ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց` ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում կա՞ այդպիսի բան, որ մի բուհ ունի հատուկ կարգավիճակ՝ մյուսների համեմատ, ինչո՞ւ ենք ԵՊՀ-ին տալիս հատուկ կարգավիճակ. «Այդ ի՞նչ առանձնահատկություն ունի ԵՊՀ-ն ու նրա տված դիպլոմը՝ մյուս բուհերի համեմատ, որ պետք է ունենա հատուկ կարգավիճակ, ֆինանսավորման հատուկ կարգ: Ինչո՞ւ Պոլիտեխնիկը չպետք է ունենա ֆինանսավորման հատուկ կարգ, ԵՊՀ-ն պիտի ունենա: Չկա՞ն ավելի լավ զարգացող բուհեր, քան ԵՊՀ-ն, ինչո՞ւ նրանց էլ չեք տալիս հատուկ կարգավիճակ»:
Նախարարը պատասխանեց. «Ամեն ինչ չէ, որ պետք է փնտրել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում եւ այլն: Մենք ունենք պատմություն, ավանդույթներ: Ցանկացած բուհ ձեր նշած կամ չնշած երկրներում, բուհը դա սովորական հիմնարկ չէ, որ պետք է ունենա կնիք եւ բանկային հաշիվ: Աշխարհի առաջադեմ բուհերը ավանդույթների պատմություն ունեն: Օրինակ, Մոսկվայի պետական համալսարանն ունի հատուկ կարգավիճակ: Արեւմտյան երկրներում որեւէ բուհ չի անվանվում մայր բուհ, այդ բառը պատահական չէ, կարիք չկա հիմնավորել, որ ԵՊՀ-ն մեր բուհական համակարգի լոկոմոտիվն է, ե՛ւ մայրն է, ե՛ւ հայրն է: ԵՊՀ-ն ավելի քան 100 տարեկան է»:
Պապոյանը հակադարձեց՝ ասելով. «Այս կամ այն բուհին դիտարկում են լավ կամ վատ լինելը ուսանողները, տված կրթությունը, աշխատաշուկայում նրանց պահանջարկը, ավարտած ուսանողների աշխատանք գտնելը առաջին տարում՝ տոկոսը, մասնաբաժինը»: Ըստ Պապոյանի, աշխարհի շատ առաջատար երկրներում նման բան չկա, որ մի բուհին հատուկ կարգավիճակ տան, դա խորհրդային ավանդույթ է, որը տեղ է գտել այս նախագծում:
Նախարարը ի պատասխան ցավ հայտնեց, որ ԵՊՀ-ն այդպես են դիտարկում. «ԵՊՀ-ի մասով խնդրում եմ մի քիչ ավելի պատասխանատու ձեւով 2019 թվականից սկսած հաշվարկ արեք: Այսօր ԵՊՀ-ն ունի խնդիրներ եւ ոչ միայն ԵՊՀ-ն: Աշխատաշուկա եւ այլն՝ հնչեցրեք այդ թվերը, հրապարակե՛ք: ԵՊՀ-ն որեւէ խնդիր չունի այդ թվերից ինչ-որ նեղվելու, երբեք չի հաջողվի ձեզ հակառակը ապացուցել»:
Կարդացեք նաև
Նախարարը այնքան տրվեց զգացմունքներին, որ ժամանակ, տեւողություն, ամեն ինչ մոռացավ, հետո ներողություն խնդրեց. «ԵՊՀ-ի մասին չեմ կարողանում առանց էմոցիայի խոսել, կներեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ