Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Աշտարակի Սպիտակավոր եկեղեցում

Փետրվար 10,2021 13:00

Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին կանգուն է Աշտարակի հնագույն հատվածի՝ Բերդաթաղի հարավային մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին, փոքրիկ հրվանդանի վրա: Այն, ինչպես ուսումնասիրողներից Ս. Սաղումյանն է նկատել, կարծես հին բերդի աշտարակ-դիտակետ լինի, որը հսկում է դիմացի լանջով կամուրջ իջնող ու Բերդաթաղ ելնող ճանապարհը: Նա միաժամանակ ենթադրել է, որ տեղում՝ հնում եղել է մեկ ուրիշ եկեղեցի, որտեղ պահվել է Մարիամ Աստվածամորը վերագրվող՝ սպիտակավոր սրբությունը, որից էլ այն ստացել է իր անվանումը:

Եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի սկզբին, երբ Աշտարակը ազատագրվել է Զաքարյանների կողմից: Այն ուշագրավ է իր ճարտարապետական հորինվածքով: Ըստ հատակագծային մշակման՝ շինությունը շատ մոտ է քառակուսուն եւ փաստորեն ներկայացրել է հնավանդ տիպերի ուշ արձագանքը: Ենթադրվում է, որ եկեղեցին եղել է գմբեթավոր, որը կառուցվել է քառակուսի հիմնատակի եզրաձեւերով ձգվող կամարների վրա: Եկեղեցու վերաշինության նախագծում հաջողվել է ապացուցել խաչվող կամարների վրա բարձրացող թմբուկի իսկությունը: Եվ այդ են հաստատում եկեղեցու հյուսիսային ճակատում պահպանված ճակտոնի թեքադիր քիվերի մնացորդները, որոնք կարող են լինել միայն գմբեթավոր ծածկի ժամանակ:

Սպիտակավորն ունի երկու մուտք՝ հարավից, որ բացվում է ուղիղ ձորաեզրին, եւ արեւմուտքից: Ինչպես Եր. Շահազիզն է գրել. «Պետք է զարմանալ, թե առաջին մուտքից ինչպես են ելումուտ արել ժամավորները, քանի որ դա բաժանվում է գլխապտույտ, անդնդախոր ձորից մի անցուդարձի նեղ շավիղով»:

Շինության գլխավոր մուտքը արեւմտյանն է, որի երկու կողմերում նկատվում են արձանագրության հետքեր: Այդ վիմագրերից մեկը հավանաբար փորագրվել է 14-րդ դարի առաջին կեսին, որտեղ հաղորդվում է ոմն Մկրտչի կողմից եկեղեցու նորոգման մասին: Կարելի է ենթադրել, որ 1319 թ. սոսկալի երկրաշարժը, որ պատել էր ամբողջ Արարատյան աշխարհը, Շիրակն ու Վայոց ձորը, իր ավերիչ ազդեցությունն է ունեցել նաեւ այստեղ: Հավանաբար այդ երկրաշարժից էր կործանվել գմբեթը: Հետագայում, անշուշտ, եկեղեցին վնասվել է նաեւ 1679, 1840, 1916 եւ 1918 թթ. երկրաշարժերից: Ս. Բզնունին 1840թ. երկրաշարժի մասին գրել է իր «Զվարճալի հարսանիք» պատմվածքում. «Այս երկրաշարժի ժամանակ աշտարակցիք ամբողջովին դուրս եկան գյուղից եւ երկու ամսից ավելի իրանց այգիներում կացան, մինչեւ որ իսպառ անհետացավ երկրաշարժը»: Իսկ 1916թ. հոկտեմբերի 16-ին Աշտարակում կայացած երկրաշարժի մասին թղթակից Պոլոյանը նշել է. «Երեկոյեան ժամը 8-ին 35 րոպէին ուժեղ երկրաշարժ եղաւ: Վնասուածներ չկան»:

Սպիտակավոր եկեղեցին մեզ էր հասել խիստ ավերված վիճակում, կործանված էր ծածկը եւ պատերի վերին հատվածները: Եր. Շահազիզը նշել է, որ 19-րդ դարի վերջին, թաղի գյուղացիներից մեկը, որի տունը կից էր եկեղեցուն, փայտածածկել է տանիքը եւ այն օգտագործել իբրեւ պահեստ, մթերանոց: Եկեղեցին ուսումնասիրվել է 1948թ. հնագետ Հովսեփ Եղիազարյանի կողմից: Նա եկեղեցու շինությունը համարել է 13-14-րդ դարերի գործ: Նրա պատերին կան խաչաքանդակներ: Կառուցված է դեղնակարմրագույն սրբատաշ տուֆից, կրաշաղախով: Վերանորոգվել են պատերը եւ խորանի հատվածը, իսկ ծածկի հարցը մնացել է չլուծված: Սպիտակավորը, Եր. Շահազիզի խոսքերով՝ այդ «սիրուն եկեղեցին», կարոտ է առավել լուրջ ուշադրության ու խնամքի, նաեւ վերանորոգման:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
09.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728