Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոն

Փետրվար 10,2021 12:30

Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը մանրամասներ է հայտնում

Ստեղծվում է «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոն: Վերջինիս նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր եւ սոցիալական վերականգնումը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Սուրեն Արեենցը:

Նա տեղեկացրեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է կամավորների վերապատրաստման կենտրոն, որտեղ վերապատրաստում անցած կամավորներն արդեն իրենց մասնագիտական օգնությունը ցույց կտան ինչպես այդ կենտրոնում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում` երկրում գործող այլ կառույցներում:

«Հերոսների վերականգնողական քաղաքում» հիմնվելու է վերականգնողական կենտրոն, որը կգործի բարեգործական հիմունքներով՝ անվճար միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների եւ զինծառայության ու պատերազմի հետեւանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ եւ ԱՀ քաղաքացիների, սոցիալապես անապահով խավի այն անձանց համար, որոնք կունենան հրատապ բուժման կարիք: Անվճար բուժման հնարավորություն կստանան նաեւ զոհված ազատամարտիկների երեխաները:

Մեր զրուցակիցը հավելեց, որ արտասահմանյան լավագույն կլինիկաները եւ անհատ մասնագետները հնարավորություն կունենան իրենց մասնագիտական փորձը եւ ռեսուրսը ներդնել կենտրոնի շահառուների կյանքը եւ առողջությունը ավելի բարելավելու համար:

Սուրեն Արեենցը հայտնեց, որ «Հերոսների վերականգնողական քաղաքում» կհիմնվի պրոթեզարան, որտեղ կկիրառվեն աշխարհում հայտնի երկրների ժամանակակից փորձն ու մեթոդները: Նախատեսված է ստեղծել առողջապահական տուրիզմի զարգացմանը խթանող ենթակառույցներ, որպեսզի այդ կերպ ստացված միջոցները եւս ուղղվեն կենտրոնի շահառուների բուժմանը եւ կարիքների հոգմանը:

Հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունները կկարողանան իրենց փոքրիկ մասնաճյուղերը ունենալ եւ այդ մասնաճյուղերում որպես աշխատուժ ներգրավել առաջին հերթին հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքների անդամներին: Նախագծի հեղինակը նշեց, որ իրականացվելու են նաեւ բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան վիրավոր զինվորին ձեռք բերել ժամանակակից մասնագիտություն, ստանալ կրթություն՝ իրենց հարմար պայմաններում, լինել մրցունակ աշխատաշուկայում:

Սուրեն Արեենցից հետաքրքրվեցինք, թե ինչով է տարբերվելու իրենց կենտրոնը նմանատիպ այլ կենտրոններից: «Այս նախագծով առաջին հերթին զինվորների վերականգնում իրականացվելու է որպես հոգեկան առողջության կենտրոն: Ունեցանք եւ Արցախյան առաջին պատերազմ, եւ Ապրիլյան պատերազմ, եւ Արցախյան երկրորդ պատերազմ, հասկացանք, որ նման կառույցները պետք է լինեն ոչ միայն հոգեկան առողջության, պրոթեզավորման եւ այլն համար, այլ ընդհանրապես պետք է փորձենք հասկանալ բոլոր առաջնահերթությունները զինվորների վերականգնողական աշխատանքների հետ կապված: Այս պահի դրությամբ երկրում գործող բոլոր կենտրոններն իրար հետ վերցրած չեն կարողանում ապահովել տարեկան այն թվով զինվորների բուժում, որ մենք կարողանանք գոնե բուժել իննսունականների վիրավորում ստացած տղաներին, էլ չեմ ասում՝ Ապրիլյան պատերազմի 1200 վիրավորում ստացածների եւ վերջին պատերազմում 12000 վիրավորում ստացած տղաների մասին: Ոչ միայն այս կենտրոնը, այլ եւս քսան կենտրոն պետք է ստեղծվի, որ գոնե ամեն կենտրոնում 100 մահճակալ ավելացվի, տարեկան թողունակությունը հասցնենք հազարի»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ որտեղից են գտնվելու այդքան բժիշկներ, որ բուժեն մեծ թվով վիրավորում ստացածներին, նա հետեւյալ կերպ պատասխանեց. «Մեր կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մինչեւ կենտրոնի շինարարությունը երեք ուղղվածությամբ ենք աշխատում. առաջինը վերապատրաստումն է, որովհետեւ Հայաստանի եւ դրսի փորձի վերամիավորում է անհրաժեշտ, որպեսզի կարողանան մեր մասնագետներն իրենց անհատական փորձով եւ քիչ ռեսուրսներով աշխատեն, կարողանանք արտասահմանից հրավիրել մասնագետների, որոնք վերապատրաստում կիրականացնեն: Նաեւ ունենք պայմանավորվածություններ Հունաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ուկրաինայի հետ, որտեղից մասնագետներին երկարաժամկետ կուղարկեն Հայաստան եւ իրենց մասնագետների փորձի փոխանակումից բացի, իրենց փորձը կներդրվի: Հաջորդը հոգեբույժների, հոգեբանների խնդիրն է: Հայաստանում չկան նեղ մասնագետներ՝ զինվորական հոգեբաններ, մեր կենտրոնը վերապրոֆիլավորելու է Հայաստանում առկա հոգեբաններին, այդ ֆակուլտետ դիմած ուսանողներին: Կենտրոնը նաեւ առանձնանում է որպես ուսումնական կենտրոն, եւ այստեղ պատրաստված ուսանողներին կփորձենք մեզ մոտ պահել:

Պատերազմի օրերին մեր ընկերությունը բազմաթիվ կապեր էր հաստատել, եւ բարեգործություններն ու օգնությունները հասել էին այն ծավալին, որ մենք հասկացանք` այդ ռեսուրսն անիմաստ վատնել չի կարելի: Դրա համար ստիպված եղա իմ մասնագիտությունը փոխել եւ փորձել եղած կապերը մեկտեղել: Այս պահի դրությամբ ունենք երեք տեսակի պլանավորում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, որպեսզի ֆինանսական ռեսուրսները կարողանանք ճիշտ դասավորել: Կարճաժամկետ պլանավորումը 110 քմ տարածքով շենք է նախատեսում` վերապատրաստման, դասավանդումների համար: Ողջ շինանյութը կկարողանանք ձեռք բերել որպես նվեր, նվիրատվություն ունենք 6000քմ տարածք Պռոշյան գյուղում, որը դրսի բարերարի կողմից է: Միջնաժամկետ ծրագրում կառուցվելու է 3 քարե շենք: Գերմանիայի ՏՏ մասնագետները՝ իմանալով Հայաստանում նման կառույցի առկայության մասին, շենքի կառուցման հայտ են ներկայացրել, իրենք կառուցելու են շենքը, մասնագետներ են բերելու: Կառույցներից մեկը հոգեբանական կենտրոն է լինելու, մյուսը լինելու է վերականգնող բժիշկների մասնագիտացման վայրը, իսկ երկարաժամկետ ծրագիրը նախատեսում է 1000 քմ տարածքով երկհարկանի վերականգնողական կենտրոն` բոլոր նորագույն սարքավորումներով, ջրավազանով: Մենք փորձում ենք ներդրողներ բերել, մարդկանց առաջարկում ենք համագործակցության հարթակ»:

Սուրեն Արեենցը հավաստիացրեց, որ իրենց կենտրոնն ունենալու է մեծ այգի, մի բան, որից զուրկ են մյուս կենտրոնները եւ փակ սենյակներում է տեղի ունենում տղաների բուժումը: «Հոգեբանական բուժումը փակ պատերի ներսում ավելի պակաս արդյունավետ է, քան այն կենտրոնում, որը կունենա այգի, ձկնաբուծարան, փոքրիկ արտադրամաս: «Մեգերյան կարպետի», Նաիրա Նիազյանի «Մատնոցի», «Բարբի շոփի» եւ այլոց հետ ունենք համագործակցություն, նաեւ արեւային էներգիա է արտադրվելու, որի մեծ մասը վաճառվելու է, եւ գումարն ուղղվելու է տղերքի բուժմանը: Մենք փորձում ենք տղաների հետ բիզնես կենտրոն ստեղծել, որի ֆինանսավորման մի մասով կենտրոնը կկարողանա ապահովել զինվորների բուժումը: Տղաները կսովորեն մասնագիտություն, իրենց ընտանիքի անդամները կաշխատեն: 4000 քմ-ն այգի է լինելու, 2000 քմ-ն նախատեսված է շինությունների համար: Ոչ մի ներդրում չի փոշիացվելու, շրջանառության մեջ է դրվելու»,-ասաց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Սուրեն Արեենցի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
09.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728