Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաղթանակը նշանակում էր, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես․ Ժիրայր Լիպարիտյան

Փետրվար 10,2021 23:50

epress.am  Փետրվարի 2-ին The Armenian Mirror Spectator-ը հրապարակել է գլոբալ ռազմավարության և էներգետիկայի մասնագետ Վահան Զանոյանի հոդվածը, որում վերջինս, ի թիվս այլ բաների, քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա խորհրդական, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության հարցում։ Փետրվարի 7-ին նույն կայքում անգլերենով հրապարակվել է նաև Լիպարիտյանի պատասխանը, որի ամբողջական հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։

Խորը տխրությամբ կարդացի Վահան Զանոյանի «Իրատեսություն, տեսլական և պարտվողականություն․ ճիշտ և սխալ դասեր պատերազմից» հոդվածը։

Զանոյանը պնդում է, որ Հայաստանի ներկայիս դժբախտությունների համար պատասխանատու է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և իմ իրատեսությունը` հավասարության նշան դնելով իրատեսության և «պարտվողականության» միջև։

Նա նաև շտապում է դատապարտել այն փաստը, որ այժմ շատ հայեր կարծում են, որ այսպիսի իրատեսությունն ավելի լավ կծառայեր հայերի և Հայաստանի շահերին, քան այն կանխատեսելիորեն աղետալի քաղաքականությունը, որ հասցրեց մեզ այս կետին։ Հեղինակը պնդում է նաև, որ որևէ խնդիր չկա տեսիլքներ ու հրաշքներ արտահոսող, գաղափարաբանորեն ոգեշնչված մտածողության մեջ․ մտածողություն, որին «պարտվողականները» պատասխանատու են համարում վերջին պատերազմի և այդ պատերազմում կրած պարտության համար։ Խնդիրը, նրա պնդմամբ, միայն այդ մտածողության իրագործման մեջ է։

Այս կերպ վարվելով՝ Զանոյանը միանում է շատ ուրիշների, ովքեր նախընտրում են քողարկել իրենց ձախողումները, փոխարենը մի պահ կանգ առնեն և քննադատական հայացք նետեն նրա վրա, ինչն իրապես մեզ հասցրեց այս կետին․ մի բան, որ կարծես շատ հայեր անում են և մի բան, որը Զանոյանը վտանգավոր է համարում։ Սրանք մեր ինքնաբնութագրված «երազողներն են»։ Քանի որ հեղինակի պնդումները շատերն են կիսում, տեղին համարեցի որոշակի երկարությամբ անդրադառնալ դրանց։

Թույլ տվեք նախ արտահայտել իմ տագնապը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և իմ խոսքերի ու հայացքների աղավաղման, ինչպես նաև բացահայտ խեղաթյուրումների քանակի վերաբերյալ։ Ես այստեղ դրանք չեմ թվարկի, քանի որ դա ինքնին մի ամբողջ հոդված կկազմեր։ Փոխարենը, ես կկենտրոնանամ հեղինակի փաստարկների հետ կապված առանցքային խնդիրների վրա, քանի որ սրանք նույնիսկ ավելի վտանգավոր են, քան այդ կեղծիքները։

Յուրատեսակ հանդգնություն է պետք ունենալ նշանակելու համար հիվանդության նույն այն բուժումը, որը հիվանդին անգործունակ է դարձրել և հասցրել մահվան շեմին։ Յուրատեսակ հանդգնություն է պահանջվում դրանից հետո այլընտրանքային բուժման վրա մեղքը բարդելու համար, որը վստահաբար ավելի լավ վերջնարդյունքի էր բերելու։ Զանոյանը վերարտադրում է մի մտածելակերպ, որը մեզ տարավ պատերազմի․ շուրջ 4000 հայ երիտասարդների մահվան պատճառ դարձած պատերազմի; ավելորդ մի պատերազմի, որում պարտվեցինք; պատերազմի, որն ի չիք դարձրեց մեր ձեռքբերումների մեծ մասը նախորդ պատերազմից, որում հաջողության էինք հասել; պատերազմի, որն անդառնալի վնաս է հասցրել մեր կենսական շահերին։ Կուրություն կամ անամոթություն է պահանջվում նաև ձախողված այս բուժումը վերանշանակելու համար, առանց անգամ սպասելու, որ այդ պատերազմում սպանված բոլոր զինվորների մարմինները թաղվեն։

Հեղինակը հաստատապես չի մոռացել, որ առաջին պատերազմում հաղթած նախագահին վաղուց են «պարտվողական» անվանել․ իրականում՝ հենց պատերազմը հաղթելուց հետո։ Այդ նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, «պարտվողական» լինելու համար ստիպեցին հրաժարական տալ 23 տարի առաջ՝ 1998-ին։ Նրա հետնորդները՝ երազողներն ու վերջիններիս աջակիցները, ավելի քան 22 արժեքավոր տարի ունեին իրենց տեսակետն ապացուցելու, իրենց մոգությունը գործի դնելու համար։

Գուցե սխալվում եմ, բայց չեմ հիշում, որ Վահան Զանոյանը վերջին 22 տարվա ընթացքում որևէ մտահոգություն արտահայտած լինի Հայաստանի կառավարությունների քաղաքականության վերաբերյալ, կառավարությունների, որոնք քաղաքականություն էին վարում հիմնված ցանկալին որպես իրականություն ընկալելու, հրաշքների հույսերի, գերհայրենասիրական հռետորաբանության, և Իսրայելի հետ անհիմն համեմատությունների վրա. այս բոլորը, Զանոյանի կարծիքով, կփրկեն մեզ ապագայում։ Հետևաբար, դասը, որը երազողները ցանկանում են, որ բոլորը քաղեն վերջին պատերազմից, այն է, որ մեզ պարտվողական չզգալու համար պիտի կրկնենք անցյալում կատարած սխալները։

Ես չեմ հիշում, որ Զանոյանն ու իր դավանակիցները զգուշացնեին Հայաստանի ու Արցախի առաջնորդներին, որ մենք դեռ պատրաստ չենք պատերազմի, երբ ամռանը Հայաստանի ու Արցախի առաջնորդները հայտարարեցին, որ այլևս բանակցությունները շարունակելու որևէ իմաստ չեն տեսնում, այսպիսով անխուսափելի դարձնելով պատերազմը։ Արդյո՞ք նա շատ ուրիշների պես լուռ էր, քանի որ կարծում էր, թե ակնկալվող հրաշքը կատարվել էր, և Հայաստանը մեկ այլ Իսրայել էր դարձել՝ ունակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթելու։ Թե՞ նա վստահ էր, որ մենք անսահման ժամանակ ունենք՝ հարյուր կամ ավելի տարվա ընթացքում Իսրայել դառնալու համար, երբ մնացած աշխարհը, ներառյալ մեր լավագույն բարեկամներն ու դաշնակիցները, մեզ ասում էին, որ փոխզիջումների հիման վրա խաղաղություն հաստատենք, մինչ Ադրբեջանն ու Թուրքիան գործնականում տեղեկացնում էին մեզ, որ հաստատապես պատրաստվում են գնալ պատերազմի և մտադիր են անել դա հնարավորինս շուտ։

Զանոյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանն ու իր կառավարությունը, որ կարող էին լուծել ամբողջ խնդիրը 1994-ի զինադադարից անմիջապես հետո – ովքեր չորս տարուց ավելի քիչ ժամանակ ունեին հակամարտությամբ և պատերազմից հետո Հայաստանի ժողովրդի հրատապ խնդիրներով զբաղվելու համար – իրենց չեն դրսևորել այնպես, ինչպես իր կարծիքով պետք է դրսևորեին։ Ուրեմն ինչու դա չարեցին նրան հաջորդողները, երբ նրանք ավելի քան 22 տարի ունեին։

Հեղինակն ու այլ երազողներ մեղադրում են Տեր-Պետրոսյանին և իր կառավարությանը, որ վերջիններս չլուծեցին Ղարաբաղյան հիմնախնդիրը, երբ Հայաստանը հաղթել էր պատերազմը 1994-ին։ Փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը փորձեց հենց դա անել՝ էական ձեռքբերումներն ապահովագրելով, բայց նրան ստիպեցին հեռանալ՝ Զանոյանի այսօրվա պնդումներին համանման փաստարկներով։ Եթե Տեր-Պետրոսյանի լուծումը սխալ էր, և նա ստիպված էր դրա պատճառով հրաժարական տալ, ապա ինչու նրա հաջորդները ճիշտ չվարվեցին 1998-ին կամ դրանից քիչ հետո, երբ Հայաստանը դեռ գոնե նույնքան ուժեղ էր, որքան Ադրբեջանը։ Նրանք 22 տարի ունեին այդ սխալն ուղղելու համար։

Այս փաստարկից հետևում է, որ նախ՝ Հայաստանը վակուումի մեջ էր գործում; որ հարևաններ չկային՝ անգամ հզոր հարևաններ; որ հաղթանակը նշանակում էր, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես; որ մենք միջնադարում էինք ապրում, որտեղ հաղթանակը նշանակում էր նվաճում; որ չկար միջազգային հանրություն՝ այն ժամանակ շատ ավելի արդիական, հանրություն, որից Հայաստանը բավականին կախված էր Խորհրդային տնտեսության անկումից հետո; և որ կարելի է հարմարավետությամբ մոռանալ, որ անկախությունը պատերազմով ու շրջափակումներով էր սկսվել։

Սակայն հեղինակի փաստարկի մեջ նույնիսկ ավելի նենգ մի բան կա՝ պնդումը, որ Հայաստանն այդ ժամանակ ուղղակի ռազմական մեքենա էր, որ երկրում միայն զինվորներ էին ապրում, որ մյուս բոլորն այնտեղ էին զինվորներ արտադրելու համար, որ Հայաստանի կառավարությունն ու պետությունն իրականում միայն պատերազմելու համար էին։ Զանոյանը կարծես չի հիշում, որ Տեր-Պետրոսյանի նախագահությունը սկսվել էր անգամ առանց բանակի, անկախությունը հռչակվել էր իրական երկրի իրական ժողովրդի համար խաղաղություն, ազատություն և անվտանգություն ապահովելու համար։ Որ իրական ժողովուրդը կարիքներ ուներ՝ պատերազմից անդին։

Երազողների այս փաստարկն ի ցույց է դնում տասնամյակների դժկամությունը՝ ընդունելու, որ առաջին պատերազմը մղվել է հնարավոր ամենավատ պայմաններում, և այն հաղթվել է։ Մինչդեռ երկրորդ պատերազմը մղվել է, երբ Հայաստանը շատ ավելի լավ պայմաններում էր, և ավարտվել պարտությամբ։ Փաստացի՝ Տեր-Պետրոսյանի կառավարության ձեռքբերումներն ընդունելը նշանակում է ընդունել պրագմատիզմի և իրատեսության արժեքը, կառավարման հմտությունների արժեքն՝ ի հակառակ կուսակցական և ինքնամփոփ քաղաքականության, ընդունել իրատեսության հաջողությունը և ձախողումը «երազող» քաղաքականության, որ վերացարկված է իրական մարդկանցից և իրական հնարավորություններից։ Երազողները պատրաստ չեն հրաժարվել իրանց «տեսլականի» քաղաքականությունից` հանուն իրական կյանքերի, իրական ժողովրդի և իրական երկրի։ Իրական Հայաստանն այն Հայաստանը չէ, որի մասին երազում են նրանք, երբեք։ Երազողների համար Հայաստանը միշտ պետք է երազանք դառնա, անգամ մինչև դրա իրականություն դառնալը։ Շատ ավելի հեշտ է որոշումներ կայացնել երևակայական Հայաստանի համար, և եթե դա նշանակում է, որ իրական մարդիկ պիտի հեռացվեն հանուն երևակայական Եդեմի՝ բնակեցված ժողովրդով, որը պետք է իրեն պահի, ինչպես տեսլականն է թելադրում, թող այդպես լինի։ Երազողներին պետք չեն իրական մարդիկ։ Իրականության հետ ավելի դժվար է գործ ունենալ։ Բացի այդ, երբ տեսլականի հետ ես առնչվում, պատասխանատվության զգացում չունես այն բանի համար, ինչ սատարում ես։

Խնդիրն այն է, որ առանց առաջին հերթին իրողություններն ընդունելու հնարավոր չէ անգամ երկրի իրական ներուժին հասնել, ուր մնաց՝ ինչ-որ մեկի տեսլականին։ Թերևս երազելն ու երևակայելն է հաճելի ու գոհացնող՝ այստեղ որևէ բանի իրապես հասնելու անհրաժեշտություն չկա։ Այս դեպքում տեսլական ունենալն է քաղաքականության նպատակը։

Զանոյանը, ինչպես իր հետ համակարծիք շատ ուրիշներ, հայտարարում է, որ սոսկ այն փաստը, որ որոշ թուրքեր հավանում են այն, ինչ ես գրում եմ, ըստ սահմանման կասկածի տակ է դնում իմ գրվածքները։ Քաղաքական այսպիսի դատողությունը կարող է ամփոփվել մի պարզ նախադասության մեջ․ ինչ թուրքերը հավանում են՝ վատ է և վատ պետք է լինի մեզ համար, իսկ ինչ նրանք ատում են՝ լավ պետք է լինի մեզ համար։ Ես կարող եմ այս քննադատներին վստահեցնել, որ այն, ինչ ուրախացրել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներին – իսկ սրանք կարևոր թուրքերն ու ադրբեջանցիներն են – իրենց հնարավորությունների մեր թերագնահատումն է, ուժային հարաբերությունների գիտակցության մեր բացակայությունը, մեր ապավինումը գոյություն չունեցող գործիքներին, դաշնակիցներին և պատրանքներին։ Սրանք բոլորը մաս են կազմում այն մտածողության, որը պաշտպանում է Զանոյանը։ Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները գնահատում են երազողների սխալ հաշվարկները, քանի որ դա՜ է, որ հնարավոր դարձրեց իրենց հաղթանակը։ Կարծում եմ՝ սա ավելի շատ պետք է կարևորվի, քան այն, որ որոշ թուրք կամ ադրբեջանցի վերլուծաբաններ ու ակադեմիկոսներ գնահատել են իմ վերլուծությունը։

Գուցե պետք է վերահաստատեմ այն պարզ ճշմարտությունները, որ արդեն վաղուց ընդգծում եմ։ Մենք պետք է տարբերակենք երկու խնդիրները, երբ հարցը վերաբերում է պատասխանատվությանը ձախողումների համար։

Առաջինը բանակցությունների ձախողումն է․ այս ձախողման համար ես պատասխանատվություն եմ վերապահել հակամարտության բոլոր կողմերին, ինչպես նաև միջնորդներին։ Ես նաև հստակեցրել եմ, որ պատասխանատվության գերակշիռ մասն Ադրբեջանինն է։ Բանակցությունների ձախողու՜մն այս դեպքում պատերազմն անխուսափելի դարձրեց։

Երկրորդը՝ մեկ այլ պատերազմի ռիսկերը պատշաճ կերպով գնահատելու ձախողումն է, այսինքն ձախողումը՝ հասկանալու, թե ուժային հարաբերությունների տեսանկյունից մեր հակառակորդների նկատմամբ ինչ դիրքում ենք գտնվում, կամ նույնիսկ ավելի վատ․ իմանալով, որ հաջորդ պատերազմում գուցե ի վիճակի չլինենք հաղթել՝ մեր ձախողումը, որով թույլ ենք տվել մեզ պատերազմի տանող գործընթացներին շարունակվել, ասես դեր խաղալիս լինեինք դասական հունական ողբերգության մեջ։ Այնուամենայնիվ, այս ձախողման պատասխանատվությունն ամբողջովին մեր կողմինն է: Ոչ ոք մեզ չի ստիպել սխալ հաշվարկներ անել, ընդհակառակը։ Այն, ինչ Տեր-Պետրոսյանը, ես և շատ ուրիշներ արեցինք, նախազգուշացնելն էր բոլոր նրանց, ով պատրաստակամ էր լսել այն մասին, որ պատերազմ հաստատ լինելու էր, այդ պատերազմում հաղթանակի անընդհատ նվազող հնարավորության, պարտության հստակ հավանականության և բանակցությունները շարունակելու բացարձակ անհրաժեշտության մասին՝ երկկողմանի փոխզիջումների հիման վրա խաղաղության հասնելու նպատակով։

Եվ երբ ասում եմ «մեր կողմը», նկատի ունեմ 1998-ից ի վեր Հայաստանի և Արցախի առաջնորդներին, իրենց հետ կոալիցիա կազմած, իրենց քաղաքականությունը սատարած կամ դրա հետ համակարծիք եղած քաղաքական կուսակցություններին, մեր պատմաբաններին, մտավորականներին և հասարակական կարծիք ստեղծողներին, ովքեր ողջունում էին «ոչ մի թիզ հողի վերադարձ» շատ կարճ նախադասությամբ ամփոփված քաղաքականությունը։ Դա, հավանաբար, օգնում էր այս բոլորին իրենց լավ զգալ։ Քաղաքականությունը, պետական վարչությունն ու կառավարումն այսպիսով հասցվել են նրան, ինչ օգնում է լավ զգալ։

Մեջբերումը մեր իսկ պատմության մի գործչից, ումով ավելի շատ հիանում են, քան իրեն կարդում, գուցե ասածս ավելի լավ տեղ հասցնի։

«Կառավարության սուրբ պարտքն է միշտ սիրել խաղաղությունը, կառավարել խաղաղությամբ, գործադրել բոլոր հնարավոր ջանքերը մեկ այլ կառավարության դեմ պատերազմ չսկսելու համար, ինչպես նաև այլոց պատճառ չտալ քո դեմ պատերազմելու։ Սակայն երբ հարաբերությունները փլուզվել են, և մեկ այլ կառավարություն ինքն իրեն պարտադրում է քեզ ու վտանգում քո երկրի շահերը, ապա քո պարտքն ու իրավունքն է պատերազմ հայտարարել, որպեսզի թշնամին չոտնահարի քո ազատությունն ու իրավունքները։ Միայն թե հիմա պատերազմի գնացող կառավարությունը պետք է հիշի Քրիստոսի առակը, որը մեզ սովորեցնում է հեռատեսություն ունենալ։ Նախ` դու պետք է հաշվարկես քո ծախսերը, գնահատես քո ուժը՝ ի համեմատ քո հակառակորդի ուժի, ինքդ քեզ հարց տալով՝ արդյոք դու պետք է 10 000-անոց բանակով պատերազմի գնաս 20 000-անոց բանակով քեզ հանդիման եկող թշնամու դեմ։ Հակառակ դեպքում շատ ավելի շրջահայաց կլինի խաղաղության պատվիրակություն ուղարկել և խոսել հաշտեցման մասին»։

Այս խոսքերի հեղինակը ոչ այլ ոք է, քան Խրիմյան Հայրիկը՝ 19-րդ դարի մեր պատմության գլխավոր և տարընթերցված գործիչը։

Այս հեղինակի (Զանոյանի) պես երազողների հոդվածները, իրենցից ներկայացնում են հուսահատ փնտրտուք փաստարկների, որոնք թույլ կտան հեղինակներին խուսափել պատասխանատվությունից, իսկ իրենց ներկայացրած մտածողությանը՝ խուսափել քննությունից։ Սաուլ Բելոուն ամենալավն է ասել․ «Շատ մեծ խելք կարող է ներդրված լինել տգիտության մեջ, երբ պատրանքի կարիքը մեծ է»։ Անպատասխանատվության ո՞ր խորքերն է պատրաստ նա սուզվել լոկ պաշտպանելու համար փայփայված այդ մտածողությունը, որն օգնում է մեզ լավ զգալ, բայց միայն վնաս է տալիս։ Մտածողությունը, որը գիտի ինչպես վարվել պարտության, բայց ոչ հաղթանակի հետ։ Մտածողությունը, որ ախտահարեց ապագա բռնապետ Քոչարյանին, ինքնակալ Սարգսյանին և ժողովրդավար Փաշինյանին։ Խնդիրն ինչ-որ մասով ներգրավված անձանց ու կուսակցությունների հետ էր կապված, բայց ամբողջովի՜ն կապված էր մտածողության հետ։

Փաստերն իրենք են խոսում։ Եվ մեր ժողովուրդն ինքը կարող է դատել։ Մեր ժողովուրդն իրականացրել է այդ քննությունը։ Երազողներն են կարծես վախենում։ «Հավատա ինձ»,- ասում է այս հեղինակը,- «իմ խոշտանգված ու աղավաղված փաստարկի՜ն վստահիր, այլ ոչ քո սեփական դատողությանը»։ Ինչի՞ց է նա, և ինչի՞ց են նրանք վախենում։ Արդյո՞ք նրանք վախենում են, որ ժողովրդի վճիռն իրենց հատուկ քաղաքական մոգության օգտին չի լինի, որ իրենց կախարդանքը կորցրել է փայլն ու որ ժողովրդի վճիռը որոշակի մակարդակի խելամտությանն ու տրամաբանությանը թույլ կտա մտնել մեր դիսկուրս։

Զանոյանին ու իր պես երազողներին զայրացնում է այն փաստը, որ ի վերջո Տեր-Պետրոսյանի 1997-ի նոյեմբերի «Պատերազմ, թե Խաղաղություն» հոդվածը, նրա 2017-ի հեռուստահարցազրույցը և իմ ու իրատեսների և «պարտվողականների» ճամբարից շատ ուրիշների հարցազրույցներ և հոդվածներ, պարզվեց, ճիշտ էին վերլուծում, ճիշտ կանխատեսում և ավելի լավ բուժում առաջարկում։ Նրանք թերևս զայրանում են, որ պատմությունը հաստատեց չ-երազողների մտահոգությոններն ու քննադատությունը։

Փաստերն իրենք էին խոսում, երբ իրատեսությունն ու պրագմատիզմը բերեցին հաղթանակ և արժանապատիվ խաղաղության լավ հնարավորություն, որոնց միջոցով մենք կարող էինք ձեռք բերել այն, ինչի կարիքն ունեինք։ Փաստերն իրենք էին խոսում նաև երբ երազողները ռիսկի ենթարկեցին ամեն բան՝ իրենց երազած առավելագույնը ստանալու փոքր հնարավորությամբ, և փաստացի բերեցին ոչ այլ ինչ, քան կորուստ, պարտություն, մահ և ոչնչացում։

Երազողները հաստատակամ են իրենց շարունակական հավատի մեջ դեպի ավելի մխիթարող մի գաղափարախոսություն, որ հիմնված է երևակայական հաշվարկների, պսևդո-ռազմավարությունների և փաստերի կամավոր արհամարհանքի վրա։

Մենք չենք տեսնում, որ նրանք ընդունեն պարզ փաստերը կամ պատժվեն, ոչ անգամ հիմա։ Փոխարենը մտածեն իրենց քաղաքականության և մտածողության մեջ անհրաժեշտ փոփոխություններն անելու մասին, նախևառաջ՝ որ պահպանենք այն, ինչ մնացել է, երազողները զբաղված են իրենց անցյալը պաշտպանելով և իրենց թերացումներն արդարացնելով։ Ամենից առավել նրանք փայփայում են իրենց պատրանքները, իրենց «տեսիլքները»։

Հնարավոր աղետների ցանկը, որ կարող են սպառնալ Հայաստանին ու Արցախին, սպառված չէ։ Եթե այս երազողների տրամաբանությունը դիմանա այս պարտությանն ու շարունակի գերիշխել մեր մտածողության ու քաղաքականության մեջ, մենք հավանաբար ավելի շատ աղետներ կտեսնենք։ Այդ ժամանակ գրեթե հաստատ է, որ նրանք մեկ անգամ ևս կմեղադրեն ամենքին ու ամեն բան, բացի իրենցից և իրենց մտածողությունից։

Ցավով,

Ժիրայր Լիպարիտյան,

Քեմբրիջ, Մասաչուսետս

Փետրվարի 7, 2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728