Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ խմբեր պատկերացնում են, որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձեւավորվի իշխանություն, նման բան չի լինելու». Ավինյան

Փետրվար 10,2021 20:29

Արման Բաբաջանյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց արտահերթ ընտրությունների չգնալու որոշումից ու դժգոհեց, որ ԱԺ նախագահի վրա հարձակում գործած վերջին կալանավորը ազատ է արձակվել, այդ մարդիկ ազատ շրջում են փողոցներում ու պատգամավորներն էլ այդ մարդկանց հետ նույն ազատությունը կիսում են, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ են փոխել որոշումը, ի՞նչ ուսումնասիրության արդյունքում են նման որոշում կայացրել ու ինչպե՞ս են պատկերացնում հանգուցալուծումը ստեղծված իրավիճակի:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենց մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություն չեն կրել: Նա հիշեցրեց, որ քաղաքական ուժերին առաջարկ են արել ու ասել են, որ այդ օրակարգի իրականացման համար ուզում են լսել այլ քաղաքական ուժերի դիրքորոշումը, նրանք մերժել են հանդիպել. ««Իմ քայլը» խմբակցությունով հավաքվել ենք եւ վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ կայացրել ենք որոշում: Մենք արտահերթ ընտրության առաջարկը անում էինք՝ որպես պայմանականորեն ասած, հանգուցալուծում: Բայց մի շարք ուժեր ԱԺ ընտրությունների հանգամանքը առաջարկում էին օգտագործել՝ որպես էսկալացիա եւ ապակայունացնող գործոն»:

Բաբաջանյանը նշեց, որ մարզերում հանդիպումներ է ունեցել, մարդիկ կայունություն են ուզում, ու այդ կայունությունը տեսնում են արտահերթ ընտրություններ անելով: Վարչապետը պատասխանեց, որ ունեն ճանապարհային քարտեզ, դրանով առաջ են գնում. «Հանրության կարծիքը, իհարկե, կլսենք: Ընդունում եմ ձեր ասածը, որ կարեւոր է կայունությունը, եւ մենք ջանքեր գործադրում ենք՝ կայունությունը լիարժեք ապահովելու համար»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը վարչապետին ասաց, որ մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ պահանջել ու պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց վարչապետը շարունակում է չսպասարկել պետական շահերը, օրինակ, Սյունիքով գնացող ճանապարհների անվտանգության համար լուծում էին առաջարկել, որը չկարողացավ գլուխ բերել. «Հենց հիմա Գյումրի մտնող բոլոր ճանապարհները փակ են անհետ կորածների եւ գերեվարվածների ընտանիքի անդամների կողմից, որեւէ արձագանք չկա, դուք շարունակում եք լինել անկարող այս հարցերին պատասխան տալու: Այդ մարդիկ պատրաստվում են նույնիսկ այս գիշեր մնալ, փողոցները փակ պահել: Նույնիսկ հաշվի առնեով ձեր քաղաքական ուղին, իշխանության գալու ձեր ճանապարհը՝ դուք անտեսում եք այն քաղաքացիներին որոնք փողոցը փակելով՝ փորձում են իրենց խնդիրները բարձրացնել: Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում մնալ վարչապետ ու մինչեւ ե՞րբ եք պատրաստվում պետական շահը ստորադասել ձեր՝ պաշտոն ունենալուն»:

Վարչապետը ամբիոնին չմոտեցավ: Նրա փոխարեն պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ասելով, որ Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված է, թե վարչապետը եւ կառավարությունը մինչեւ երբ են, առհասարակ, իրենց պաշտոններում. «Այդ հարցի պատասխանը կարող էր լինել կախված նաեւ ձեր խմբակցությունից, որովհետեւ բազմաթիվ անգամներ մեր առաջարկներին, որ եթե գտնում եք, որ կա քաղաքական ճգնաժամ ու պետք է լուծել, մենք դրան առաջարկել ենք հստակ մեխանիզմ՝ ընտրություններ: Ես չգիտեմ ինչու է այդ գաղափարը այդքան խորթ քաղաքական ուժերի համար: Ընտրությունների միջոցով պետք է ձեւավորվի իշխանություն: Եթե պրոցեսները ինչ-որ քաղաքական խմբեր պատկերացնում են, որ սենյակներում պայմանավորվածությունների արդյունքում պետք է ձեւավորվի իշխանություն, նման բան չի լինելու: Եկեք վերջնականորեն պայմանավորվենք, որ նման բան թույլ չենք տալու մենք»:

Գորգիսյանն էլ զարմացավ՝ այնպես են արձագանքում, ասես սերունդ չենք կորցրել, հայրենիքի մի մաս չենք կորցրել, ոչինչ չի եղել, սովորական գնում ենք հաջորդ ընտրությունների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728