Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը ապաքրեականացվում է. Արա Զոհրաբյան

Փետրվար 10,2021 11:24

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգային ժողովը 2021թ. փետրվարի 9-ի օրակարգում ներառել է նաև «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: (Տես 10-րդ կետը)

Այս նախագծերի փաթեթի հետ կապված առկա են հետևյալ խնդիրները՝

1.Նախագծով ԿՐԿԻՆ փորձ է արվում օրենսդրական դաշտ ներմուծել ԶՈՒԳԸՆԿԵՐ հասկացությունը, առանց սահմանելու այդ հասկացության իմաստը:

Իսկ թե ինչ նկատի ունի գործադիր իշխանությունը «Զուգընկեր» ասելով, բացահայտված է մեկ այլ նախագծով, որը բարեբախտաբար հանրային ճնշման ներքո դեռ «միս ու արյուն» չի ստացել: Ըստ նշված նախագծով փոփոխվող «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի՝ «զուգընկեր»-ը միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձն է:

2.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով բժշկին տրվում է իրավունք ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը անմիջականորեն տրամադրել նաև 14 տարեկան անձանց: Այսինքն, առանց ծնողի ներկայության դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը կարող է դեռահասի համար առաջացնել ծանր հետևանքներ՝ ախտորոշումը ծնողներից թաքցնելուց և բուժվելուց խուսափելուց սկսած մինչև ինքնասպանություն:

Այս նորմը հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որի համաձայն նման տեղեկություն ստանալու տարիքային նվազագույն շեմը 16 տարեկանն է (ի դեպ 06.05.2020թ.՝ արտակարգ դրության ժամանակ, Ազգային ժողովը նշված տարիքային նվազագույն շեմը 18-ից իջեցրել է 16-ի):

3. Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելով ՄԻԱՎ հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը ապաքրեականացվում է, իսկ այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ վարակելու… մասով պատիժը՝ մեղմացվում՝ նախկին առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկումը փոխարինվում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:

Քրեական օրենսգրքի այս փոփոխությունը հանգեցնելու է ՁԻԱՀ –ով հիվանդ անձանց քանակի ավելացմանը: Օրինակ, եթե ՁԻԱՀ-ով հիվանդ մարմնավաճառը սեռական հարաբերություն ունենա մեկ այլ անձի հետ, ապա դա քրեորեն պատժելի արարք կհամարվի, անկախ նրանից մյուս անձը վարակվել է, թե՝ ոչ: Այս փոփոխության արդյունքում, այդ արարքը հանցագործություն չի համարվի և բնականաբար ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով հիվանդ մարդիկ առավել հեշտ նման ռիսկի կգնան:

Հ.Գ. Թվում է, թե պատերազմի և հետպատերազմյան մեծ խնդիրները կլանում են այս փոքրիկ թվացող խնդիրը, բայց իմ կարծիքով, սա ազգակործան հերթական մեխն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728