Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցը կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկու շաբաթով փակել է դռներն ու անցել հեռավար ուսուցման:
Դպրոցի տնօրեն Էրիկա Սևանյանը մեր զրույցում նշեց, որ կորոնավիրուսային վարակման դեպքեր են գրանցվել ուսուցիչներից 8-ի մոտ, որից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել:
«Աշակերտների մոտ վարակի տարածման խնդիր չակ՝ 500 աշակերտից միայն մի աշակերտի մոտ է վիրուսի դեպք հայտնաբերվել: Իսկ ուսուցիչները, որոնք իրենց վատ են զգացել չեն եկել դպրոց և դրանից հետո է հաստատվել կորոնավիրուսի թեսթը»:
Ըստ Սևանյանի` դպրոցի անձնակազմի մեծ մասը մինչև դպրոցների բացվելն արդեն վարակվել էր կորոնավիրուսով և միայն այդ 8 ուսուցիչներն էին, որ նախկինում չէին վարակվել:
Կարդացեք նաև
Դպրոցի տնօրենի հավաստմամբ՝ ուսուցիչների ինքնազգացողությունը բավարար է և նրանք իրենց բուժումը ստանում են տան պայմաններում: Նրա խոսքով մանկավարժները անգամ այս իրավիճակում առցանց կրթության միջոցով շարունակում են իրենց աշխատանքը:
Սևանյանի փոխանցմամբ՝ դպրոցը երկու շաբաթով փակելը եղել է զգուշության քայլ՝ վարակի հնարավոր տարածումից խուսափելու համար:
Մեր զրույցում Դիլիջանի բժշկական կենտրոնից էլ տեղեկացրեցին, որ չնայած քաղաքում կան կորոնավիրուսային վարակի դեպքեր, սակայն հիվանդանոցում վարակով հիվանդներ չեն ընդունում:
Կենտրոնի փոխանցմամբ՝ այն հիվանդները, որոնց վիճակը ծանր է նրանք ճանապարհում են Երևան, իսկ թեթև հիվանդները բժշկական խորհրդատվությամբ իրենց բուժումը ստանում են տան պայմաններում:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ