Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծուղակ՝ հաշմանդամության կարգը դատարանով վերահաստատվելուց հետո նպաստը չեն վճարում

Փետրվար 10,2021 14:00

«Ինքնուրույն տեղաշարժվելու կարողության» առաջին եւ «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության» երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակումներով հաշմանդամը ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա նույն վիճակում է, սակայն հաշմանդամության երկրորդ կարգը դարձել է երրորդ:

«Կրկին հաշմանդամ ճանաչվելու, կարգ ստանալու բողոքներում կան օրենսդրական խութեր» հրապարակումից հետո արձագանքներ եմ ստացել հաշմանդամներից, նրանց շահերը վարչական դատարանում ներկայացնող փաստաբաններից:

Եթե ընթերցել եք, նշյալ հոդվածում անդրադարձել էի Ա.Ս.-ի վարչական գործին: Ա. Ս.-ն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնի՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժնին իրավունքի խախտման օրվանից՝ 11.06.2016 թվականից մինչեւ 01.02.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուն եւ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Ըստ երրորդ կարգի հաշմանդամի (նա 2003 թվականից տառապում է 1-ին տիպի շաքարային դիաբետով) դատարանը հօգուտ նրա վճիռ կայացնելով, լուծելով հաշմանդամության կարգի հարցը, դատական ակտում անդրադարձ չէր կատարել հայցվորի անցած ժամանակահատվածի համար նպաստ վճարելու հարցին, ինչն առիթ էր դարձել, որպեսզի հաշմանդամ կինը հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու եւ վճարելու համար կրկին դիմի ծառայության տարածքային բաժին, այս համավարակի օրերին իր սեփականությունը՝ թոշակը ստանալու համար:

Երեկ վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, Հերմինե Ա.-ի ներկայացուցչի՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանի «Չվճարված նպաստի գումարը վճարելուն պարտավորեցնելու վերաբերյալ» հայցի քննությունն էր նշանակվել:

Նույնանման գործ է: Հայցվորի ներկայացուցիչը պահանջում է՝ պարտավորեցնել պատասխանող կողմին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը՝ վճարել հաշմանդամ հայցվորին՝ 26.02.2018թ.-ից մինչեւ 01.03.2019թ. ժամանակահատվածի համար չվճարված նպաստի գումարը:

Իսկ այդ «պարտքը» ծագեց այն ժամանակ, երբ հայցվորը հաշմանդամության կարգին առնչվող հարցերով էր զբաղված:
«Առավոտին» 44-ամյա կնոջ փաստաբան-ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ԲՍՓ գործակալության Արարատի մարզի թիվ 2 հանձնաժողովի 2015թ. մարտի 2-ի որոշմամբ հայցվորը փորձաքննվել է առաջին անգամ եւ ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ մեկ տարի ժամկետով: Համաձայն թիվ 407-389 գործի 15-րդ կետի՝ հաշմանդամության երկրորդ խումբը երիտասարդ կնոջ համար սահմանվել է «Մարգինալ շրջանի լիմֆոմա՝ IV շրջան պերիֆերիկ, ներկրծքային, ներորովայնային ավշահանգույցների, թոքի ախտահարումով, արյունաստեղծ ֆունկցիայի արտահայտված խանգարումով» ախտորոշմամբ, որը, համաձայն թիվ 407-389 գործի 16-րդ կետի «բ» ենթակետի, բերել Է «ինքնուրույն տեղաշարժվելու կարողության» առաջին եւ «աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության» երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակումների:

Գործակալության Արարատի մարզի թիվ 2 հանձնաժողովի 2016թ. մարտի 1-ի որոշմամբ հայցվորը վերափորձաքննվել եւ կրկին ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ՝ դարձյալ մեկ տարի ժամկետով: Մեկ տարի հետո հայցվորը վերափորձաքննվել է գործակալության Արարատի մարզի թիվ 1 հանձնաժողովի կողմից, որի արդյունքում այդ հանձնաժողովի 2017թ. մարտի 29-ի որոշմամբ ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամ մեկ տարի ժամկետով:

Հայցվորը ստիպված դիմել է վարչական դատարան, քանի որ ձեռքի տակ են մեկ երրորդ կարգի, մեկ՝ երկրորդ կարգի հաշմանդամության մասին փաստաթղթերը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ վարչական դատարանն անցյալ տարվա մարտի 27-ին կայացրած վճռով բավարարել է ընդդեմ նախարարության հայցվորի հայցը: Դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի կողմից կայացրած թիվ 145-239 որոշումը եւ պարտավորեցրել էր պատասխանողին հաշմանդամ կնոջ նկատմամբ ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` սահմանել հաշմանդամության համապատասխան խումբ:

Այս ժամանակահատվածում, բնականաբար, նա իր նպաստը չի ստացել, ինչն ըստ փաստաբանի, նրա գույքային իրավունքն է, լեգիտիմ սեփականությունը:

Ինչ է ստացվում. հիվանդ մարդը երկու տարի դատարաններում է, վերականգնում է իր կարգը, հիմա էլ ասում են՝ նպաստի մասին չկա տող, գնա դա բեր:

Այն դեպքում, երբ հայցվորը դիմել է սոցիալական ապահովության ծառայության Մասիսի տարածքային բաժին, ներկայացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որին ի պատասխան հայտնել են, թե «ՎԴ/6262/05/18 վճռով անդրադարձ չի կատարվել անցած՝ 26.02.2018թ.-01.03.2019թ. ժամանակահատվածի չվճարված նպաստի գումարի վճարմանը, ուստի պահանջվող գումարի վճարման իրավական հիմքերը բացակայում են»:

Գեւորգ Մարտիրոսյանն ասաց. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին, ինչպես նաեւ հաշմանդամ երեխա ճանաչված անձին։ Հաշմանդամության նպաստը սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար։

Տվյալ դեպքում Հերմինե Ա.-ի նկատմամբ դատարանի վճռով հաստատվել է հաշմանդամության համապատասխան խումբ, որն ուժի մեջ է մտել անցյալ տարվա ապրիլի 28-ից, իսկ վճռով դատարանն անվավեր է ճանաչել նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Արարատի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի կողմից կայացրած որոշումը, որով վերջինս հաշմանդամ չէր ճանաչվել»:

Հայցվորի ներկայացուցչի դիտարկմամբ. «Պատասխանողի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ այդ հարցը օրենքով կարգավորված է եւ դատարանի կողմից դրան անդրադառնալու առհասարակ կարիք չկար»:

Նշենք, որ հայցվորի ներկայացուցիչը հղում է կատարել ՀՀ կառավարության 26.06.2014թ. «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաեւ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու եւ վճարելու կարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» թիվ 635-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված կարգին, որի 28-րդ կետի համաձայն՝ «Նպաստ վճարելը վերսկսվում է նպաստ ստանալու իրավունքն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում»:

Մարտի 1-ին դատարանը կհրապարակվի իր որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Այս «կարգա»զանցության դեմը չառնելու դեպքում, խնդիրը նոր ծավալ կստանա հաշմանդամ դարձած մեր հազարավոր զինծառայողների համար էլ, որոնք կարգ ստանալուց հետո հիմա էլ պետք է ընկնեն դատարանների դռները… իրենց հասանելիք գումարները ստանալու համար:

«Առավոտ» օրաթերթ
09.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728