Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. «Եղանակը տաքանում է եւ մարդիկ ավելի պատրաստ կլինեն դուրս գալ բողոքի ցույցերի: Հարցն այն է, թե նրանք որ դրոշի տակ են դուրս գալու»

Փետրվար 10,2021 14:25

«Հոդված 3» ակումբը այսօր քննարկեց իշխող «Իմ քայլը» խմբակցության եւ դաշինքի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվելու հայտարարությունը, որի մասին որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը եւ այդ ուղղությամբ քաղաքական քննարկումներ սկսել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Սակայն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները հանդիպեցին Փաշինյանի հետ, արձանագրեցին եւ որոշեցին, որ ըստ իրենց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հանրային պահանջ չկա եւ քաղաքական շրջանակներում էլ այդ առաջարկը աջակցություն չի գտել:

Հեռավար քննարկման մասնակիցները խոսեցին, թե այդ որոշումը ինչ հետեւանքներ կարող է ունենալ, ասել է թե՝ հիմք հանդիսանալ, որ քաղաքական գործընթացները տեղափոխվեն փողոց եւ ցնցումային ճանապարհով ինչ-որ քաղաքական գործընթացներ ծավալվեն:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նախ կարծիք հայտնեց, թե ոչ իշխող քաղաքական ուժը, ոչ 16+ ձեւաչափում միավորված քաղաքական ակտիվ ընդդիմությունը տարբեր պատճառներով տրամադրված չէին արտահերթ ընտրություններ անցկացնել: «Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի համար թեման օրակարգ մտցնելը պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դա մի տեսակ պատասխան էր այդ պահանջին եւ այլընտրանքի առաջադրում: Այդ մարտավարական քայլը մասամբ աշխատեց եւ մասամբ հնարավորություն եղավ շեղել քաղաքական սոցիումի ուշադրությունը հրաժարականի թեմայից դեպի արտակարգ ընտրություններ: Եվ նույնիսկ այն շրջանակները, որոնք չէին ընդունում արտակարգ ընտրությունների անցկացումը առանց հրաժարականի, կամաց-կամաց մտան այդ դիսկուրսի մեջ: Բայց, կարծում եմ, «Իմ քայլում» շատ լավ գիտակցում էին, որ շատ շրջանակների կողմից կմերժվի արտակարգ ընտրությունների հարցը եւ իրենք կկարողանան նաեւ հրաժարվել այդ գաղափարից: Եվ այդպես էլ փաստորեն տեղի ունեցավ:

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քաղաքական պայքարը տեղափոխվելու է փողոց: Շատ հնարավոր է, որովհետեւ եղանակը տաքանում է եւ մարդիկ ավելի պատրաստ կլինեն դուրս գալ բողոքի ցույցերի: Հարցն այն է, թե նրանք որ դրոշի տակ են դուրս գալու, որովհետեւ ակնհայտ է, որ այն դրոշը, որ ծածանել է 16+ քաղաքական միավորումը, քիչ հետաքրքիր է եւ քիչ ընդունելի շատերի համար: Սակայն միաժամանակ պարզ է, որ սոցիալական լարվածությունը բավականին թեժ է Հայաստանում եւ մարդիկ հենց այդ պատճառով կարող են դուրս գալ բողոքների: Գուցե այստեղ պակասում է առաջ տանող այն ուժը, որը կղեկավարի այդ բողոքի արտահայտումը: Ես կարծում եմ, որ այս պահին կան մի քանի հավակնորդներ եւ տեսնենք՝ ով ավելի կհաջողի:

Կա նաեւ որպես այլընտրանք երկրորդ հնարավորություն: Արտաքին ուժի: Առաջին հերթին, իհարկե, Ռուսաստանի հնարավոր ցանկությունը՝ ակտիվացնելու Հայաստանի քաղաքական կյանքը եւ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք առաջ մղելը: Այս պահին դա կարծես տեղի չի ունենում, բայց չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման հետ այդպիսի ցանկություն առաջանա: Դա Հայաստանի հանրությանը որոշակի ազդակ կհանդիսանա, թե ակտիվացեք եւ պահանջեք հրաժարական եւ դա արեք նաեւ փողոցային միջոցառումների ակտիվության խողովակով»,-ասաց Բորիս Նավասարդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728