Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնալիք՝ տարածաշրջանի բոլոր երկրների համար

Փետրվար 10,2021 12:00

Թուրքիայի զինված ուժերն ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններ են անցկացնում ՀՀ սահմանի մոտ

Փետրվարի 1-12-ը Թուրքիան ու Ադրբեջանը հերթական համատեղ զորավարժություններն են անցկացնում Կարսում՝ Հայաստանի սահմանին մոտ։

«Դրանց նպատակն է համակարգել երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում», – օրերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով՝ զորավարժություններին կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, թնդանոթներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ջոկատներ ու ուղղաթիռներ։ Նախատեսվում է նաեւ փորձարկել թուրքական ու ադրբեջանական բանակների ստացած նոր սպառազինությունները։ Զորավարժությունների նպատակն է՝ համատեղ գործողությունների անցկացման ժամանակ ապահովել համագործակցությունը եւ համակարգումը, նոր զինատեսակների դաշտային փորձարկումները։

Մինչ զորավարժությունների մեկնարկը Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի պաշտպանության փոխնախարարը՝ Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացմանը մասնակցելու։ Հյուրընկալելով թուրք բարձրաստիճան զինվորականին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին խոսել էր երկուստեք ռազմական կապերը ամրապնդելու եւ ընդարձակելու մասին, պնդելով, թե դա նպաստում է ոչ միայն երկու երկրների շահերին, այլեւ՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Թուրքիայի զինված ուժերի համար սրանք վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններն են՝ Ադրբեջանի զինված ուժերի, տանկային ստորաբաժանումների, դիպուկահար խմբերի, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմի, հատուկ ջոկատայինների եւ օդուժի ներգրավմամբ։ Զորավարժությունների մյուս խնդիրներից է զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ հրաձգությունը ձյան հաստ շերտի եւ սաստիկ սառնամանիքի պայմաններում, ձմեռային պայմաններում մարզումների կատարելագործումը եւ այլն։ Զորավարժությունների ընթացքում մշակվում են նաեւ գրոհներ, օդային հարձակման գործողություններ:

Նույնիսկ թուրքական մամուլը, օրինակ՝ իշխանամերձ «Ahaber» լրատվամիջոցը չի թաքցրել, որ ընթացող զորավարժությունը՝ ուժի ցուցադրում է Հայաստանին։ Ձմեռային այս վարժանքները նորություն չեն, մի քանի տարի երկու երկրների զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Սակայն պարզ է, որ Արցախում վերջին պատերազմից հետո, ներկայումս տարածաշրջանում ձեւավորվող նոր իրողությունների պայմաններում այս զորավարժությունների նկատմամբ ուշադրությունն առավել մեծ է թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում շահեր հետապնդողների համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից մեկուկես ամիս անց Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ «Ձմեռ-2021»-ը զորավարժության իրական նպատակները, թերեւս, ոչ միայն Հայաստանին, այլեւ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանին է ուղղված:

Մի կողմից Թուրքիայի իշխանությունները պարծենում են Ռուսաստանի հետ արդյունավետ մոնիթորինգային գործունեության հիմքով, մյուս կողմից՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի սահմանին ձմեռային զորավարժություններ անցկացնում պատերազմի ավարտից 3 ամիս անց: «Հայաստանի սահմանների մոտ իրականացվող զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ», – օրեր առաջ հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Առհասարակ, պետք է նկատել, որ պատերազմի ավարտից հետո էլ ոչ միայն չի դադարում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությունը, այլեւ՝ խորանում է: Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն, որն օրեր առաջ Ադրբեջան էր ժամանել, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել էր ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Տարածաշրջանում ռազմական-ռազմավարական իրավիճակին չՈջպՑՈ.ru-ում անդրադարձել էր ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը՝ նկատելով. «Կասկած չկա, որ Կարսում անցկացվող զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարների եւ շտաբների հմտությունները՝ ռազմական գործողությունները, ինչպես նաեւ զորքերի հրամանատարությունն ու վերահսկողությունը նախապատրաստելն ու վարելը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների եւ զորամասերի գործողությունների համաձայնեցվածության բարձրացմանը: Հիմնական խնդիրը զորքերի դաշտային պատրաստվածությունը եւ զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման վերահսկողական հարցերի բարելավումն է: Այս առումով հետաքրքիր են ոչ այնքան սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք, ըստ էության, երկու երկրների զինված ուժերի համատեղ մարտական եւ օպերատիվ պատրաստության սովորական տարր են (եւ որոնք, ինչպես թվում է, չեն հանգեցնի որեւէ ցնցումների Անդրկովկասում): Ավելի կարեւոր է մեկ այլ հարց՝ ինչպես կզարգանա ռազմաքաղաքական իրավիճակը այս պայթյունավտանգ տարածաշրջանում մոտ ժամանակներս»:

Հեղինակի կարծիքով, «մոտ ապագայում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հզորությունը միայն կմեծանա, դրան կնպաստեն ինչպես երկրի սեփական տնտեսական համալիրի հնարավորությունները, այնպես էլ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքը:
Ռազմատեխնիկական համագործակցությունը Բաքվի եւ Անկարայի միջեւ ընթանալու է բացառապես աճող հետագծով: Եվ եթե նախորդ տարի Ադրբեջանի կողմից ռազմաօդային ուժերը եւ բանակի ավիացիան գործնականում չեն մասնակցել զինված բախմանը, ապա այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շատ մոտ ապագայում Բաքուն նման հնարավորություններ կունենա»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ հեղինակի. «Մարտունակ զինված ուժեր ստեղծելու Երեւանի հնարավորությունները տարեցտարի նվազում են։ Նախ` բավարար քանակությամբ ժամանակակից զենք, ռազմական եւ հատուկ տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չկա: Դրա համար հանրապետության բյուջեում միջոցներ չկան: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ում Երեւանի դաշնակից Ռուսաստանը չի կարող Հայաստանին բավարար քանակությամբ ապառիկ, առավել եւս՝ անվճար զենք տրամադրել: Ինչ վերաբերում է զենքի հնարավոր այլ մատակարարներին, ապա այս պարագայում նրանց պետք է վճարել բացառապես «իրական» փողերով, ինչը Հայաստանը բավարար քանակությամբ չունի»: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա հեղինակի համոզմամբ՝ «Մի կողմից, Մոսկվան Երեւանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, մյուս կողմից՝ Կրեմլը պատճառ չունի բարդացնելու հարաբերությունները Բաքվի հետ: Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի Դաշնության տարածքում կա մեծ ադրբեջանական սփյուռք, որը ամուր ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության մեջ: Եվ բացի այդ, ներկա փուլում Մոսկվան տնտեսապես, ֆինանսական եւ նույնիսկ ռազմական առումով այնքան ուժեղ չէ այս տարածաշրջանում անվերապահ գերակայությունը վերականգնելու համար»:

Արցախում պատերազմից հետո Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում ակնհայտորեն մեծացել է: Ակնհայտ է, որ վերջին պատերազմում աջակցելով Ադրբեջանին, ղարաբաղյան հակամարտությունում որպես կողմ իրեն հայտարարելով՝ Էրդողանը հիմքեր դրեց թուրքական ազդեցության աճի համար: Այսօր բազմաթիվ փորձագետներ են արձանագրում Ադրբեջանի ինքնիշխանության կորուստն ու Ադրբեջանի իշխանական վերնախավի «թուրքացման» գործընթացը:

Իր հերթին, Թուրքիան չի էլ թաքցնում իր հավակնությունները: Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «Arab News» օրաթերթն օրերս անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի վարած ծավալապաշտական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է իրեն Օսմանյան պետության իրավահաջորդ զգալ նաեւ տարածքային նկրտումների առումով։ Ըստ արաբ հոդվածագրի դիտարկման՝ տարածաշրջանում մեկ այլ ուժ կա, որին պետք է հսկողության տակ առնել եւ այդ ուժը Էրդողանի ղեկավարած Թուրքիան է: Լրագրողի փոխանցմամբ՝ Թուրքիան ներկայացնում է որպես սպառնալիք տարածաշրջանային բոլոր երկրների համար, քանի որ ցանկանում է իր ազդեցությունն ուժեղացնել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում եւ այդ նպատակով ռազմական օգնություն է ցուցաբերում Կատարի ու Լիբիայի իր դաշնակիցներին եւ Ադրբեջանին։

Նկատենք, որ փետրվարի 4-20-ը Թուրքիայի եւ Պակիստանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացնում Պակիստանի Թարբելա բնակավայրում։ Թուրք զինվորականները զորավարժությանը մասնակցելու համար Պակիստան են մեկնել փետրվարի 4-ին։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ զորավարժությունները Պակիստանի եւ Թուրքիայի միջեւ անցկացվում են 1998թ.-ից։ Թուրքիայում անցկացվող զորավարժությունները կոչվում են «Ջիննահ» (Պակիստանի հիմնադիր ղեկավար համարվող Մուհամմադ Ալի Ջիննահի անվամբ), իսկ Պակիստանում անցկացվողը՝ «Աթաթյուրք»։

Նկատենք, որ անցյալ ամիս Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ հուշագիր ստորագրվեց: Իսլամաբադում Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հանդիպել էր Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշի հետ։ Նշյալ հանդիպմանը նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել միջազգային հարցերի վերաբերյալ փոխադարձ շահերի համար համատեղ ռազմավարություն որդեգրելու հարցում:

Նախարարների հանդիպումից հետո միջգերատեսչական հանդիպում էր կայացել, որի ընթացքում Թուրքիայի ԱԳ ղեկավարի եւ Պակիստանի կրթության նախարարի միջեւ «Թուրքիայի կրթության հիմնադրամի» կարգավիճակի եւ գործունեության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել: Նշյալ հուշագրով «Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանում հանրային հաստատության կարգավիճակ է ստանում, ինչպես նաեւ պաշտպանվում են Պակիստանում այդ հիմնադրամի ներդրումները: Այս հուշագրով նախատեսվում է ընդլայնել այդ հիմնադրամի գործունեությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են դպրոցական, համալսարանական, ուսանողների փոխանակման, կրթական եւ մշակութային կենտրոնների ծրագրերն ու կրթաթոշակները: Ըստ haber7.com -ի՝ «Թուրքիայի կրթության հիմնադրամը» Պակիստանի 10 տարբեր քաղաքներում գտնվող 27 համալսարանների ավելի քան 12.000 ուսանողի կրթություն է տալիս: Հիմնադրամն այդ երկրում նաեւ ունի ուսանողական 9 հանրակացարան եւ ավելի քան 1800 աշխատող:

Շարունակությունը՝ վաղվա համարում:


Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728