Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի վրիպում՝ ԱԺ-ում. Վաղարշակ Հարությունյանը Իլհամ Ալիեւին շփոթեց Հեյդարի հետ ու ստացվեց, որ Մուրադովը կապ է հաստատել անդրաշխարհում Ալիեւի հոր հետ

Փետրվար 10,2021 19:03

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե ե՞րբ են հանելու ռազմական դրությունը, ռազմական դրության պահպանումն ունի՞ քաղաքական շարժառիթ, որովհետեւ արդեն 3 ամիս է անցել հրադադարից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Բնականաբար, ո՛չ արտակարգ, ո՛չ ռազմական դրության պահպանումը ինքնանպատակ չի կարող լինել: Այն պահից սկսած, երբ հիմքերը կվերանան ռազմական դրությունը պահպանելու, որը կապված է անվտանգային միջավայրի հետ, անմիջապես կառավարության կողմից ռազմական դրությունը կվերացվի: Այստեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա»:

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հետաքրքրվեց. «Քիչ առաջ ահազանգ ստացա, կուզենայի, որ դուք պաշտոնապես հերքեիք, թոթափեիք այդ կասկածները: Խոսքը Սյունիքի մարզի Շիկահող եւ Սրաշեն համայնքների մասին է, մարդիկ լսել են անկանոն կրակոցներ, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմից: Դուք ունե՞ք այդ ահազանգը»:

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Այդ ահազանգի մասին ես տեղյակ չեմ, բայց կճշտենք, կպատասխանենք: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ՊՆ-ն ամեն օր ներկայացնում է: Դեկտեմբերից մինչ այսօր մենք չունենք որեւէ սպանություն շփման գծում: Զինադադարի խախտում եղել է, օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց օդ են կրակում, ոչ թե ուղղված մեր դիրքերին: Բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, գրանցում ենք ու փոխանցում խաղաղապահ ուժերին: Այսօր ես հանդիպել եմ խաղաղապահ ուժերի հրամանատարի՝ Մուրադովի հետ եւ այդ դեպքերը ներկայացրել եմ իրեն, որ կան դեպքեր, որոնք ոչ ուղղված են մեր ուժերի, ոչ մեր զինվորների, բնակիչների դեմ, բայց կան»:

Զավեշտալին այն էր, որ նախարարն ասաց, թե Մուրադովը իր ներկայացրած հարցը դրել է Հեյդար Ալիեւի առջեւ, նշել, որ կան այդպիսի դեպքեր: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախարարին ուղղեց, որովհետեւ Մուրադովին դժվար թե հաջողվեր անդրաշխարհում կապվել Հեյդար Ալիեւի հետ՝ հայկական կողմի ներկայացրած դեպքերը նրա առջեւ դնելու համար: Վաղարշակ Հարությունյանը արդարացավ. «Դե ես այն ժամանակ Հեյդար Ալիեւի հետ եմ բանակցել, դրա համար…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728