ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԿԳՄՍ նախարարին հիշեցրեց, թե ինչ է ժամանակին ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ի մայիսի 8-ի իր ելույթի ժամանակ:
Նախագծով բուհերի կառավարման խորհրդի անդամները պետք է լինեն 9-ը, որից հինգը՝ կառավարության ներկայացուցիչներ, ինչը, ըստ պատգամավորների, Սահմանադրությամբ ամրագրված՝ բուհերի ինքնավարության իրավունքի ոտնահարում է:
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց վարչապետի խոսքը. «Կրթության համակարգում խնդիրներից առաջնայինը, որ խաթարում է կրթական ողջ գործընթացը, դպրոցների եւ բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել եւ քաղաքական գործառույթը պետք է լինի ընդամենը ազատ քաղաքացի դաստիարակելը»:
Հետո պատգամավորը հիշեցրեց, թե բուհերի կառավարման խորհուրդների մասին ինչ էր ասել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը. «Ցավոք սրտի նախկին իշխանությունները բերեցին կառավարման մի խորհրդի նախագահ, մի բդեշխ, որը կարող էր թելադրել համալսարանում մի օրակարգ, ռեկտոր, պրոռեկտոր նշանակել»:
Կարդացեք նաև
Թովմասյանը հարցադրում արեց. «Հիմա ի՞նչ է ստացվում, այսինքն, մենք մի բդեշխին փոխարինում ենք մյուս բդեշխով ու ստացվում է, որ նախկին արատավոր պրակտիկան մենք հիմա նորացված կիրառում ենք: Հետհեղափոխական Հայաստանում, կարծում եմ, այս սկզբունքները պետք է իսպառ բացառել: Այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր չի հաջողվել նշանակել, որեւէ մեկին, այդ թվում եւ ձեզ, պարո՛ն նախարար, թեեւ կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսեւորեց, բայց դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք ունենալ գրպանային ռեկտորներ, ինչն անթույլատրելի է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ