Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր` տղեն պիտի ծառայի». 19-ամյա հերոսի քույրը Բայրաքթարից զոհված եղբոր մասին

Փետրվար 10,2021 16:25

Արգամ Սելիմյանը նոյեմբերին 28-ին պետք է 19 տարեկան դառնար: Նա չհասցրեց նշել 19-ամյակը, որովհետեւ զոհվեց Կարմիր շուկայի մատույցներում` հայրենիքի համար մղվող մարտերում: Քույրը՝ Մերին, որ նրանից մեկ տարով է փոքր, բայց սովորել են նույն դասարանում, հիշում է, որ վերջին անգամ եղբոր հետ խոսել է դեպքի օրը` հոկտեմբերի 29-ին, նույնիսկ ժամն է հիշում 18:18: Դրանից երկու ժամ անց եղբայրն անմահացել է: Բայրաքթարից է զոհվել, իսկ ինչքա՜ն երազանքներ ուներ:

Քույրն ասում է, որ եղբայրը չէր սիրում բարձրաձայնել իր նախասիրությունների մասին, քչերը գիտեին, որ շատ լավ նկարում է, իսկ կռվի դաշտում պարզվեց, որ նաեւ լավ երգում է: Մերիին հատկապես տպավորել էր եղբոր նկարած անվասայլակին նստած ծերունու նկարը:

«Ասում էի` Արգամ, նկարչության գնա, ասում էր` չէ, ի՞նչ նկարչություն… Ինքը կարատե ու բռնցքամարտ էր պարապում, բայց այդտեղ էլ իրեն չգտավ: Եղբայրս ավելի շատ սիրում էր մեքենաներ վերանորոգել եւ ճանապարհորդել»,-հիշում է Մերին:

Նշում է, որ եղբայրը հաճախ էր կրկնում. «տղեն պիտի ծառայի» արտահայտությունը: Հիշում է, որ Արգամը կոնֆլիկտ ուներ իր այն դասընկերոջ հետ, որը խուսափում էր ծառայությունից. «Ասում էի` քեզ համար մեկ չի՞, դու ծառայի, իր հետ ինչ գործ ունես: Ասում էր` Մեր ջան, ո՞նց կարող է տղան ասել` չեմ ուզում ծառայել, իսկ իր ընտանիքն ով է պաշտպանելու»:

Հերոսի քույրը հրամանատարի ու եղբոր ծառայակիցների պատմածներ է հիշում. «Հրամանատարն ասում էր` Արգամը յուրահատուկ էր: Ասում էր` չգիտեի, որ լավ ձայն ունի եւ կարող այդքան լավ երգել.. մի օր նստած էինք, մեկ էլ սկսեց երգել… բոլորս ապշած էինք: Արգամը որպես վարորդ էր գնացել կռիվ, սակայն հրամանատարն ասում է` ամեն ինչ անում էր, օգնում էր հրետանավորներին, ազատ ժամանակ խրամատ էր փորում նաեւ շատ-շատերի կյանք է փրկել: Ընկերների ասելով` ինքն այնպիսի ճանապարհներով էր քշում մեքենան, որ մարդն էլ չէր կարող անցնել: Նման արագությամբ մարդկանց անվնաս մի կետից մյուսն էր հասցնում»:

Մերիի ականջներում այժմ անընդհատ կհնչի եղբոր կատարմամբ «Ով հայոց մայրեր» երգը, որից տեսանյութ է պահպանվել եւ քույրը կհիշի վերջին հեռախոսազանգը կռվի դաշտից: «Ես այնքան-այնքան երջանիկ էի, երբ եղբայրս զանգեց: Զարմացել էի, որովհետեւ զանգել չէր կարելի…Ասաց` զանգել եմ, որ մաման չանհանգստանա… Հիմա շատ եմ կարոտում եղբորս…Ինքն ամեն ինչում կողքիս էր, իրարից գաղտնիքներ չունեինք: Նույնիսկ կային բաներ, որոնք գուցե պետք չէր ասել իրեն, բայց ես ամեն ինչ ասում էի… Ինքը միայն իմ եղբայր չէր, ինքը նաեւ լավ ընկեր էր»,-հուզմունքը հազիվ զսպելով ասում է հերոսի քույրը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մերի Սելիմյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728