«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ՀՀ ԿԳՄՍ նախարարն եք եւ ոչ թե ԵՊՀ-ի պաշտպանը կառավարությունում կամ այստեղ: Երբ որ նախագծում նշվում է, որ կրթության, գիտության եւ մշակույթի բացառիկ հաստատություն է ԵՊՀ-ն, ձեր բոլոր գրածներն ու հիմնավորումները մոտ են եթե ոչ ցնդաբանության, ապա գոնե ակադեմիական ռասիզմի: Սա ուղղակի անթույլատրելի է»,- ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այսպես նախարարի պահվածքից դժգոհեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Մինչ այդ նախարարը բանավեճ էր ունեցել իմքայլական Գեւորգ Պապոյանի հետ, որովհետեւ նախագծով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ են տալիս ու ֆինանսավորման հատուկ կարգ սահմանում:
Ըստ Գորգիսյանի, մենք պետք է բոլոր պետական, հանրային բուհերի համար ապահովենք նույն պայմանները եւ սա առնվազն ռասիզմ է՝ նախարարի կողմից ցուցաբերված:
Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանն ասաց. «Պարո՛ն պատգամավոր, ձեզ կոչ եմ անում կոկետության, զսպվածության եւ հարգալից արտահայտչաձեւեր ընտրել: Ինձ պետք չի հիշեցնել իմ զբաղեցրած պաշտոնը, ես չեմ մոռացել: Ես այստեղ ԵՊՀ-ի ներկայացուցիչը չեմ, այո, ես ԿԳՄՍ նախարարն եմ: Երկրորդ՝ ռասիստական գնահատականներ կգնաք այլ միջազգային դատարաններում կհնչեցնեք: Խնդրում եմ այլեւս բովանդակային դաշտում ձեւակերպեք բոլոր հարցերը, պրոֆեսիոնալ հարթության մեջ ես պատրաստ եմ ցանկացած կնճռոտ հարց քննարկել: Եկեք ԿԳՄՍ նախարարության տիրույթում գտնվող ցանկացած պրոֆեսիոնալ հարց քննարկենք»:
Կարդացեք նաև
Գորգիսյանի համար տարօրինակ էր՝ ինչպե՞ս է ԵՊՀ-ն բացառիկ՝ Կոնսերվատորիայի, Բժշկական համալսարանի համեմատ ու պնդեց՝ այդ բացառիկ կարգավիճակ տալը ռասիզմ է. «Դուք միայն ԵՊՀ-ի PR-ով եք զբաղվում»: Նախարարն էլ հակադարձեց՝ դուք ռասիզմի PR-ով եք զբաղված:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ