Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության, ներառյալ` Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերի հետ համատեղ աշխատանքի համար:
Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն:
Կարդացեք նաև
«Հույս ունեմ` մեր համագործակցության շրջանակները չեն սահմանափակվի միայն կարճաժամկետ, խիստ հրատապություն ունեցող առողջապահական խնդիրների լուծմամբ, այլև կկարողանանք ընդգրկուն գործունեություն ծավալել ու ավարտին հասցնել նախկինում սկսած մեր բոլոր միասնական ծրագրերը»,- նշել է Անդրեա Վիկտորինը և հետաքրքրվել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով:
«Ուրախ եմ փաստել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մեր երկրում արդեն կայուն է ու վերահսկելի, սակայն մենք չենք կորցնում զգոնությունը, փոխարենը լրջորեն աշխատում ենք պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստումների գործընթացը սկսելու ուղղությամբ:
Անդրադառնալով հետպատերազմական խնդիրներին, որոնք, մասնավորապես, առնչվում են առողջապահական համակարգին, Անդրեա Վիկտորինը կարևորել է այդ գործում ՀՀ առողջապահության նախարարության ներգրավվածությունը: Առողջապահության նախարարը հստակեցրել է, որ մասնավորապես վերականգնողական ծրագրերում կառույցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Խոսքը նաև պատերազմ ապրած արցախցիների, ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնմանն է վերաբերում:
Անահիտ Ավանեսյանը հանդիպման վերջում անդրադարձել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներին:
Առողջապահության նախարարություն