Հայոց բանակի երախտավորները
Վահե Կամոյի Ղահրամանյան՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող
Ծնվել է 1997 թ. հունվարի 31-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։
2014 թ. ավարտել է Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը, 2014 – 2018 թթ. սովորել և ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո ՊԲ զորամասում նշանակվել է տանկային դասակի հրամանատար։
Վահեն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտ էր և շուտով պիտի ավարտական թեզ պաշտպաներ: ԳԿՄԿ հանրային կապերի բաժինը զրուցել է հերոս Վահեի մայրիկի՝ Տիկին Էմմայի հետ: Տիկին Էմման հպարտությամբ է պատմում որդու սխրագործությունների, նրա մարտական բարձր ոգու մասին:
Վահեն սեպտեմբերի 27-ից մասնակցել է պաշտպանական շրջանների մարտական գործողություններին։ Նրա մասնակցությամբ բազմաթիվ հերոսական դրվագների մասին են պատմում նաև մարտական ընկերներն ու հրամանատարները։ Հոկտեմբերի 3-ի տվյալներով՝ Վահեն իր տանկով ոչնչացրել է թշնամու՝ 15 և ավելի տանկ: Պատմում են նաև, թե ինչպես փոխգնդապետ Բազիկյանի մասնակցությամբ նա Եղնիկների ուղղությամբ (7-րդ պ/շ) 1 տանկով շարքից հանել է մի քանի ՀՄՄ և հակառակորդի դիտակետեր։
Հոկտեմբերի 7-ին կատաղի մարտեր են ընթացել Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով:
Առաջին մարտի ժամանակ Վահեն հասցրել է մարտադաշտից դուրս բերել բազմաթիվ վիրավոր և զոհված ընկերների: Նույն օրը՝ երկրորդ մարտի ժամանակ, 20 ժամ անընդմեջ եղել է մարտական գործողությունների կիզակետում: Սրանք ընդամենը մի քանի դրվագ են մեր հայորդու սխրագործություններից։
Ցավոք, Վահեից դեռևս որևէ լուր չկա:
Կուրսընկերներն անասելի ցավով են խոսում Վահեի բացակայության մասին: Ռայան՝ կուրսի ավագը, պատմում է, որ Վահեն մանկուց ապրել և մեծացել է զինվորական կենսակերպով:
– Վահեն եղել է պրոֆեսիոնալ զինվորական, բոլորի կողմից շատ սիրված, անչափ բարի, հավասարակշռված և նվիրվող երիտասարդ: Չեմ կարող նրա հետ կապված որևէ բացասական դրվագ հիշել: Վահեի բացակայությունը անչափ ծանր է անդրադարձել յուրաքանչյուրիս վրա,- նշում է Ռայան:
Վահե Ղահրամանյանը ներկայացված է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ողջ անձնակազմն իր երախտիքի խոսքն ու աջակցությունն է հայտնում մարտի ընթացքում ընկած բոլոր տղաների ընտանիքներին:
Հավերժ փա՛ռք մեր Հերոսներին
Հավերժ փա՛ռք Վահեին
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժին