Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել». Վահրամ Դումանյանը` Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի դասադուլի մասին

Փետրվար 10,2021 15:30

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շատ է զարմացել, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները գնացել էին ԿԳՄՍ նախարարության մոտ եւ բողոքում էին: Ինքը մամուլից է հասկացել, որ ասում են՝ «եկել են, պայքարենք անարդարության դեմ»։

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, նախարարն անդրադարձավ այդ դպրոցում տնօրենի ընտրության հետ կապված պատմությանը, որի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

«Իրենք պնդում էին, որ գիտեն, թե ով պետք է նշանակվի դպրոցի տնօրեն, բայց ես չգիտեի: Ես հարցին նոր էի ծանոթանում։ Ես երկու թեկնածուներին բացարձակապես չեմ ճանաչում, տվյալներ չունեի նրանց մասին։ Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել, ասացի, որ այս մրցույթը պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել: Բայց այդ ընթացքում այն, ինչ ես տեսա, որ կանխակալ եկել էին, քաղաքականացված ինչ–որ հայտարարություններ էին անում, հասկացա, որ նման պնդումներն ու վերաբերմունքը տեղ չպետք է ունենան դպրոցական հանրության մեջ։ Դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, եւ այսօր այդ անհիմն շահարկումները որեւէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարարի ընտանիքի հետ, նախարարը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա հետաքրքիր չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտները ստանան իրենց կրթությունը, բաց թողած գիտելիքները. «Իսկ դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»:

Մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728