Հայաստանը թողարկել է 750 մլն դոլարի եվրոբոնդեր՝ 10 տարի ժամկետայնությամբ, 3.8% եկամտաբերությամբ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցրել է՝ թողարկված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երբեք այդքան բարձր չի եղել:
Նա նշել է, որ այս պահի դրությամբ համաշխարհային ֆինանսական ինստիտուտների եւ ներդրողների մոտ մեծ գումար կա կուտակված, եւ իրենք նայում են, թե որտեղ կարելի է ներդրում անել: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը եվրոբոնդերի թողարկման համար առանձնապես ուրախալի բան չի տեսնում։ Միջազգային շուկայում եվրոպարտատոմսերի տեղաբաշխումը նախ ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը 750 միլիոն դոլարով։ Առանձին խնդիր է այդ պարտքի սպասարկումը։
«Առավոտ»-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց՝ պարտատոմսերի թողարկման ռիսկերից առաջինը պետական պարտքի ավելացումն է, այսինքն՝ մակրոտնտեսական ռիսկ է, որն ուղղված է պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Իսկ 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը 341.4 միլիարդ դրամ է, որի զգալի մասը, ըստ տնտեսագետի, ծածկվելու է վարկային փոխառությամբ՝ պետական արժեթղթերով։
Պարոն Մարգարյանը հիշեցնում է՝ նախկինում էլ եվրոբոնդեր թողարկել ենք, մի դեպքում՝ 700 միլիոնի, մյուս դեպքում՝ 500 միլիոն դոլարի. «Այս մեկը տաս տարով է, ավելի ցածր տոկոսադրույքով է։ Այսինքն, տոկոսները, որոնք վճարելու են գնորդներին, ավելի ցածր է, բայց այսօր այդ կարգի արժեթղթերը ավելի էժան են տեղաբաշխվում, նույնիսկ ՌԴ-ի նման երկրները առավելագույնը 2%-ով են տեղաբաշխում։ Այնպես որ, ոգեւորվելու առանձնապես առիթ չկա»։
Կարդացեք նաև
Տնտեսագետի խոսքով՝ մեր երկրի բյուջետային վիճակն ու պարտքային բեռն այնքան են մեծացել, որ կառավարությունը ստիպված է բավականաչափ թանկ փոխառություն իրականացնել, տվյալ դեպքում եվրոբոնդերի միջոցով, որպեսզի կարողանա սպասարկել նախկին պարտքն ու կարողանս ընթացիկ ծախսերը սպասարկել՝ աշխատավարձեր, կենսաթոշակներ, նպաստներ եւ այլն։ Այսինքն, այս 750 միլիոն դոլարը միջազգային բորսայից ներգրավվում է, որպեսզի կառավարությունն իր բյուջետային խնդիրները լուծի։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի վերջին մեր երկրի պետական պարտքն արդեն մոտեցել էր 8 միլիարդ դոլարի շեմին, ավելի կոնկրետ, նշված ժամանակահատվածում մեր պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 947 միլիոն դոլար, այդ թվում՝ 6 միլիարդը արտաքին պարտքն է, իսկ 1 միլիարդ 943 միլիոն դոլարը ներքին պարտքն է։ Անցյալ տարվա 11 ամիսներին, 2019 թվականի 11 ամիսների համեմատ, պետական պարտքը, դոլարով ավելացել է 8.5%-ով կամ 626.2 միլիոն դոլարով։
«Մեծ հաշվով, սա ընդհանուր ռիսկային իրավիճակ ստեղծող հանգամանք է։ Թերեւս, քաղաքական իշխանության համար քաղաքական տեսանկյունից այն ապահովում է բյուջեի հավասարակշռությունը, բայց մյուս կողմից մեծացնում է դեֆիցիտը։ Այս տարվա վերջին բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, աննախադեպ է, այսպես ասած՝ կայունության նշաձողը՝ կայուն մակարդակը, պետք է 3% լինի, բայց այն տարեվերջին կարող է գերազանցել 7,5%-ը։ Այսպիսի բյուջետային ճեղք ունեն թույլ զարգացած երկրները, աֆրիկյան երկրները։ Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, երբ սուվերեն դեֆոլտի ռիսկ է առաջանում, անվճարունակության ռիսկ»,-ասաց պարոն Մարգարյանը։
Իսկ պարտքը սպասարկելու եւ բեռը թեթեւացնելու համար տնտեսական զգալի աճ է հարկավոր։ Տնտեսագետի դիտարկմամբ՝ մեծ ջանքեր են պետք, որպեսզի քաղաքականության գործիքակազմերը, հատկապես խթանող գործիքակազմերը, նաեւ նոր գործիքներն այնպես ներդրվեն եւ կիրառվեն, որպեսզի հնարավոր լինի աշխուժացնել տնտեսությունը՝ նոր աշխատատեղեր, նոր եկամուտներ գեներացնելու հնարավորություններ ստեղծվեն։
Ատոմ Մարգարյանը հիշեցրեց ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, որն այդպես էլ էական արդյունք չարձանագրեց։ Տնտեսագետի կարծիքով՝ պետական բյուջեի մուտքերն ավելացնելու միջոց կարող է լինել նաեւ այդ ապօրինի ակտիվների բռնագանձման գործընթացը, որը երեք տարի առաջ խոստացել էր այս իշխանությունը. «Հիմա պետք է ակտիվ, եռանդուն քայլեր ձեռնարկեն, որպեսզի միջոցների մի մասը հնարավոր լինի հետ բերել, եւ այդ ճեղքը, կամ եկամուտներ-ծախսեր լուրջ խզվածքը հնարավոր լինի փակել նաեւ այդ գործոնի հաշվին։ Մինչդեռ այս կառավարությունը կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի փոխարեն, անձերի թիրախավորված պայքար էր տանում»։
Այս տարի էլ դժվար է լինելու, տնտեսագետի կարծիքով՝ համաճարկն ու պատերազմը, հետպետազմական շոկերը շարունակվում են, գլոբալ տնտեսությունն էլ գտնվում է շոկային վիճակում, արտաքին ազդակներն էլ բացասական են. «Այսօր հիմնական խնդիրը՝ գլոբալ եւ լոկալ առումով, ներդրումների խթանման եւ աշխուժացման խնդիրն է, բայց մենք տեսնում ենք, որ դեռեւս 3-րդ ալիքի հարվածներն են եվրոպական տնտեսության մեջ, նույնը՝ ՌԴ-ում է։ Մյուս կողմից էլ տարածաշրջանում լարվածությունը դեռ պահպանվում է։ Արցախում տարածքների կորուստը միայն պարզապես տարածքներ չէին, դրանք տնտեսական մեկ համակարգի մեջ, օրգանապես ինտեգրված համակարգեր էին եւ սա մեծ հարված է ոչ միայն տարածքային կորուստների, ոչ միայն լոկալ տնտեսական, տարբեր ենթակառուցվածքների, էներգետիկ հզորությունների, դա շատ մեծ հարված էր նաեւ ՀՀ սահմանային ռեսուրսների եւ արտադրությունների ապահովությանը։ Այս ամենը եւս ազդելու է առաջիկա զարգացումների վրա։ Եւ բնականաբար, տնտեսական 3,2% աճն իրատեսական է, քանի որ անկումն այնքան խորն էր, որ այդ բազայի վրա հնարավոր է որոշակի աճ ունենալ։ Բայց պետք է համակարգային նոր, ավելի կայուն վիճակի անցում ապահովել, զարգացման նոր տեսլական ունենալ, տնտեսական ծրագրեր գեներացնել։ Սա բավականաչափ լուրջ քաղաքական ֆունդամենտ է պահանջում, որը չի երեւում քաղաքական եւ պրոֆեսիոնալ կադրերի առումով։ Խորհրդարանն ու գործադիրն այսօր նման կարողություններ՝ հակաշոկային, հակաճգնաժամային, չունեն, ռեսուրսներ՝ նույնպես»։
Տնտեսագետն այն կարծիքին է, որ հասարակությունն էլ պետք է շոկային իրավիճակից դուրս գա, եւ որոշակի լավատեսական վարքագիծ դրսեւորի, գումար ծախսի, ներդրումներ անի. «Սակայն, այսպիսի տրանսֆորմացիայի համար քաղաքական իշխանությունը պետք է փոխվի, պետք է արտահերթ ընտրություններ լինեն, այս կաբինետը պետք է հեռանա, նրանք սպառված են, նրանց նկատմամբ վստահության ռեսուրսը սպառված է։ Պետք է ավելի լայն շրջանակների ներգրավել քաղաքական եւ տնտեսական կառավարման գործընթացների մեջ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.02.2021