Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բուհի կառավարման խորհրդի անդամների թիվը բարդ է հիմնավորել, ինչպես որ գիտականորեն բարդ է հիմնավորել, թե ինչու պատգամավորների թիվը պետք է լինի այսքան». Դումանյան

Փետրվար 10,2021 12:43

Այսօր ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկում է բուհերի կառավարման խորհուրդները ձեւավորել 9 հոգանոց կազմով, որից 5-ը կլինեն կառավարության եւ լիազոր մարմնի կողմից, 4-ը՝ դասախոսներ կամ ուսանողներ: Գործող օրենքի համեմատ այդ թիվը նվազեցվում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց, թե ինչո՞ւ հենց 9, ինչո՞վ են եկել համոզման, որ կառավարության 5 ներկայացուցիչները կարող են ապահովել բուհի ինքնավար, անկաշկանդ կառավարումը: Նախարարը պատասխանեց, որ 4 ներկայացուցիչ բուհն է ընտրելու՝ կլինեն ուսանող, թե դասախոս, համամասնությունը չեն ամրագրել: Ինչ վերաբերում է խորհրդի անդամների թվին՝ Դումանյանն ասաց, որ շատ բարդ է դա անառարկելիորեն հիմնավորել, ինչպես որ բարդ է գիտականորեն հիմնավորել, թե ինչու պետք է պատգամավորների թիվը լինի այսքան: Նախարարը հավելեց, որ բուհերի թիվն էլ է մեծ մեր փոքրիկ հանրապետության համեմատ:

Թե ինչպես են բուհի կառավարման խորհրդի անդամների հարաբերակցությունը այդպես որոշել՝ 5/4, նախարարը պատասխանեց, որ իր անձնական կարծիքով պետք է լինի 9/0. «Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար: Պատասխանատվությունը միայնակ չի լինում, իրավունքների հետ է լինում: Այսօր այդ որոշումը բացարձակ ընկալելի չէր լինի մեր հանրության, ուսանողության ու դասախոսության կողմից»:

Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությամբ բուհերին տրված է իրավունք ունենալ ինքնավարություն ու այս հաշվարկով՝ 9 հոգանոց կառավարման խորհրդով, ակադեմիական եւ ուսանողական շրջանակին տրված է շատ սահմանափակ տեղ, վտանգված է ինքնավարության իրավունքը: Նախարարը պատասխանեց, որ բացարձակ ճշմարտություն չէ դա, մոտեցումները տարբեր են. «Ինքնավարություն: Շփոթվում է դա այլ բանի հետ: Բուհի ինքնավարությունը սկսվում եւ ավարտվում է բուհի առաքելությունն իրականացնելու գործունեության մեջ: Բուհը ինքնավար է իր կանոնադրական նպատակները եւ խնդիրները իրականացնելու գործում: Ինչ վերաբերում է կառավարիչ նշանակելուն, կառավարիչը ընդամենը պետք է բուհի անձնակազմի համար ստեղծի կոմֆորտային պայմաններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728