Լրահոս
Օրվա լրահոսը

Դասընթացների նպատակն է վերապատրաստել հայաստանյան հոգեբաններին և հոգեբույժներին. ԵՊՀ-ն հյուրընկալել է միջազգային ճանաչում ունեցող հոգեբանների

Փետրվար 10,2021 17:43

ԵՊՀ մշակույթի կենտրոնում մեկնարկել է «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» խորագրով դասընթաց:

Միջոցառումն անցկացվում է Երևանի պետական համալսարանի (համակարգող՝ ԵՊՀ մշակույթի կենտրոն), «Լոգոս» հոգեբանական խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի և Հայկական հոգեբանական ակադեմիայի ակտիվ համագործակցությամբ:

Դասընթացին ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Արթուր Իսրայելյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ, տարբեր բուհերից բազմաթիվ ուսանողներ:

Տեսակով և բովանդակությամբ աննախադեպ այս դասընթացի ընթացքում առաջին անգամ Հայաստան են ժամանել տրանսպերսոնալ հոգեբանության և հիպնոթերապիայի միջազգային դպրոցի հիմնադիր, տրանզակցիոն հիպնովերլուծության հեղինակ, պրակտիկ հոգեբան, արտ թերապևտ, պատերազմական իրադրություններում խորհրդատվության և թերապիայի մեծ փորձ ունեցող հոգեթերապևտ Յուրե Բիեհոնսկին և հոգեբան-խորհրդատու Մելլի Լեյնը։

Դասընթացների նպատակն է վերապատրաստել հայաստանյան հոգեբաններին և հոգեբույժներին, որպեսզի նրանք կարողանան ժամանակակից մոտեցումներով մասնագիտական աջակցություն ցուցաբերել բնակչությանը և այն ընտանիքներին, որոնք տուժել են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից Արցախյան երկրորդ պատերազմի պատճառով:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ շատ է կարևորում նմանօրինակ դասընթացների անցկացումը հետպատերազմյան Հայաստանում. «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մեր երկրի համար շատ ծանր հետքեր թողեց, սակայն ամենածանր իրավիճակում հայտնվեցին այն ընտանիքները, որոնք պատերազմի ընթացքում զոհեր և վիրավորներ ունեցան»:

Տիկին Դավթյանի խոսքով, դեռևս «Սփյուռք» ամառային դպրոցի ընթացքում կազմակերպված դասընթացի ժամանակ ձեռք բերված համագործակցության շնորհիվ Տալինի հայկական համայնքը դիմեց ԵՊՀ մշակույթի կենտրոնին հայրենակցներին օգնելու ցանկությամբ, և մեկնարկեց «Հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները տրավմայի, հետտրավմատիկ խնդիրների և վշտի հետ» դասընթացը. «Մեր թրեյնինգներին արդեն իսկ միացել են հայտնի հոգեբաններ, հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններ, բարձր կուրսերի ուսանողներ՝ ոչ միայն ԵՊՀ-ից»:

Կարինե Դավթյանը լիահույս է, որ Յուրե Բիեհոնսկիի և Մելլի Լեյնի միջազգային որակավորում ունեցող նման մասնագետների շնորհիվ մեր հոգեբանները կկարողանան նոր մասնագիտական մեթոդներ սովորել և հմտություններ ձեռք բերել՝ հետագայում օգնելով ընտանիքներին հաղթահարել հետպատերազմյան վիշտը: «Հայաստան հրավիրված մասնագետներն արդեն 30 տարի ծավալած մասնագիտական գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումների շնորհիվ արդեն իսկ վայելում են միջազգային հանրության ճանաչումն ու սերը»,- շեշտեց տիկին Դավթյանը:

Յուրե Բիեհոնսկին և Մելլի Լեյնին իրենց ողջույնի ելույթում նշեցին, որ կարևոր առաքելություն է իրենց համար այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի ու հայերի կողքին գտնվելը, վշտակից լինել ու օգնել հաղթահարել հոգեբանական տրավմատիկ մարտահրավերները:

Տեղեկացնենք, որ հյուրերը Հայաստան են ժամանել Էստոնիայի հայկական միության ակտիվ ներկայացուցիչների աջակցությամբ, և մեր հայրենակիցների շնորհիվ դասընթացներն անցկացվելու են անվճար: ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող դասընթացների ժամանակ լինելու են վեցօրյա տեսական և գործնական դասընթացներ՝ օրական 6-8 ժամ տևողությամբ։

Գևորգ Էմին-Տերյան

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728