակատարի գործառույթները:

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց էին ունեցել` քննարկելով երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

Ղարաբաղյան թեմայի քննարկման մանրամասները հայտնի չեն, թուրքական լրատվամիջոցները միայն հիշատակում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ղարաբաղյան խնդրին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինագուրացիայից հետո դա անվտանգության հարցերով խորհրդականների միջեւ առաջին հեռախոսազրույցն է։ «Դեյլի Սաբահի» փոխանցմամբ` նրանք մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ` Սիրիայի, Լիբիայի, Աֆղանստանի հակամարտություններ, Կիպրոսի հարց ու Լեռնային Ղարաբաղ։ Քննարկվել են նաեւ քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցության հետ կապված խնդիրները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ ամենակնճռոտ խնդիրն Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության S-400 (C-400) հրթիռային համակարգեր ձեռք բերելն է։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ քննարկումների զգալի մասը նվիրված է եղել հենց այդ հարցին։ Ջեյք Սալիվանն ընդգծել է Բայդենի վարչակազմի ձգտումները՝ կառուցողական հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ` միաժամանակ շոշափելով նաեւ տարաձայնությունների այդ ոլորտը։

2019թ. ՆԱՏՕ-ի երկու անդամ դաշնակիցների միջեւ հարաբերությունները վատթարացման, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական համակարգերը, ի պատասխան Վաշինգտոնը չեղարկեց F-35 գերժամանակակից ռեակտիվ օդանավերի ծրագիրը Թուրքիայի հետ։ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն պնդում էին, որ ռուսական հրթիռները սպառնալիք են Հյուսիսատլանտյան դաշինքի համար, այդ համակարգերն ընդունակ են վերահսկել օդային տարածքը, հետեւել օդանավերին, կարդալ F-35 ռազմական օդանավերի տեխնիկական գաղտնիքները։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 10.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսական սայթերից մեկում կարդացե եմ,որ ուկրաիացի 20 մասնագետներ մասնակցել են թուրք-ադրբեջանական հունիսյան զորավարժություններին,տիրապետել են ,,բայրակթարների,,օգտագործմանը և պատերազմի ժամանակ հենց իրենք են հիմնական օպերատորները եղել….:
    Հա,նաև ասեմ,որ թուրք բայրաքթարը Միչիգանի համալսարանից իր երկիր է բերել նրա արտադրության տեխնոլոգիան և ձեռնամուխ եղել նրանց արտադրությանը,իսկ մեր ուսանողները արտասահմանից ինչ տեխնոլոգիաներ են բերել՝պետական միջոցներով սովորելով առաջնակարգ համալսարաններում՝ոչինչ,բայց չէ,բերել են հեղափոխականություն և համասեռամոլություն….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728