Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասաց, որ հայ-ռուսական համալսարանի շրջանավարտ է ու այն ժամանակ ապաքաղաքականացված, ազատ մթնոլորտում է սովորել: Նա ասաց, որ իր համար առավել ցավալի էր այս տարվա փետրվարի 8-ին այս համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ վարչապետին ուղղված բաց նամակին ծանոթանալ, որում մի շարք մեղադրանքներ ն հնչում,որոնց չի կարողանում հավատալ: Նա հորդորեց վարչապետին արձագանքել այդ գնահատականներին ու հարցրեց՝ պատճառը ո՞րն է նման մեղադրանքներ ու գնահատականներ հնչեցնելու:
Փաշինյանի փոխարեն ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Ես էլ եմ միանում ձեր հարցին ու հարցս ուղղում եմ պարոն Դարբինյանին: Ափսոսանք եմ հայտնում նման ելույթի համար: Այնտեղ մեր մասով էլ կա պնդում: Ես չեմ կարծում, որ ԿԳՄՍՆ-ում ստվերային ուժեր կան, այդ ամեն ինչը կատարում են ու ես տեղյակ չեմ: Ես միանշանակ հերքում եմ նաեւ կառավարության մասնակցությունը, որովհետեւ անհնար է կառավարությունը առանց նախարարության նման գործունեություն ծավալի, ինչպիսին ներկայացվում է այդ ելույթում: Մեծ ափսոսանք եմ հատնում: Ինչ վերաբերում է Սլավոնական համալսարանին, այն իրոք մեր լավագույն բուհերից է անկասկած: Ռեկտորի հետ նույնիսկ հեռախոսազրույց, ընդհանրապես որեւէ բան չի եղել: Կարծում եմ, պարոն Դարբինյանը կբացի փակագծերը, թե ինչ նկատի ունի: Ընդամենը կարող եմ ասել՝ պարո՛ն Դարբինյան, խնդիրը փնտրեք այնտեղ, որտեղ կա, մի՛ փնտրեք այնտեղ, որտեղ չկա: Իսկ կառավարություն-նախարարություն օղակում չկա խնդիր, եթե կա, թող ասի որտեղ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ