Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդքան փող կար, որ դու պատրաստ էիր Ալիեւին 5 մլրդ տայիր, դնեիր բանակի մեջ, բա խի՞ չդրեցիր, բա խի՞ էիր գնում Գերմանիա գլուխ գովում, ասում՝ 80-ականների զենքեր են». Ալեն Սիմոնյան

Փետրվար 10,2021 00:27

«Միանշանակ, «Իմ քայլը» վարկանիշի անկում է ունեցել: Դա նորմալ է, չես կարող միշտ 72 տոկոս ունենաս՝ անկախ նրանից՝ պատերազմ կլիներ, թե չէր լինի: Բայց միանշանակ գոյություն ունեցող քաղաքական ուժերի հետ համեմատած՝ 10-20 անգամ ավելի բարձր է այսօրվա իշխանության վարկանիշը: Այ դա է մեր խնդիրը, որ այսօր մենք ունենք ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության հետ կապված ճգնաժամ, որովհետեւ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա: Ընդդիմությունը ցավոք այն նախկիններն են, որոնք առաջարկ չունենալով՝ իրենց անձնական շահերը սպասարկելու համար քաղաքական հայտարարություններով փորձում են ինչ-որ բան ապահովել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Այն թեզը, որ Փաշինյանի դիրքերը թուլացել են երկրի սահմաններից դուրս, ինքը չի կարող լավ բանակցող լինել Ալիեւի հետ ու մեր երկրի շահերը ներկայացնել, ըստ Ալեն Սիմոնյանի, արդար չի. «Մենք պարտվել ենք, բայց մենք չենք ծնկել: Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը ընտրված է, ինքը ներկայացնում է ՀՀ ժողովրդին: Ինքը թերեւս ամենալեգիտիմ մարդկանցից մեկն է ՀՀ պատմության մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո մենք այդպիսի լեգիտիմություն ունեցող ղեկավար չենք ունեցել ու այսօր էլ մենք գիտենք, որ ինքը, այդ գործընթացի մեջ լինելով՝ շատ մանրուքներ գիտի, որը կարեւոր է ու օգտակար: Տեսեք, իրենք ներկայացնում էին Վազգեն Մանուկյանին: Ես համարում եմ, որ Վազգեն Մանուկյանը այլեւս թեկնածու չի, ինքը պրծել է, խոսակցությունը վերջացել է: Հիմա պետք է մի հարմար պատեհ պահ գտնեն, որ պարոն Մանուկյանին շնորհակալություն հայտնել ու ուղարկել թոշակի: Երբ առաջարկ էին անում, որ Վազգեն Մանուկյանը գալիս է մեկ տարով, դա աբսուրդ էր քաղաքական առումով: Այսինքն, Ալիեւը, կամ որեւէ այլ պետության ղեկավար պետք է բանակցեր մի արդու հետ, որը մի տարի հետո չէ՞ր լինելու: Ինչ-որ գործընթաց կարող է տեւեր տարիներ: Այսինքն, Ալիեւը պիտի բանակցեր Վազգեն Մանուկյանի հետ, հետո 4-5 տարի հետո մտածեր ասեր՝ բայց այս մարդը չի լինելու, պատասխանատվություն չի կրելու, ո՞նց ենք մենք այս մարդուն վստահելու: Բանակցային պրոցեսը դա տապալելու էր»:

Հարցրեցինք՝ որ ասում եք՝ պարտվել ենք, բայց չենք ծնկել, էլ ծնկելը ո՞նց է լինում՝ Ալեն Սիմոնյանը բացատրեց. «Որ դու առանց կռվելու գնում ես, ծնկում ես: Իսկ մենք կռվել ենք մինչեւ վերջ, արել ենք մեզնից հնարավոր ամեն ինչ: Կռվել ենք Թուրքիայի, վարձկանների, մեզանից տասնապատիկ հարուստ եւ զինված ադրբեջանցիների հետ եւ չենք ծնկել ի սկզբանե, գնացել ասել՝ ինչ ուզում եք արեք, մենք հանձնվում ենք»: Դիտարկմանը, որ դա անխոհեմ քայլ է որակվում, որովհետեւ երբ ռեսուրսները չեք գնահատում՝ մենք ինչքանով կկարողանանք դրան դիմակայել, այդքան զոհ, կորուստ ենք ունենալու, դրա ի՞նչ է հպարտանալու բան՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ գնահատման մեխանիզմը շատ վերացական է, այնպես չի, որ դու ունես 5 հատ փամփուշտ ինքը ունի 10 հատ, ակնհայտ է, որ ինքը ավելի շատ կարող է կրակի: Դա աշխարհաքաղաքական շատ ելեւէջներից է կախված: Ասել, որ անխոհեմ է…երբ որ 20-30 տարի իմանում էին, բա ինչի մեզ չէին ասում նախկին իշխանությունները»:

Մեր դիտարկմանը, որ նախկինները գոնե կանգնեցնում էին պատերազմը 4-րդ օրը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այդ կանգնեցնելու ռեսուրսը 2016-ին սպառվեց: Դա վերջին կանգնեցնելն էր, որ հնարավոր էր կանգնեցնել: Մենք անընդհատ ձգել ենք ու անընդհատ Արցախի կարգավիճակի հարցը չենք կարողացել ֆիքսել»:

Հարցին՝ այսինքն, Պուտինը ստո՞ւմ էր, երբ ասում էր, որ հոկտեմբերի 20-ին հնարավոր էր ավելի լավ պայմաններով կանգնեցնել պատերազմը, Փաշինյանին առաջարկվել է, գոնե այդ ժամանակ կանգնեցնեիք՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հավատացեք, տարածքային պայմանների առումով տարբերությունը նոյեմբերի 9-ի եւ ձեր ասած հոկտեմբերի 20-ի մեջ միայն շատ երկար կարելի է նստել, նայել, որ գտնել: Վերահսկողությունը Շուշիի չէր լինելու, հավատացեք»: Խաբո՞ւմ էր Պուտինը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Ընկալման խնդիր կա: Եթե փախստականները գալու էին, մենք ունենալու էինք այ այս նույն իրավիճակը»:

Հարցին՝ դուք բացառո՞ւմ եք, որ Փաշինյանը դարձել է մի մեծ աշխարհաքաղաքական դավադիր ծրագրի մաս, բացառո՞ւմ եք, որ Փաշինյանը հողերը ծախել է, որովհետեւ Բելառուսի նախագահի ձայնագրությունից հետո հարց է առաջանում՝ հետո կիմանա՞նք ինչ է առաջարկվել Փաշինյանին ու ինչ պատասխան է տվել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Լավ էլի, ի՞նչ եք խոսում, ի՞նչ է նշանակում ծախել: Կա՞ մեկը այսօր, որ կուզենա Փաշինյանի տեղը լինի: Որ ասում են՝ այդ ասողները նաեւ ամեն ինչ արեցին, որ մենք պատերազմը պարտվենք: Եթե մեջբերում եք այդ խոսակցությունը, որը վստահաբար տարածել է հենց կողմերից մեկը ու հաստատ ոչ բելառուսական կողմը, ակնհայտ է, դե եթե այդքան փող կար, որ դու պատրաստ էիր Ալիեւին 5 մլրդ տայիր, դնեիր բանակի մեջ, բա խի՞ չդրեցիր, բա խի՞ էիր գնում Գերմանիա գլուխ գովում, ասում՝ 80-ականների զենքեր են, բա ԱԹՍ-ներ առնեիք, օդը փակող սարքեր առնեիք: Լավ, չէիք անում, գոնե երեխեքի կոշիկի, վարտիքի հարցը լուծեիք: Ալիեւին մեծ-մեծ կենաց խոսալով Բելառուսի նախագահին բա՞ն ես ասում: Լավ, էլի, մեր մարդիկ ամեն ինչ լավ էլ հասկանում են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարելի է ասել ամենալավ մարմնավորումն է, որը որ կարող է լինել: Ավելի լավ ՀՀ ժողովրդին ներկայացնող անձ չի եղել: Ինքը ժողովրդից մեկն է»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածներ էր հայտնել, թե ինչու պատերազմի ժամանակ նախագահականը չէին թիրախավորել: Ալեն Սիմոնյանի հակափաստարկները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728