Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդերի» եւ «թավշյա». զուգահեռներ

Փետրվար 10,2021 10:00

«Գունավոր հեղափոխությունները մշտապես բացատրում են լավագույն մտադրություններով: Ինչպես հայտնի է՝ այդ մտադրություններով պատված է ճանապարհը դեպի դժոխք», – անցած տարվա դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ասվածի համատեքստը թույլ չի տալիս կասկածելու, որ նա նկատի ուներ այն, ինչ տեղի ունեցավ, մասնավորապես, Հայաստանում եւ այն, ինչից, նրա կարծիքով, կարողացավ խուսափել Բելառուսը:

Մի կողմ թողնենք այն, թե որոշ դեպքերում այդ «դժոխքն ապահովելու» մեջ ինչ դեր է խաղացել ինքը՝ Ռուսաստանը: Պարզապես արձանագրենք, որ հեղափոխությունները (եթե անգամ մենք դրանք «գունավոր» չկոչենք) հետխորհրդային տարածքում հանգեցնում են առնվազն տարածքային կորուստների: Այդ առումով համեմատենք այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում եւ Վրաստանում: Սաակաշվիլիի օրոք 2008 թվականին Վրաստանը կորցրեց այն տարածքները, որոնք այդ պահին արդեն իսկ այդ երկրի վերահսկողության տակ չէին եւ որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին այլ ազգերը: Փաշինյանի օրոք մենք կորցրեցինք այն տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ էին, եւ որտեղ ապրում էին հայերը:

2003 թվականի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանը ստացավ եւ շարունակում է ստանալ Արեւմուտքից հսկայական նյութական օգնություն: «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը ոչ մեկից շոշափելի օգնություն չստացավ (հիմնականում շարունակում է ստանալ այն օգնությունը, որը կար նաեւ «Սերժի վախտ»), ավելին՝ պատերազմի ժամանակ մենք չստացանք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Արեւմուտքի նույնիսկ բարոյական աջակցությունը:

Մի հատկանշական տարբերություն եւս. 2008 թվականին Ռուսաստանը հայտարարում էր, որ դեմ է «տարածքային ամբողջականությունը» ռազմական ճանապարհով վերականգնելուն, ինչը, նրա կարծիքով, անում էր Սաակաշվիլին Հարավային Օսիայի հանդեպ: 2020 թվականին, երբ դա անում էր Ալիեւը, Ռուսաստանի արձագանքն այլ էր, մոտավորապես հետեւյալը. «Իհարկե, լավ չի, բայց ի՞նչ արած՝ դա միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է»: «Միջազգային ճանաչումն», ինչպես հայտնի է, տարբեր դեպքերում տարբեր ձեւով է մեկնաբանվում:

Հետաքրքիր է, թե ինչ տեղի ունեցավ Վրաստանում հեղափոխությունից եւ տարածքային կորուստներից հետո: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց «Վրացական երազանքին», եւ «Վարդերի հեղափոխության» առաջնորդը (ի պատիվ իրեն) ընդունեց այդ պարտությունը, որից հետո նրան եւ նրա շրջապատից մի քանի հոգու սկսեցին հետապնդել: Այդ հետապնդումներից խուսափելու համար Վրաստանի նախկին նախագահն ապրում է հայրենիքից դուրս:

Հայաստանում չկա ավանդույթ, ըստ որի, իշխանությունը, ընտրություններում պարտություն կրելուց հետո, ընդունում է իր պարտությունը: Իսկ որ Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո (երբ էլ դա լինի) նույնպես կսկսեն հետապնդել, դա ակնհայտ է: Նույնպես ավանդույթ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի քաղաքացու մոտ ակնառու արժեհամակարգային զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Վրաստանի հետ սերտ կապեր ունեցողները նկատած կլինեն վերջին 18 տարիների ընթացքում վրացի անհատի դրական զգալի տեղաշարժը: Իմ կարծիքով դա Վրաստանի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումն է: Հետևությունը, վերը նշված մարդ անհատի այդպիսի թռիչքային փոփոխության, թողնում եմ ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728