Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողներն ավելի շատ հետաքրքրվում են արտաքին գործոններով. ինչպես կանխարգելել ինքնասպանությունները դեռահասների շրջանում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 10,2021 09:50

Վերջերս դեռահասների շրջանում ինքնասպանությունների դեպքերը պատճառ դարձան ավելի շատ խոսելու թեմայի մասին՝ փորձելու հասկանալ դրանց խորքային պատճառներն ու կանխել ժամանակին:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թեւոսյանն այսօր «Մեդիակենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացրեց դեռահասության տարիքին բնորոշ առանձնահատկությունները, անդրադարձավ այն գործոններին ու հանգամանքներին, որոնք կարող են դառնալ ինքնասպանության պատճառ:

Մասնագետի դիտարկմամբ՝ դեռահասի համար ինքնասպանության իրական նպատակը երբեք մահանալը չէ. նա իր այդ քայլով պարզապես ուզում է ազատվել ցավերից կամ ներքին տանջող ապրումներից, ուստիեւ շատ կարեւոր է ժամանակին տեսնել ու զգալ այն ազդակները, որոնք փոխանցում է դեռահասը, որպեսզի հնարավոր լինի կանխել ամենասարսափելին:

«Իր զգացմունքների մասին դեռահասը միշտ եւ ինչ-որ ձեւով ազդակներ է ուղարկում շրջապատին. դրա մասին կարող է բարձրաձայնել ինչպես ուղղակիորեն՝ լավ չեմ, չեմ ուզում ապրել, այնպես էլ կարող է դրսեւորվել անուղղակիորեն՝ էլ չեմ դիմանում, ոչ մեկի պետք չեմ եւ նման մտքեր արտահայտելով: Նրանց հուզական վիճակը երբեմն կարող է արտահայտվել ոչ միայն խոսքային դրսեւորումներով, այլ նաեւ՝ վարքային ձեւերով. դեպի արտաքին աշխարհ է ուղղվում ագրեսիան. երբեք անվայել վարք չցուցաբերած երեխան սկսում է հայհոյել, փորձում ճնշել ուրիշներին կամ մեղադրել բոլորին: Պատահում է, որ հոգեհուզական դրսեւորումները արտահայտվում են նաեւ նրա ներաշխարհում. իր մեջ պարփակվում է, կատարում ինքնավնասումներ, ունենում դատարկության զգացում, հետաքրքրությունների կորուստ, առաջանում են ընկճված հուզական վիճակներ, որտեղ կան ինքնամեղադրանքներ, պատժվելու վախ ծնողների եւ շրջապատի կողմից»,- նշեց Մարիա Թեւոսյանը:

Ըստ մասնագետի՝ շատ դեպքերում ժամանակին եւ ճիշտ որոշումներ չկայացնելու պատճառներից մեկը դառնում է այն, որ երեխայի վարքագծում նկատելով այդ փոփոխությունները՝ ծնողները բարկանում են, մեղադրում երեխային, որ չի ուզում աշխատել, ծույլ է եւ այլն: Եվ հենց այստեղ է, որ դեռահասի մոտ սկսում է թերարժեքության բարդույթը խորանալ. առաջանում է այն միտքը, թե ինքը չի համապատասխանում ծնողի՝ իր մասին ունեցած պատկերացումներին: Մինչդեռ այստեղ շատ կարեւոր է տեսնել, թե ինչ է կատարվում դեռահասի ներաշխարհում, փորձել աջակցել եւ ոչ թե մեղադրել կամ քննադատել:

«Այսօր ծնողներն ավելի շատ հետաքրքրվում են դեռահասների հետ կապված արտաքին գործոններով՝ դասերով, պարապմունքներով, ստացած գնահատականներով, նրանք քիչ են հետաքրքրվում դեռահասի ներաշխարհով, հետաքրքրություններով. ինչ են ուզում նրանք, ինչն է նրանց հետաքրքրում: Պետք է հետաքրքրություն դրսեւորել երեխայի անձի, կյանքի նկատմամբ, կազմակերպել համատեղ ժամանց, շատ զրուցել տարբեր թեմաներով եւ այդ զրույցներում հնարավորություններ տալ երեխային արտահայտել իր կարծիքները եւ բանավիճել, այսինքն՝ անհրաժեշտ է ծնող-երեխա հարաբերությունները կառուցել այս հիմքերի վրա»,- խորհուրդ տվեց մասնագետը:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728