Երկու տարին մեկ գումարվող Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի ժողովը տեղի ունեցավ շաբաթ օրը, 2021թ.-ի հունվարի 30-ին: Հոգաբարձուները, խորհրդի անդամները, նահանգային մարմինների նախագահները և աշխատակազմը մասնակցեցին երկու ժամ տևողությամբ առցանց նիստին, որի ժամանակ ներկայացվեցին դիտողություններ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի կողմից, ովքեր արժեքավոր նկատառումներ արտահայտեցին ներկայիս պայմանների վերաբերյալ: Համագումարի ղեկավարությունը նաև տրամադրեց բովանդակային թարմացումներ և զեկույցներ կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Մեկ րոպե լռություն պահպանվեց՝ հարգելու պատերազմի ընթացքում առավելագույն զոհաբերություն տված հայ զինվորների և խաղաղ բնակիչների հիշատակը, Հայկական համագումարի ու համայնքի այն անդամների հիշատակը, ովքեր կյանքից հեռացան համավարակի տարում, ինչպես նաև հայ ռազմագերիների անվտանգ վերադարձի համար:
Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնթոնի Բարսամյանը հատուկ ուշադրություն դարձրեցին ջիհադիստական վարձկանների թեմային, որոնք տեղափոխվել էին Թուրքիայի կողմից և ֆինանսավորվում էին Ադրբեջանի կողմից՝ Արցախյան պատերազմում հայ ժողովրդի դեմ կռվելու համար: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից այս գործողությունները խախտում են ԱՄՆ-ի հակաահաբեկչական օրենքների տառերն ու ոգին:
Դեսպան Ներսեսյանն իր երախտագիտությունը հայտնեց Համագումարին և ընդհանուր սփյուռքին` արդյունավետ մարդասիրական հանգանակության ջանքերի համար, որոնք, նա կրկնեց, «անչափ գնահատվում են» Հայաստանի և Արցախի ժողովրդի ու կառավարությունների կողմից, և շեշտեց թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը: Նա նաև ընդգծեց հայ ժողովրդի ցուցաբերած միասնությունն ու վճռականությունը:
Կարդացեք նաև
Դեսպանը բացատրեց, որ Հայաստանի դեսպանության առաջնահերթությունը նոր վարչակազմի հետ կապերի ամրապնդումն է` ընդգծելով նախագահ Բայդենի նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, ինչպես նաև նրա երկարամյա աջակցությունը Հայոց ցեղասպանության հաստատմանը:
Անկախ առկա մարտահրավերներից, դեսպան Ներսեսյանը հայտնեց, որ Հայաստանն ու Արցախը կենտրոնացած են «պատերազմի վերքերը բուժելու» և «դեպի աճ ու զարգացում մեր ուղին վերականգնելու» վրա: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ պատերազմի բռնկումից առաջ Հայաստանը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի ճանապարհին:
«Ես հավատում եմ մեր ժողովրդի ուժին` առաջ շարժվել այս դժվարին իրավիճակում»,– ասաց նա: «Հայաստանի անվտանգությունն անբաժանելի է Արցախի անվտանգությունից, և մենք չենք կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց Արցախի ապագայի»:
Դեսպան Ներսեսյանը նաև շեշտեց ներկայում Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց անվերապահ ազատման հրատապ կարևորությունը: Նա ավելացրեց, որ ռազմագերիները պահվում են որպես «խաղազինվորներ և պատանդներ» Ադրբեջանի կառավարության կողմից, մինչ վերջինս նրանց սխալ պիտակավորում է որպես «հանցագործներ և ահաբեկիչներ»: Դեսպան Ներսեսյանը սա համարեց «անընդունելի պահվածք»:
Իր խոսքերում Արցախի արտգործնախարար Բաբայանն անդրադարձավ պատերազմի պատճառած կորուստներին և հատկապես անմեղ կյանքերի կորստին: Նա նաև խրախուսեց սփյուռքի հետ շարունակական սերտ համագործակցությունը:
Բաբայանը նշեց Արցախում մնացած բնիկ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու կարևոր հարցը, մինչ նրանց առջև ծառացած են հսկայական մարտահրավերներ և հրատապ մարդասիրական կարիքներ:
Ճեպազրույցների ավարտին համանախագահ Էնթոնի Բարսամյանը շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Բաբայանին և դեսպան Ներսեսյանին համապատասխանաբար՝ Արցախին ու Հայաստանին իրենց մատուցած ծառայության համար: Համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը շեշտեց, որ «այժմ ոտքի կանգնելու և վերակառուցելու ժամանակն է»: Համանախագահ Բարսամյանը միանշանակ համաձայնեց և կրկին շնորհակալություն հայտնեց Համագումարի բոլոր աջակիցներին, նվիրատուներին և ակտիվիստներին:
Արձագանքելով նրանց խոսքերին՝ Համագումարի նախագահ և «Հայաստան ծառատունկ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարը շեշտեց ներկա մարտահրավերներին դիմակայելու հարցում հավատարիմ մնալու կարևորությունը: «Եթե երբևէ պատճառ է եղել, թե ինչու ենք մենք այստեղ՝ դա հիմա է»,– ասաց նա:
Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ներկայացրեց Համագումարի 2020թ. գործունեության և ծրագրերի ընդհանուր նկարագիրը՝ կոնգրեսական կապերից և զանգվածային քարոզչությունից մինչև հանրային գործեր և Համագումարի փորձնակների ծրագրեր, ինչպես նաև կոալիցիաների ձևավորում թե՛ հայկական և թե՛ ոչ հայկական համայնքներում:
Առաջ նայելով՝ Արդունին հայտարարեց, որ Համագումարի ամենամյա Ազգային քարոզչական կոնֆերանսը տեղի կունենա վիրտուալ ձևաչափով 2021թ.-ի մարտին: «Մենք կապ ենք հաստատում նոր վարչակազմի, ինչպես նաև նոր Կոնգրեսի հետ: Բոլորը մոտիվացված և պատրաստակամ են օգնել Հայաստանի և Արցախի ժողովրդին»,– հայտարարեց Արդունին:
Համագումարի գանձապետ Օսկար Թաթոսյանը վերանայեց ֆինանսական, աուդիտի և նվիրատվությունների հաշվետվությունները: Գրիգորյանը շեշտեց, որ Համագումարի խորհուրդը «հպարտանում է մեզնով մեր թափանցիկության համար» և նշեց, որ խորհուրդը խնդրեց լիարժեք աուդիտ «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ պատերազմի ընթացքում ստացված նվիրատվությունների համար, ներառյալ Համագումարի 2,1 մլն դոլարի ներդրումը Armenia Fund, Inc.- ին:
Եզրափակելով՝ Գրիգորյանը տեղեկություն տարածեց Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի մասին, որը ղեկավարում է Դեյվիդ Ֆիլիփսը և որը վերջերս գործարկեց մի կայքէջ, որը գրանցում է Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող ոճրագործությունները:
Հանդիպման ընթացքում հոգաբարձուները հաստատեցին Խորհրդի անդամների ընտրությունը` չորսամյա ժամկետով ծառայելու համար՝ 01.01.2020թ.-ից մինչև 31.12.2023թ.: Նրանք են. Էնթոնի Բարսամյան, Վան Գրիգորյան, Լիսա Գալուստյան, Էնի Երեմյան Սփիրս և Թալին Յակուբյան:
Համագումարի ամբողջական հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ ընդգրկված են. Էնթոնի Բարսամյան՝ համանախագահ, Վան Գրիգորյան՝ համանախագահ, Քերոլին Մուգար՝ նախագահ, Ռոբերտ (Արամ) Կալուսդյան՝ խորհրդական, Օսկար Թաթոսյան՝ գանձապետ, Բիանկա Քադյան-Դոդով՝ քարտուղար և գանձապետի տեղակալ, Լիսա Գալուստյան՝ քարտուղարի տեղակալ, Արամ Գավուր, Ալեքս Կարապետյան, Լու Էն Օհանյան, Թորոս Սահակյան, Էնի Երեմյան Սփիրս, Ջոյս Սթայն, Անի Սիմոնյան Թոթահ և Թալին Յակուբյան, ինչպես նաև Մարկ Մոմջյան՝ որպես փաստաբան:
Ամերիկայի հայկական համագումար