Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹՍ-ներ՝ մեջները մարդ չկա, բայց անընդհատ վնաս են տալիս. Աղվան Վարդանյանը` կառավարության մասին

Փետրվար 10,2021 15:17

Կառավարության ներկայիս կազմը`վերջին համալրումներով, ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն այսպես է բնութագրում. ԱԹՍ-ներ՝ «մեջները մարդ չկա, բայց անընդհատ վնաս են տալիս, կտեսնեք, որ բազմաթիվ ոլորտներում պաշտոնների են գալիս մարդիկ, որոնք չափից դուրս նախկին են»:

Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած այն պնդմանը, որ ընտրություններին կմասնակցի եւ կհաղթի, Աղվան Վարդանյանն ասաց. «Պարոն Քոչարյանի հայտարարությունները կարող եք համեմատել այս բանի (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) բունկերից կամ հրապարակային արած հայտարարությունների հետ: Պարոն Քոչարյանը, իր խոսքերն եմ մեջբերում, կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել: Եթե ինքը մտել է պայքարի մեջ՝ ապա այդ պայքարը հաջողությամբ է ավարտվելու է»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի աներորդի`իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես մի հարցազրույցում ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթելու հնարավորություն չունի, քանզի մարդիկ չեն մոռացել հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը: Աղվան Վարդանյանը լրագրողի այդ դիտարկմանը պատասխանեց. «Հրաչյա Հակոբյանը ո՞վ է: Նա է՞լ է հիմա զրկված բարոյական աջակցությունից: Դուք ուզում եք, որ ես այդ մարդուկին մեկնաբանե՞մ»: Իսկ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի հետ կապված հարցերը խնդրեց ուղղել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:

Լրագրողներից մեկը հիշեցրեց`2018-ին ԱԺ ամբիոնից իր ելույթում հայտարարեց, որ չի միանում կատարվողին, չի ընդունում Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդ ամենի մեջ արյուն է տեսնում եւ հետաքրքրվեց`ի՞նչ նկատի ուներ, Արցախի կորո՞ւստը: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այլ առիթով ասել է`ամեն ինչ կտար, որպեսզի իր այդ կանխատեսումն իրականություն չդառնար. «Բայց իրականություն դարձավ շատ ավելիով, քան կարելի էր մտածել: Այո, սա նկատի ունեի»: Օրեր առաջ կրկին նայել է իր այդ օրվա ելույթը եւ տեսել, որ նաեւ ասել է. «Չեմ բացառում, որ սա անդառնալի ողբերգական հետեւանքներ է ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության համար, որոնց հարյուրավորներն այսօր Եռաբլուրում են կամ եղբայրական մյուս գերեզմանոցներում, Արցախի իմ ժողովրդի, իմ պետականության համար»:

Ըստ Աղվան Վարդանյանի`այլընտրանքը մեկն է. «Կամ այս բանը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) գնալու է` ցանկացած ճանապարհով, կամ Հայաստան, հայաստանցի, հայ մարդ չի լինելու, հայեցիություն, հայկական հոգեւոր, մշակութային առաջնորդող ինչ-որ մի քաղաքականություն»: Նա հորդորում է հանգիստ լինել, մարդիկ կհամախմբվեն, դուրս կգան, քանի որ մեր տեսակը աշխարհում իր հաստատուն տեղը դեռ ունենալու է, իսկ այսօր իշխող տեսակը մեր հանրային եւ պետական կյանքից վերանալու է:

Հնարավոր իշխանափոխության համատեքստում, իշխող «Իմ Քայլի»`իր դրական բնութագրած պատգամավորներին, Աղվան Վարդանյանն ասում է. «Դավաճաններին դավաճանելը դավաճանություն չէ, ընդհակառակը, դավաճանի կողքին կանգնելն է դավաճանություն»: Նաեւ հավելում, որ իրավական առումով հետագա դատավարությունը ցույց կտա՝ դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ. «Բայց այս ողբերգությունից հետո երեք ամիս կառչել աթոռից, հրաժարական չտալ, բունկեր մտնել եւ պատսպարվել ուժային կառույցների հետեւում, սա արդեն ինքնին դավաճանություն է Հայաստանի եւ մեր պետականության հանդեպ»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իշխանությունը պատճառաբանում է, թե նախկինների բացթողումների արդյունքում է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել, Աղվան Վարդանյանը հակադարձում է`հերթական սուտն է: Նաեւ նկատում է. «Նախկին նախագահների օրոք մենք կարողացել ենք ազատագրել Արցախը եւ ունենալ ուժեղ բանակ: 2.5 տարին բավական էր այս անկարողների, անհայրենիքների համար, որպեսզի քանդեն ամբողջ ունեցածը: Եղե՞լ են սխալներ, թերություններ՝ անշուշտ, բայց այն, ինչ արել են սրանք, դրանք թերություններ չեն»:

Ըստ բանախոսի`իշխանությանը կպարտադրվի հեռացում, կա իշխանությունը ստիպված կլինի մեկ անգամ էլ իր խոսքը փոխել եւ գնալ ընտրությունների:

Դիտարկմանը`իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը այս երկրում կարող է կրել միայն մեկ բան`պատասխանատվություն, պատիժ, Աղվան Վարդանյանը հակադարձեց`իրավական պատասխանատվություն եւ պատիժ կրելու է այս իշխանությունը՝ երկիրն այս կործանարար իրավիճակին հասցնելու համար:

Հարցին`2016 թվականին Սերժ Սարգսյանը տարածքնե՞ր էր խոստացել Ալիեւին, որ հաջողեց դադարեցնել պատերազմը՝ Վարդանյանը պատասխանեց. «Իսկ դուք որտե՞ղ եք տեսել, որ պարոն Սերժ Սարգսյանը խոստում է տվել: Եթե հիշում եք այդ օրերի խրոնիկան, Ադրբեջանն էր դիմել Մոսկվային` խնդրել դադարեցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728