Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Միսկարյան. «Այդ հայտարարության մեջ ես արտահերթ ընտրությունների միանշանակ մերժումը չեմ տեսնում»

Փետրվար 10,2021 16:06

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը, որի ներկայացրած քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների շրջանակում, եւ այդ հանդիպումից հետո է իշխող քաղաքական ուժը արձանագրել, թե նման պահանջ չկա եւ վարչապետի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը աջակցություն չի գտել քաղաքական ուժերի շրջանում, այդ քննարկման որոշ մանրամասներ ներկայացրեց: «Ըստ էության, այդ քննարկումը ավելի շատ եղել է ժամկետների շուրջ: Եթե հիշում եք, դրանից առաջ վարչապետը 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ էր ներկայացրել, որտեղ վերջում նշմարվում էր արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Ասում էին՝ վերջում կտեսնենք թե ինչ ենք անելու: Այսինքն, եթե հանրային պահանջ լինի, արտահերթ ընտրություն կանցկացնենք, բայց այս փոփոխություններից հետո: Մեր հետ հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրությունները հապճեպ անցկացնելու հետ կապված հարցը եւ մենք շարունակել ենք պնդել մեր սկզբնական դիրքորոշումը, որ այդ ընտրությունը այս քաղաքական, տնտեսական, սոցիալական բարոյահոգեբանական ճգնաժամի պայմաններում անհնար է անցկացնել այնպես, որ դրանք լինեն գաղափարների, ծրագրերի շուրջ, որպեսզի ընտրությունները լինեն քաղաքական դաշտը առողջացնելու համար: Այս առումով, մենք ասել ենք, որ այս փուլում վաղ է: Իսկ որպես լուծում, առաջարկել ենք նույն անցումային կառավարության ձեւավորումը, որովհետեւ մտածում ենք, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալը շարունակելը ավելի է խորացնում այդ ճգնաժամը: Ոչ թե զուտ նրա համար, որ պարտվել ենք պատերազմում եւ ինքը եղել է հրամանատարը, թեեւ դա էլ կապ ունի, բայց ավելի շատ 2,5 տարվա այն անգործությունը, որ եղել է կառավարությունում:

Այդ հայտարարության մեջ ես արտահերթ ընտրությունների միանշանակ մերժումը չեմ տեսնում, որովհետեւ, եթե հիշում ենք, հայտարարության մեջ, որտեղ լայն շրջանակները դեմ էին ընտրություններին, ասվում է, որ նրանք վերադառնում են 15 կետերի իրականացմանը, իսկ այդ 15 կետերի մեջ նաեւ կա այդ արտահերթ ընտրությունների ակնարկը: Սա՝ իրենց տեսանկյունից: Իմ կարծիքով արտահերթ ընտրությունները լինելու են, որովհետեւ այն հետագիծը, որ մենք տեսել ենք 2,5 տարում, եւ հանրային այն սպասելիքները, որ չեն արդարացել, բերելու են էներգիայի կուտակման եւ արտահերթ ընտրությունները պարտադրվելու են: Ո՞ր փուլում դա կլինի՝ երեք, թե վեց ամիս հետո, բայց կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ արտահերթ ընտրությունները կլինեն, որովհետեւ դա ոչ միայն հանրային պահանջ է կամ պահանջ դառնալու է, այլ Հայաստանի քաղաքական դաշտն առանց ցնցումների առողջացնելու ամենալավ հնարավորություն: Բայց ես վստահ եմ, որ քաղաքական իշխող ուժը ամեն դեպքում կփորձի մնալ իշխանության, բայց հիշենք 2018 թվականի իրադարձությունները:

Հանրությունը ասում է՝ հների վերադարձ չենք ուզում, նորերը լավը չեն: Երրորդ ուժի կամ ուժերի հարցն է առկախված: Ես կարծում եմ, կան երրորդ ուժեր, որոնք կամ որը հայտ ձեւավորելու է, պահանջ դնելու է եւ հանրությունը այդ պահանջն արտահայտելու է եթե ոչ այլ կերպ, ապա գոնե փողոցում»,- ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728