Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ-ում Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Փետրվար 10,2021 14:05

Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Նրանք կարևոր ներդրում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնցից շատերն արտացոլված են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա վերաբերում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձին, փախստականների վերադարձին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի պահպանմանը, անվտանգության ապահովմանը, խաղաղապահ գործունեությանը, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Փոխնախարարի խոսքով՝ շարունակում է պահանջված մնալ համապարփակ քաղաքական կարգավորման հասնելու խնդիրը, որը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումներով դրված է Մինսկի խմբի համանախագահների ուսերին:

«Եռյակը» հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների մշակման հետագա հարցերում, այդ թվում` կարգավիճակի հետ կապված հարցերում: Բայց զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- ասել է Ռուդենկոն:

Նա նշել է, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող էին ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման հարցերում: «Քաղհասարակության շրջանակում երկխոսության ձևավորումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը, քաղաքական ուղեծրում հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը»,- ասել է փոխնախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանում ռուս-թուրքական համագործակցությանը՝ Ռուդենկոն նշել է, որ Անկարայի հետ համագործակցությունը կառուցվում է հունվարի 30-ից Աղդամի շրջանում գործող Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի շրջանակում:

«Այդպիսի կենտրոնի բացումը դիտարկում ենք որպես համատեղ ջանքերի լավ օրինակ՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728