Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածների ծնողները ՌԴ դեսպանատան մոտ ծրարը պատռեցին ու գնացին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Փետրվար 10,2021 15:59

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում: Այս անգամ նրանք հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով դեսպանի հետ տեսակցություն:

«Թող դուրս գան մեր ձեռքից դիմումը վերցնեն ու մի պատասխան տան, չասեք՝ գցեք արկղի մեջ, այդ արկղը մեզ համար, այլեւս աղբարկղ է»,-ցույցը հսկող ոստիկաններին ասում էին ծնողները: Ոստիկաններն առաջարկում էին դեսպանին ուղղված դիմումը գցել նամակների համար նախատեսված արկղը:

«Գցենք՝ գնալու է կորչի, պատասխան էլ չի լինելու: Թող դեսպանը դուրս գա, նամակը մեր ձեռքից վերցնի: Այս 40 անհայտ կորածների հարցը դեսպանը կլուծի՝ կլուծի, չի լուծի՝ նրա խղճին: Տալիս ենք, որ մեր խիղճը հանգիստ լինի, որ նրան էլ ենք տվել: Եթե չեն ընդունելու, ես կբացեմ ծրարը, մեր տղաների անունները մեջից կհանեմ, ծրարը կշպրտեմ ու այստեղից կգնամ»,-ասաց անհայտ կորած զինծառայողի մայրը:

Հարազատներից մեկի խոսքով էլ, այդ հարցով զբաղվում է երրորդ երկիրը՝ Ռուսաստանը, այդ պատճառով էլ դեսպանի հետ հանդիպում են պահանջում. «Կառավարությունն ասում է՝ երրորդ երկիրն է, պաշտպանության նախարարությունն ասում է՝ մենք ոչ մի բան չենք կարողանում անել: ԱԱԾ-ն չի զբաղվում այս հարցով, Կարմիր խաչն ասում է՝ լիազորություններ ունի, բայց պետությունը թույլ չի տալիս: Բա ո՞ւմ դիմենք: Ասում ենք՝ Ալիեւին դիմե՞նք, ասում են՝ չէ պետք չէ: Դե ասեք՝ ո՞ւմ ոտքերը գնանք՝ ընկենք, որ մեր հարցին լուծում տան»:

Ծնողները վրդովվեցին, որ իրենց առանց լսելու՝ հորդորում են հեռանալ. «Ասում եք՝ գնացեք ձեզ ոչ ոք չի կարող օգնել: Ծնողին նման բան ասո՞ւմ են: Հինգ ամսից ավելի է արդեն, ոչ ոք չի ուզում մեր դրության մեջ մտնել: Եթե չեն կարողանում հարցը լուծել, ինչի՞ են նստած իրենց տեղերը»:
Անհայտ կորած զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ պատրաստ է նամակն ուղղել իշխանության գալու ցանկություն ունեցողներին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա զբաղվի այդ 40 զինծառայողներով: Ապա մայրը դիմեց մնացած ծնողներին՝ «կուզե՞ք այ ժողովուրդ»: Բոլորն իրենց համաձայնությունը տվեցին:

«Մեզ համար ի՞նչ տարբերություն ով կլինի, կարեւորը մեր երեխաների հարցը լուծվի»,-հայտարարեցին ծնողները՝ նշելով, որ մնացել է Քոչարյանը, որը կարող է այդ հարցը լուծել:


Տեսնելով, որ Ռուսաստանի դեսպանատնից էլ արձագանք չկա, մի քանի րոպե սպասելուց հետո, ծնողներից մեկը ծրարից հանեց նամակը, պատռեց ու լցրեց նամակների արկղը: Ասաց՝ «Թքած ձեր պետության վրա էլ»: Ապա մի քանի ծնողներ շարժվեցին դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Մնացած ծնողները մնացին դեսպանատան մոտ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728