Լրահոս
Օրվա լրահոսը

«Դվորժակի թավջութակի կոնցերտը միեւնույն ժամանակ օրհնություն է եւ անեծք»

Փետրվար 10,2021 13:30

Հարցազրույց գերմանացի ճանաչված թավջութակահար Ալբան Գերհարդի հետ

– Ընթացիկ տարին հոբելյանական է ձեզ համար. լրանում է ձեր բեմական գործունեության 30-ամյակը։ Առաջին անգամ եք Հայաստանում։ Դեռ մեկ փորձ եք կատարել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կուզեինք լսել ձեր կարծիքը։ Տեղեկացված ենք, որ առաջին ելույթով՝ 1991թ. հանդես եք եկել Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ, իսկ հետո արդեն ճանաչված այլ կոլեկտիվների ընկերակցությամբ։

– Դուք էլ առաջին անգամ եք ինձ հանդիպում։ Գուցե ասածս ձեր եւ հանդիսատեսի համար առաջին հայացքից տարօրինակ հնչի։ Երբեւէ չէի լսել ձեր ֆիլհարմոնիկին, նույնիսկ ձայնագրությունները։ Բայց, միեւնույն ժամանակ, բելգիաբնակ թավջութակահար Սեւակ Ավանեսյանից այնքան բարձրագոչ ու գովեստի խոսքեր էի լսել մաեստրո Թոփչյանի եւ, բնականաբար, նվագախմբի մասին, որ հրավերը ստանալուն պես մի վայրկյան անգամ չվարանեցի եւ ընդունեցի այն։

– Ենթադրում ենք, որ բացի Սեւակից, ունեք հայազգի այլ ընկերներ եւս։

– Ոչ։ Չզարմանաք, ես ընդհանրապես ընկեր չունեմ։ Բացատրությունը մեկն է՝ որովհետեւ ժամանակ չունեմ։ Իհարկե, լսել եմ նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի անունը։ Ամեն օր պարտավորված ես հոգ տանել ընտանիքիդ մասին, պատասխանել էլեկտրոնային նամակներին, շփվել մամուլի հետ։ Ի վերջո, ճամփորդության պատրաստվել, եւ այլն, եւ այլն։

– Անկեղծ ասած՝ մենք էլ ձեր գործունեության մասին փոքր-ինչ տեղեկացված ենք Սեւակից։ Օրինակ՝ այն, որ ձեր ելույթների համար դուք նոր լսարաններ եք փնտրում, ստեղծում, որոնք տարբերվում են ավանդական համերգասրահներից։

– Այո, դա այդպես է։ Դրանց թվում են դպրոցական ծրագրերը Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, որոնք ներառում են ելույթներ եւ սեմինարներ ոչ միայն դպրոցներում, այլեւ հիվանդանոցներում, հասարակական վայրերում, քրեակատարողական հաստատություններում եւ այլն։ Այստեղ՝ Երեւանում, ինձ դարձյալ հետաքրքրեցին դպրոցահասակ երաժիշտները։ Հինգ երեխայի հետ անցկացրել եմ վարպետության դասեր։ Ես չգիտեմ՝ գուցե լավագույններին էին ընտրել, բայց մի բան ինձ համար պարզ է՝ հայերդ ունեք հիանալի թավջութակի դպրոց։

– Դուք հիմնել եք «Երաժիշտները հանուն միացյալ Եվրոպայի» միջազգային խումբը։

– Այո, դա 2017 թվականին էր։ Մեր նպատակը մեկն է՝ ձայն բարձրացնել ի աջակցություն համախմբված դեմոկրատական Եվրոպայի։

– Նկատենք, որ Եվրոպան էլ վերջին շրջանում խաղաղ չէ։ Իհարկե, Աստված մի արասցե, որ պատերազմ լինի՝ ինչպես մեզ մոտ, բայց ամեն օր ցույցեր են, հաճախակի են դարձել ահաբեկչությունները…

– Համակարծիք եմ ձեզ հետ, բայց ձեր թվարկածները վերանալու կամ գոնե դրանք կանխելու նպատակով անհրաժեշտ է ձայն բարձրացնել ոչ միայն դիվանագիտական ու նման խողովակներով, այլեւ մշակույթով։

– 2020թ. հայտարարվեց, որ աշխարհում ամենաշատ կատարվող կոմպոզիտորը, իհարկե՝ դասականների թվում, Չայկովսկին է։ Թույլ տվեք մենք էլ հայտարարենք, որ աշխարհի թավջութակահարների նվագացանկում ամենաշատ կատարվողը չեխ կոմպոզիտոր Դվորժակի թավջութակի կոնցերտն է։ Յութուբը բառի իսկական իմաստով ողողված է այս ստեղծագործության բոլոր ժամանակների հիանալի կատարումներով։ Լայն ընթերցողի համար նշենք, որ առաջին կատարողն է Ստերնը՝ 1896թ., Լոնդոնում։ Այս կոնցերտի մասին ասում են, որ այն իսկական սիմֆոնիա է թավջութակի եւ նվագախմբի համար։ Մինչ հարցազրույցը, ընդամենը մի քանի րոպե հատվածաբար լսեցինք ձեր մեկնաբանությունը։ Այն մեզ հետաքրքրում էր, որովհետեւ Սեւակ Ավանեսյանը նախօրոք տեղեկացրել է, թե ձեր մեկնաբանումը աշխարհում ստացել է «գերհարդական կատարում» անվանումը։

– Նշեմ, որ փորձերի ընթացքում զգացի ամենակարեւորը՝ կոնցերտի իմ մեկնաբանությունն այլ դիրիժորների թվում ընդունվեց նաեւ Էդուարդ Թոփչյանի կողմից։ Ես ձեզ ուղիղ պետք է ասեմ՝ Դվորժակի թավջութակի կոնցերտը միեւնույն ժամանակ օրհնություն է եւ անեծք մեր՝ թավջութակահարներիս համար, քանի որ ոչ միայն թավջութակահարներն են պնդում, որ այն ամենագեղեցիկ կոնցերտն է ցանկացած գործիքի համար։ Ես դա նաեւ հայհոյանք եմ ընկալում, քանի որ թավջութակի իսկապես հսկայական երկացանկի վրա այս կոնցերտը իր ստվերն է գցում։

– Ի՞նչն է այն դարձնում այդքան եզակի։

– Այն լավագույնն է ներկայացնում թավջութակը, որը մեղեդային ու զգայական է իր գեղեցիկ մարդկային ձայնով եւ կարող է շշնջալ, լաց լինել, բարկանալ, ճչալ կամ սպառնալ…

– Բայց ձեր խոսքում բացակայում է հայհոյանքը…

– Այդ բառը գործածեցի հումորով, որի մեջ նաեւ ճշմարտություն կա։ Տեսեք, իմ դիտարկմամբ՝ աշխարհում այս կոնցերտը մի կողմ է հրել Դվորժակի հանճարեղ սիմֆոնիաները։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ նրա սիմֆոնիաներում, իհարկե, բարձրակարգ մեկնաբանման ժամանակ թավջութակը կարծես մշտապես գլխավոր հերոսն է, երբեմն-երբեմն էլ մարտահրավեր է նետվում մենակատար ջութակի, ֆլեյտայի, կլարնետի կամ հոբոյի կողմից։ Բնականաբար, երբեւէ չեմ տեսել չեխ պապիկին (նկատի ունի Անտոնին Դվորժակին), բայց սիմֆոնիաներից բացի, նրա դաշնամուրային գործերն ու օպերաներն այնքան մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա, որ որոշեցի երաժիշտ դառնալ։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

09.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728