Լրահոս
Օրվա լրահոսը

«#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ բառակապակցությունից սկսվեց գերագույն սուտը». Հոգեբան

Փետրվար 10,2021 15:03

Հոգեբան Իրինա Ծատուրյանը «Հայելի» ակումբում խոսելով հոգեբանության ճյուղերից մեկի` ստի հոգեբանության մասին, վերլուծեց իրականությունը եւ իշխանությունների պահվածքն այդ համատեքստում: «Օրինակ, այսօրվա ստի կարգախոսը կարող է դառնալ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ բառակապակցությունը, որից էլ սկսվեց գերագույն սուտը: Ազգը պահվում էր ստի մեջ եւ այդ սուտ կարգախոսն էին մտցրել բոլորիս մեջ: Այդ #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ-ի տակ առանց որեւէ բանի` մարդիկ գնում էին ռազմաճակատ… ահել-ջահել, մեծուփոքր: Դրսից գումարներ էին ուղարկվում, որովհետեւ կար հեռանկար, որ իսկապես հաղթելու ենք: Ֆեյսբուքյան եւ մնացած տիրույթներում տեսնում էինք, թե ինչպիսի մասնակցություն կար:

Մինչդեռ մեզ ամեն օր տալիս էին բացարձակ սուտ տվյալներ: Դա սկսվեց պատերազմի հենց առաջին օրվանից, եւ մենք մինչեւ հիմա չգիտենք, թե առաջին երեք օրերի ընթացքում քանի զինվոր է զոհվել: Խաբում էին, որ ամեն ինչ լավ է գնում: Մինչեւ վերջին պահն ասում էին՝ Շուշին մերն է, մինչդեռ հանձնել էին, նվիրել: Այդ սուտը շարունակվում է մինչեւ հիմա: Եվ զարմանալին այն է, որ շատերը, երբ լսում են այդ ստերը, ասում են` բա իհարկե, պետք է այդպես լիներ»,-նշեց հոգեբանը:

Նա տարակուսած է. «Ես միշտ մտածում եմ այն հարցի մասին, արդյոք մենք միշտ եղե՞լ ենք այսքան սուտասան, որ հիմա այս սուտը մեզ համար դարձել է նորմա: Սելինջերը գործ ունի` «Տարեկանի արտում, անդունդի եզրին»…Արդյոք մենք միշտ այդ անդունդի եզրի՞ն ենք եղել: Բանը հասել է նրան, որ ասում են, այո, այդպես պետք է լիներ, որ զոհեր չլինեին: Մինչդեռ 10-րդ օրը պատերազմը պետք է կանգնեցնեին զոհերից խուսափելու համար, ոչ թե ձգեին: Պատերազմի այդ 44 օրերի տառապանքն ու հետեւանքները ես համեեմատում եմ 1915թ ցեղասպանության հետեւանքների հետ: Ու չգիտեմ, թե դրա տակից ինչպես ենք դուրս գալու»:

Իրինա Ծատուրյանն ասում է, որ աշխատելով զավակներ կորցրած մայրերի, հաշմանդամություն ստացած տղաների հետ, չի պատկերացնում, թե ինչպես ենք հաղթահարելու բազմաշերտ աղետի հետեւանքները. «Աշխատում եմ նաեւ մինուճար որդի ունեցողի հետ, որի որդին այդպես էլ չվերադարձավ, նա չունի ամուսին, բարեկամներ, չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու եւ այդ ամենով հանդերձ՝ դեռ մի բան էլ ամեն օր լսում է սուտը»:

Հոգեբանի ձեւակերպմամբ, եթե ապրում ես ֆեյք-իրականության մեջ, չես կարող հաշվարկել դրա հետեւանքներն ու ռիսկերը: Նա հոգեբանի աշխատանքի իր օրինակն է բերում. «Երբ այցելուն գալիս է ինձ մոտ եւ սկսում է ճիշտը չասել, դա վտանգավոր է: Ես իր հետ շփվում եմ իր տված ինֆորմացիայի հիման վրա, այսինքն` շփվում եմ այլ մարդու հետ, դա ինքը չէ, քանի որ ստել է…Հիմա մենք համատարած ստի մեջ ենք, այլ իրականության մեջ ենք, որի հետեւանքները եւ ռիսկերը հաշվարկված չեն: Դու կարող ես վերլուծություն անել միայն այն դեպքում, երբ բացարձակ ճշտի մեջ ես»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728