Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բաբո, գրադը մամային խփել է». երեք պատերազմ տեսած հադրութցի ընտանիքը կորցրել է ամեն ինչ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 10,2021 00:42

«Երեկ Գայանեն (թոռնիկը-Ն. Գ.) լացում էր, ուզում եմ գնամ Հադրութ, ամիի հանգիստարանը… էէէէ, բալա, հանգիստարան ա մնացոլ…». տիկին Անյուտան (իրեն այդպես են դիմում), չի կարողանում արցունքները զսպել, որդու գերեզմանն են թողել Հադրութում: Իրենց տունն էլ չկա`ամբողջությամբ այրվել է, Հադրութն էլ հայկական չէ… 14 հոգանոց ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Արմավիրի մարզի Արշալույս համայնքի մանկապարտեզում:

Այստեղ այժմ 59 անձ է ժամանակավոր ապաստան գտել`11 ընտանիք: Սկզբում 135 անձ էին, մի մասը տեղափոխվել են`ՀՀ տարածքում վարձով բնակարաններ, մի մասը վերադարձել Արցախ: Մանկապարտեզի բնակիչները հիմնականում Հադրութի շրջանից են, կան նաեւ Քաշաթաղից, Շուշիից, Կարմրակուճից, Թահասեռից: Ստեփանակերտցիներն արդեն վերադարձել են:

Նրանք երեք անգամյա սնունդ են ստանում: Սանիտարահիգիենիկ եւ խոհանոցի աշխատանքները իրենք են հոգում`մանկապարտեզի աշխատակիցների հետ. նրանք հերթափոխով աշխատում են, որպեսզի իրենց հյուրերին միայնակ չթողնեն: Սնունդ եւ հագուստ ստանում են թե տարբեր բարեգործական ծրագրերից, թե գյուղի բնակիչներն են օգնում, թե գյուղապետարանը: Մանկապարտեզի անձնակազմից էլ շատ գոհ են, իրենց հարազատի նման են վերաբերվում:

Մեր այցելության պահին տիկին Անյուտայի ընտանիքը Մարտակերտից հյուրեր ուներ: Տիկին Անյուտան տատից ժառանգած շնորհ ունի`դեղաբույսերով տարբեր թուրմեր է պատրաստում`սթրեսը հանող. երիտասարդ ամուսինները եկել են`տիկին Անյուտային տեսության` հաճելին ու օգտակարը համատեղելու ակնկալիքով:

Անուշիկ Դավթյանը «Ղ տելեկոմի» նախկին աշխատակից է. «Ամուսինս զինվորական է, երեք կռիվ է տեսել, 1991 թվականին գրադն ինձի խփել ա, հայաթում կով էի կթում»: Մեծ որդին այդ ժամանակ  չորրորդ դասարանում էր սովորում, մյուսը`երկրորդ, աղջիկը` Նադեժդան, ծնվեց  «կռվի ժամանակ»`1990-ին: Մեծ տղան վազում է տատիկի տուն`տատին օգնության կանչելու`«բաբո գրադը մամային խփել ա»: Պատերազմի ավարտից հետո հայտնաբերում են, որ որդին առողջական խնդիր ունի`սրտի հետ կապված: Նա մահանում է 30 տարեկանում, հոր ձեռքերի մեջ…

Մյուս որդին`չորս երեխա ունի. ապրիլյան քառօրյային էլ է մասնակցել, վիրավորվել է ոտքից, 44-օրյայի ժամանակ նույնպես վիրավորվել է`դիպուկահարի կրակոցից`դարձյալ ոտքից: Դեռ ապաքինվում է, խնդիրը լուրջ է:

Տիկին Անյուտան հիշում է 44 օրյա պատերազմի սկիզբը. «25-ից տղաս հերթապահության է մեկնել, 27-ին սկսվել է: Առավոտ բեզպիլոտնիկներ, սամալյոտներ, եկել են` բամբիտ արել: Դիվիզիան էլ մեր տան մոտն է, հենց դպրոցի մոտ, մենք էլ մնում էինք եկեղեցու մոտ…տկլոր-թաթար, գիշերանոցով ելել ենք, ասել եմ`Լիլո (հարսն է-Ն. Գ.)`զանգի երեխուս`տեսնեմ էս ի՞նչ է կատարվում: Երեխոցը երկուսը ես եմ վերցրել, երկուսը`ինքը, իջել ենք նկուղ: Իջել ենք, տեսանք`չէ~, ավելի է վատանում…ասեցի`չէ, էս լավ բան չի:

Զանգում եմ տղուս`տղես ասեց`վսյո, սկսվեց: Ես վատանում եմ, ճնշումս բարձրանում… մեկ էլ դու մի ասի, երեխաս ընկել ա թուրքի «զասադի» մեջ, ինձ էլ բան չեն ասում: Ով զանգում է տղայիս`թուրքն ա վերցնում: Զանգում է հարսիս մաման, թե Անյուտա, Հադրութի վրա «սմերչներ» են գալու, երեխեքը հանի»:

«Զանգել եմ տղուս, թուրքն է վերցրել, ինձ էլ քրֆում է թուրքը: Հետո տղաս զանգում է, թե պապա ինձ չզանգես, հեռախոսս հենա թուրքերի մոտ, ես էլ հենա Ֆիզուլի, Արոյի հետն ենք»,- ամուսինը Մանվելն է պատմում 44-օրյայի մասին հիշողությունները:

Մանվելը զինծառայողի 38 տարվա ստաժ ունի: Արթուր Աղաբեկյանի, Վարդան Բալայանի, Նազիկ Ամիրյանի վարորդն է եղել: Պատմում է ու չի կարողանում արցունքները զսպել: «Մահացած երեխուս նկարը չկարողացա վերցնեմ»:

Նաեւ բարկացած է` ամեն տեղից կանչում`հագուստ են տալիս, բայց իրենք դրա կարիքը չունեն. «Բա ինձ շո՞ր է պետք… հարուստները ամեն ինչ ծախել են, մնացածը բերել են, ես պիժամայով եմ եկել, տունս այրվել է, ինձ շո՞ր է պետք: Հադրութի տեր հայրը զանգում է, ասում է`Մանվել, ինչի՞ դու տուն չունե՞ս Երեւան: Կանչում են մեզի խաբում են, հարուստներին փող են տալիս, մեզ`շոր: Ա, ինձ շոր պետք չի է~… 14 անձով ի՞նչ անեմ, ինչքա՞ն ստեղ մնամ»: Ուզում է գնալ Հադրութ. «Ես էլ եմ ուզում գնամ`տղայիս նկարը վերցնեմ`գամ»,- ասում է Մանվելը:

Հսրեւանուհին`Վարսիկը, որ Քարվաճառում էին տնավորվել`մտածում է ետ գնալու մասին, բայց չի համարձակվում, համատեղ բնակության հեռանկարը նրան չի ոգեւորում. «Չէ~, հույս չկա, հավատ չկա»: Երկու աղջիկ ունի, մի փեսան զոհվել է 44-օրյայում: «Դուրս գալուց չէի սպասում, որ էսքան կձգվի մեր մնալը…»,- ասում է նա:

Մանվելն է միջամտում զրույցին, պատմում է, որ տեսել է, թե ինչպե՞ս են երկու զինծառայող փախչում, բարկացել է, բայց որ նկարագրել են, թե ի՞նչ իրավիճակ է եւ ինչո՞ւ են փախչում`հասկացել է, որ եթե մնային, անիմաստ զոհվելու էին: Չի հասկանում`ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ, այդ ինչպե՞ս եղավ, որ հադրութցիների էվակուացիայի մասին ինքը չիմացավ, իր ընտանիքը վերջինն է եղել, որ լքել են քաղաքը: Հարցեր շատ ունի, պատասխաններ տվողներ դեռ չկան:

Տիկին Անյուտայի եւ Մանվելի աղջիկը`Նադեժդան, չորս երեխա ունի, հինգերորդը մինչեւ փետրվարի վերջ կծնվի: Շնորհակալ է Էջմիածնի հիվանդանոցի բժիշկներից, ամեն ինչ անում են, որ տարած սթրեսից հետո խնդիր չլինի`ոչ երեխայի, որ Նադեժդայի մոտ:

Մինչ մեծերը դարդ ու ցավից են խոսում, երեխաները խաղում են, վազվզում, աղմկում: Այստեղ երեխաներն էլ պարապ չեն. նկարում են, անգլերեն սովորում: Գայանեն թիթիզանում է իր նվեր ստացած գլխարկով, Վիտոն`արտասանում, Քրիստինան, որ երեխաներից ամենամեծն է`ամաչում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728